Չինաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները 99,1 տոկոսով վերսկսել են իրենց աշխատանքը

Չինաստանում համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեիը:

«Մայիսի 18-ի տվյալների համաձայն, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծանրաբեռնվածությունը 99.1 տոկոս է, իսկ աշխատակիցների՝ աշխատատեղեր վերադարձի գործակիցը կազմում է 95.4 տոկոս: Ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել սովորական մակարդակին»,-հայտարարել է նախարարը:

Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի արագ տարածմամբ պայմանավորված, անորոշությունն ու անկայունությունը տարբեր ոլորտներում մեծացել է: Արտադրության ոլորտը դեռ բախվում է մեծ դժվարությունների, իսկ արդյունաբերության ու տնտեսության վերականգնման համար դեռ ժամանակ կպահանջվի: