«Մարդիկ սկսել են ավելի քիչ օծանելիք գնել. աղքատությունը շատ է»․ օծանագործը Հալեպից Էջմիածին՝ անցյալի քաղցր հուշերով

25 գրամ սպիրտ, 5 գրամ յուղ, 1 կաթիլ բուրմունքը պահող նյութ և վակուումի սարքի միջոցով տարայի մեջ է լցվում օծանելիքը։ Ահա այսպես են 11 տարի սկսվում և ավարտվում օծանագործ Գայանե Տերտերյանի օրերը, որ 2011-ին Սիրիայում սկիզբ առած պատերազմի հետևանքով ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք: Ասում է՝ օծանելիք ստեղծելու հմտությունները, գաղտնիքները և, ամենակարևորը՝ սերը, ձեռք է բերել արաբ ժողովրդից՝ Սիրիայում ապրելու տարիներին։

Այսօր Էջմիածին քաղաքի Թումանյան 0/5 հասցեում գտնվող փոքրիկ խանութ սրահում այբբենական կարգով կողք կողքի շարված են 900 տեսակից ավելի օծանելիքներ և անուշահոտ յուղեր, որ ներս են կանչում իրենց բույրը փնտրող այցելուներին։ 

«Օծանելիքները, բույրերը կապ ունեն մարդու տրամադրության հետ։ Եթե, օրինակ՝ բարկացած եք, ձեզ կարող են դուր գալ նեյտրալ կամ դառը հոտերը, եթե սովորական տրամադրություն ունեք, այդ դեպքում ձեզ դուր կգան ծովային բույրերը։

Սակայն մարդկանց մեծ մասին դուր են գալիս քաղցր բույրերը, որովհետև դրանք հանգստացնող հատկություն ունեն»,- «Մեդիալաբին» պատմում է 48-ամյա Գայանեն ու հավելում՝ բույրերի աշխարհի հանդեպ իր սերը ծնվեց շատ միանգամից և արագ։

Ասում է՝ Սիրիայում ամուսնու՝ Սարգիս Ղոլոգսայանի հետ պատահաբար այցելել  են օծանելիք արտադրող արաբական ընկերություններից մեկը, որտեղ էլ արաբ մասնագետներից մեկը ցույց է տվել օծանելիք պատրաստելու ողջ գործընթացը։ 

Օծանելիք ստեղծելու կախարդական աշխարհը միանգամից հետաքրքրություն առաջացրեց Գայանեի մեջ, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց ինքնուրույն փորձեր անել, նույնիսկ բույրերն իրար համադրելով նորերը ստեղծել՝ բույրերի փնջեր հավաքել: 

Գայանեն ասում է՝ օծանելիքների արտադրությամբ լրջորեն զբաղվելու մտքերը, սակայն, առաջացան ավելի ուշ՝ Հայաստան վերադառնալուց հետո։

2011-ին Գայանեն ընտանիքով այցելում է հայրական տուն՝ Հայաստան, Ամանորը նշելու: Սիրիայում սկիզբ առած պատերազմի հետևանքով որոշում են այլևս չվերադառնալ: 

Գայանեն հիշում է՝ մինչ սիրիական պատերազմն իրենց համար խորթ էին դժվարություններն ու զրկանքները, որովհետև ապրում էին բարեկեցիկ կյանքով։ Սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո ստիպված եղան մոռանալ սրճարաններն ու ռեստորանները, զվարճանքի մյուս վայրերը, իսկ միակ մտահոգությունը դարձավ ապրուսի համար գումար վաստակելը։ 

«Հենց այդ ժամանակ ինձ ասացին՝ ինչո՞ւ օծանելիքի խանութ չես բացում»,- հիշում է նա և հավելում, որ հենց այդ ժամանակ էլ որոշեց օծանելիքի իր անկյունը ստեղծել: 

«Անձամբ եմ ընտրել օծանելիքները, հետո ամուսնուս հետ տարածք վարձակալեցինք ու սկսեցինք մեր գործը»,- «Մեդիալաբին» պատմում է նա:

Գայանեն ասում է, իր համար ամենանախընտրելի ու լավ բույրերն արաբականներն են, որովհետև, ինչպես ինքն է նշում՝ շատ հարուստ են և ունեն բոլոր այն նրբերանգները, որ մարդը կարող է պատկերացնել։ 

Օծանագործը ասում է՝ արաբական բույրերի սիրահար է, առօրյայում օգտագործում է այրած շաքարի բույրով օծանելիքը, իսկ տոնական օրերին՝ փայտի և խնկի բույրովը։

«Արաբականի համեմատ, ինձ համար ֆրանսիական բույրերն այնքան էլ հարուստ չեն, իրենք ամեն տեսակի հոտեր չունեն, իսկ արաբները մինչև անգամ մեռոնի հոտով օծանելիք ունեն։ Ֆրանսիականներն էլ նեյտրալ հոտեր ունեն, որոնք չունեն արաբականները»,- ներկայացնում է Գայանեն ու հավելում՝ որակյալ օծանելիքի գաղտնիքը պահպանման ժամկետի և բարձր յուղայնության մեջ է։

«Ամեն օծանելիք ունի իր հումքը։ Սկզբում արտադրվում է յուղը, հետո պատրաստվում է օծանելիքը, որը բացվում է սպիրտի միջոցով։ Բարձր որակի օծանելիքներում յուղի պարունակությունը 35-40 տոկոս է, իսկ ցածրորակ օծանելիքներում սպիրտի պարունակությունն է ավելի մեծ։ Երկու դեպքում էլ բույրը նույնը կլինի, բայց բարձրորակը երկար կպահպանվի, իսկ ցածրորակը՝ կարճ»,- ասում է Գայանե Տերտերյանն ու հավելում՝ բարձր յուղայնությամբ օծանելիքներ քիչ է պատրաստում, գնորդ չկա։

«Ամենաթանկարժեք յուղի մեկ գրամն արժի 1500 դրամ, եթե դրանով բարձր որակի օծանելիք պատրաստեմ, գրամը կարժենա 1100 դրամ, բայց մարդիկ բարձր որակի օծանելիքներ շատ քիչ են գնում, փոխարենը նախընտրությունը տալիս են միջին որակ ունեցողներին, որոնց գրամը մեզ մոտ 500 դրամ արժի»։

Բույրերի մասնագետն ասում է՝ հայերի շրջանում թյուր պատկերացումներ կան օծանելիքների հետ կապված, որոնց բախվում է գրեթե ամեն օր։

«Գալիս, ասում են՝ ինձ նենց դուխի տվեք, որ գերի, կամ ասում են՝ ֆերոմոնով դուխի տվեք, իսկ ֆերոմոնը քաշող, գերող հատկություն ունեցող նյութ է, որ բոլոր օծանելիքներում էլ կա։

Շատ հաճախ էլ գալիս ու քաղցր հոտ են ուզում։ Ես սկսում եմ առաջարկել բոլոր քաղցր հոտերը, ասում են՝ քաղցր չի, հետո երբ սկսում եմ թարմերը ներկայացնել, պարզվում է, որ իրանց ուզածն իրականում թարմ հոտ էր»,- ասում է մասնագետն ու հավելում՝ ամեն մարդ պիտի ընտրի այն բույրը, որն առաջինը կգերի հենց իրեն։

«Կարևոր չէ, որ օծանելիքը դիմացինին դուր գա, պետք է օգտագործողին դուր գա։ Ամենալավ օծանելիքն էլ, որ կարող են բոլորը օգտագործել, կարող է մեկի մոտ առաջացնել գլխացավ ու նույնիսկ շնչահեղձություն»։

Սիրիայից Հայաստան տեղափոխված ընտանիքը վերադառնալուց հետո ստիպված է եղել բազմաթիվ դժվարություններ կրել։ Օծանելիքի արտադրությամբ զբաղվելու համար 2011 թվականին մեծ վարկ են վերցրել, բացել միանգամից երեք կրպակ՝ երկուսը Երևանում, մեկը՝ Էջմիածնում։ 

Որոշ ժամանակ անց ընտանիքին հաջողվել է մարել օծանելիքների արտադրության համար վերցված վարկը, որովհետև, ինչպես Գայանեն է ասում, խանութների միջոցով կարողանում էին լավ շահույթ ապահովել։ Սակայն, ժամանակ անց Սիրիայից Թուրքիայով տարանցիկ եկող բեռնատարները Թուրքիան առգրավում է, որոնց մեջ է լինում նաև օծանելիքի բիզնեսով զբաղվող ընտանիքի ապրանքը: 

«Դրանից հետո էլի ընկանք վարկերի տակ, փակեցինք Երևանի երկու մասնաճյուղերը, նախ որովհետև չէինք կարողանում այլևս պահել, երկրորդ՝ Երևանում օծանելիքների խանութները շատ են, մրցակցությունը՝ ուժեղ, այդ պատճառով էլ թողեցինք միայն Էջմիածնի մասնաճյուղը»,- ասում է Գայանեն ու հավելում՝ այսօր, սակայն, Էջմիածնի մասնաճյուղը ևս կանգնած է փակման վտանգի առջև։

Գայանեն նշում է, որ մի քանի տարի է՝ ինչ առևտուրն անհամեմատ նվազել է:

«Մարդիկ սկսել են ավելի քիչ օծանելիք գնել, որովհետև գումար չունեն, աղքատությունը շատ է, հուսահատությունը շատ է, դրա համար մեզ համար էլ է դժվար։ Եթե առաջ օրը 30․000 դրամի օծանելիք կարող էինք վաճառել, հիմա օր կա, որ նույնիսկ 1000 դրամի չի վաճառվում»,- իրավիճակն է ներկայացնում նա։

Գայանեն նշում է, որ ընտանիքի առաջ ծառացած սոցիալական դժվարությունների հետևանքով ամուսինը՝ Սարգիս Ղոլոգսայանը, օծանելիքի փոքրիկ խանութը իր տնօրինությանը թողնելով, փորձել է իր ուժերը ամենատարբեր ոլորտներում՝ ավտոնորոգման կետ, ռեստորանային սպասարկման ոլորտ, սակայն չհաջողելով, մի քանի ամիս է՝ մեկնել է Ռուսաստանի արտագնա աշխատանքի։ 

«Սիրիայում ամուսինս մեքենաների շարժիչներ կնորոգեր, որով կարողանում էինք շատ լավ ապրել։ Էնտեղ կյանքն էժան էր, իսկ էստեղ մի կերպ ենք ամեն ինչ հասցնում»,- ասում է Գայանեն ու հավելում՝ թեև եղած դժվարություններին, փորձում են առաջ շարժվել և չհանձնվել։

«Ճիշտ է, հիասթափությունը մեծ է, բայց կուզենք մեր բիզնեսն այնքան զարգացնել, որ կարողանանք օծանելիքների յուղերը արտադրել Հայաստանում՝ մեր սարերի ու դաշտերի ծաղիկներից։ Այ էդ ժամանակ ամեն ինչ ուրիշ կլինի»,- հուսով է Գայանեն։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Սոֆի Խաչատրյանի

MediaLab.am