Հոկտեմբերից ՀՀ քաղաքացիները կստանան նաև COVID պատվաստանյութի եվրոպական QR կոդը․ «Արմեդ»-ում վերջին շտրիխներն են արվում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը

– Պարո՛ն Մանուկյան, «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2017 թվականից, բայց լայն հանրությանը հայտնի դարձավ կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբից։ Կներկայացնե՞ք՝ ինչ է այն իրենից ներկայացնում։

– Սկզբնական շրջանում «Արմեդ» առողջապահական էլեկտրոնային համակարգը օգտագործվում էր պետպատվերի իրականացման և վերահսկման համար, ինչպես նաև սոցփաթեթի վերահսկման հարցում։ Օրինակ՝ գյուղական ամբուլատորիայի բժշկից քաղաքացին ուղեգիր է ստանում, որ գնա պետպատվերով պլանային վիրահատության։ Մարդն ուղեգրով գալիս էր Երևան ու սկսում թակել հիվանդանոցների դռները վիրահատվելու համար, և հիվանդանոցներն ասում էին՝ տեղ չունեն, և մարդը մնում էր առանց վիրահատության։ 

Արդյունքում՝ առողջապահության նախարարությունը որոշեց բժշկական ուղեգրերը տրամադրել «Արմեդի» օգնությամբ, և այս դեպքում քաղաքացու ուղեգրի հաստատումները կատարվում էին sms կոդերի միջոցով։ Քաղաքացուն հսկող բժիշկը կարող է այդ կոդերով մտնել «Արմեդի» համակարգ, տեսնել բուժհիմնարկների կատարողականները, իմանալ՝ ո՛ր բուժհիմնարկում է հնարավոր պետպատվերով վիրահատվել, ընտրել կոնկրետ ամիսը և այդ ժամանակ ուղեգրել հիվանդին վիրահատության։ 

Այս պարագայում դրականն այն էր, որ գտնվելով իր տանը՝ քաղաքացին էլեկտրոնային եղանակով հերթագրվում էր, հիվանդանոցի կողմից ստանալով հաստատում, ֆիքսում էր օր ու ժամ և այդ ժամանակ գնում, վիրահատվում է։ 

Նույնը մամոգրաֆիայի ոլորտում․ օրինակ՝ գյուղերում կանանց հետազոտում, նկարում են, դրա արդյունքը էլեկտրոնային եղանակով ավտոմատ գալիս է Ուռուցքաբանության կենտրոն, որտեղ տեսնում են ու շատ արագ ախտորոշում։ Եթե կնոջ մոտ կա կրծքի քաղցկեղի ռիսկ, ապա արագ կանչում են կնոջը, և ուղղորդումներ են կատարվում։ 

Շատ դեպքերում պարտադիր չէ, որ քաղաքացին շփվի «Արմեդ» համակարգի հետ, և շփումը կատարվում է բժշկի միջոցով։ Առողջապահության նախարարության ու բուժհիմնարկների հետ մենք անընդհատ սերտ աշխատում ենք, նրանցից ստանում ենք հրահանգներ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարվեն համակարգում, ու անընդհատ փորձում կատարելագործել համակարգը։

– Շատ լավ, ինչպե՞ս է համակարգն աշխատում կորոնավիրուսային համավարակի ժամանակ։

– «Արմեդը» մի ամբողջական խոշոր համակարգ է, և կորոնավիրուսային համավարակի հետ կապված ամբողջ իրավիճակը այդ համակարգի մի մասն է այժմ կազմում՝ սկսած թեստավորումից մինչև պատվաստում։ Մարդը թեստավորվում էր, ունենում շտրիխ կոդ, հետո, երբ թեստը դրական էր, ոստիկանության միջոցով կապ էր հաստատվում նրա հետ, պարզվում էին կոնտակտավորները, և իրականացվում էր մեկուսացում։ 

Նմուշառումն իրականացվում էր բացառապես «Արմեդ» համակարգով, ինչի արդյունքում անձը ստանում էր իր համարը։ Համակարգի միջոցով ընտանեկան բժիշկը լրացնում էր հիվանդի պահանջվող տվյալները, և արդյունքում որոշվում էր՝ ում առաջնահերթ հոսպիտալացնել, ում՝ ոչ։ 

– Իսկ պատվաստման փուլն ինչպե՞ս է իրականացվում։

– «Արմեդ»-ում ֆիքսվում են երկիր մտնող բոլոր տեսակի պատվաստանյութերի խմբաքանակը և նաև՝ որ մարզ, քաղաքային որ պոլիկլինիկա որքան է ուղարկվում, ինչպես նաև՝ որ քաղաքացուն այդ պատվաստանյութը ներարկեցին։ 

– Իսկ հնարավո՞ր է բժիշկը չներարկի անձին պատվաստանյութ, բայց «Արմեդ» համակարգում անձը ներկայացվի որպես պատվաստված։

– Եթե բժիշկը ֆիզիկապես մարդուն պատվաստանյութ չներարկի, բայց գրի, ներկայացնի, որ ներարկել է, ապա, այո՛, համակարգը կճանաչի նրան պատվաստված։ Բայց բժիշկը պետք է պահեստից այդ սրվակը հանի, կոտրի, մեջից վերցնի նյութը, չի կարող պատվաստանյութը թողնել պահեստում և գրել՝ պատվաստել է։ 

Մարմնի մեջ նյութի ներարկումը մենք չենք տեսնում, բայց իհարկե հնարավոր է պատվաստված չլինելը պարզել անալիզների միջոցով, և նույն անձի տվյալներով պարզել նաև, թե որ բժիշկն է կեղծել պատվաստման փաստը։ Այսինքն՝ բժիշկը պետք է լավ մտածի այդ քայլին գնալուց առաջ, որովհետև եթե հանկարծ պարզվեց, որ անձը պատվաստված չէ, ապա նրան բացահայտելը շատ հեշտ է։

– Պարո՛ն Մանուկյան, խնդրում եմ ներկայացրեք նաև QR կոդերի հետ կապված խնդիրը։ ԵՄ երկրները չեն ընդունում Հայաստանում պատվաստված լինելու փաստը։ Ինչո՞ւ և ե՞րբ է հնարավոր,խնդիրը կարգավորել։ 

– Ի՞նչ է QR կոդը։ Դա անձի պատվաստման մասին տեղեկությունն է, որը գրանցված է բացառապես «Արմեդ» համակարգում։ Եթե մարդը Հայաստանում է պատվաստվել, ապա նրա տվյալները միայն «Արմեդ»-ում են։ QR կոդը կեղծել հնարավոր չէ։ Այն հնարավոր է սքանավորել, դա մի տեսակ կնիք է, որը վավերացնում է մարդու պատվաստված լինելու հանգամանքը։ QR կոդը ունի հատուկ կոդավորած բանալի, որը աշխարհում ունի միայն տվյալ կազմակերպությունը, այս դեպքում՝ «Արմեդը», իսկ բացող բանալիները շատ են, բացում են, որպեսզի հավաստիանան՝ անձը պատվաստվա՞ծ է, թե՞ ոչ։

Ինչ վերաբերում է ԵՄ QR կոդերին, ապա դրանք շատ ավելի լավն են։ Պատկերավոր բացատրեմ՝ ԵՄ բոլոր երկրներն ունեն իրենց կոդավորված բանալիները, որոնք պահում են հատուկ սերվերում։ Այդ սերվերում բոլոր երկրները դնում են իրենց բացող, կոդավորված բանալիները։

– Հիմա ինչպե՞ս է առաջանում խնդիրը, երբ Հայաստանի QR կոդը չի ճանաչում ԵՄ երկիրը։

– Դա մեծ հաշվով խնդիր չէ։ Դա ուղղակի պրոցես էր, երբ անձը ԵՄ երկրում ցույց էր տվել «Արմեդի» QR կոդը, և նրան ասել էին, որ դա վավեր է միայն Հայաստանում։ Օրինակներ կան, երբ ԵՄ որոշ երկրներ, օրինակ՝ Ավստրիան, սքան են արել Հայաստանի QR կոդը, որը տարել է «Արմեդի» համակարգ, տեսել են՝ վավեր է, թույլ են տվել մուտք գործել սահման։ 

Իսկ ահա Ֆրանսիան ավելի կոշտ դիրքորոշում ունի։ Այնտեղ պահանջում են, որ Հայաստանում պատվաստանյութի QR կոդը գեներացված լինի եվրոպական ստանդարտով։ Բայց այդ խնդիրը շուտով կկարգավորվի, բանակցությունների մակարդակում հարցը լուծվել է, ընթանում են տեխնիկական աշխատանքներ, գրեթե վերջին փուլն է, և հոկտեմբերից կսկսեն ստանալ նաև ԵՄ երկրների համար պահանջվող պատվաստանյութի QR կոդը։

– Իսկ ի՞նչ է լինելու մինչև հոկտեմբեր պատվաստված քաղաքացիների հետ, նրանք և՞ս ստանալու են եվրոպական QR կոդեր։

– Նրանք ևս անպայման կստանան։ Այդ մասին իհարկե կհայտարարվի։ «Արմեդը» կտրամադրի պատվաստման մասին հավաստիացնող եվրոպական QR կոդերը՝ անկախ նրանից՝ պատվաստումը մայիսին է արվել, թե ավելի վաղ։ Հավանաբար կամ «Արմեդի» հավելվածում կստեղծվի առանձին բաժին՝ եվրոպական QR կոդով, կամ կստեղծվի առանձին հավելված եվրոպական QR կոդի համար։ Երբ ուզում ես պատվաստվիր, քո եվրոպական QR կոդը կստանաս։

Եթե անձը պատվաստվել է Հայաստանից դուրս, ապա այդ կոդը պետք է ստանա այն երկրում, որտեղ պատվաստվել է։ Մենք չենք կարող տալ սերտիֆիկատ մի բանի համար, որը մեր երկրում չի կատարվել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am