Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում իր ազդեցությունն հնարավորինս ուժեղացնել. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի նախագահը փաստաթուղթ է ուղարկել խորհրդարան, որպեսզի խորհրդարանը մեկ տարով երկարաձգի Ադրբեջանում թուրքական զինված ուժերի առաքելությունը ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի կազմում: Ո՞րն է նման որոշման նպատակը ձեր գնահատմամբ:

– Սա առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, բայց Թուրքիայի նպատակները պարզ են. Թուրքիայի տեսանկյունից սա Ադրբեջանում ու Հարավային Կովկասում ընդհանրապես իրենց ռազմական ներկայությունն «օրինական» ձևով ունենալու հնարավորություն է: Դա արվում է ռուսների հետ համատեղ, ինչը ևս կարևոր է Թուրքիայի համար:

Եթե սա դիտարկենք Թուրքիայի ռազմավարության տեսանկյունից, պարզ է դառնում հետևյալը. քանի որ Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում իր ազդեցությունն հնարավորինս ուժեղացնել, ապա իր համար պետք է այստեղ ունենալ ոչ միայն խորհրդականներ Ադրբեջանի բանակում, վարձկաններ, որոնց բերեց, այլ նաև «օրինական» առումով այստեղ ունենալ իր զինված ուժերը, ու այս տեսանկյունից էլ դա կարևոր է: 

Մյուս կողմից՝ Թուրքիայի հարավկովկասյան ռազմավարությունը, որի նպատակի մասին ասացի, ներկա փուլում որպես մարտավարություն ընտրել է Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելը, ու դա արվում է Ռուսաստանի հետ համագործակցելով: Սա հենց այդ օրինակն է, որովհետև նրանց համար կարևոր է, որ Ռուսաստանը չխանգարի, որ Թուրքիան իր ազդեցությունը ուժեղացնի տարածաշրջանում, դրա համար էլ Ռուսաստանի հետ որոշակի համագործակցությունը կարևոր է Թուրքիայի համար: 

Այս իրադրությունը ինձ որոշ չափով հիշեցնում է Սիրիայում իրադրությունը, իհարկե ոչ այսօր, այլ սրանից մեկ-երկու տարի առաջ: Սիրիայի տարածքում Ռուսաստանի ու Թուրքիայի զինված ուժերը նույնիսկ համատեղ պարեկություն էին իրականացնում, այնպես որ, այդ մոդելն է, որ ուզում են կիրառել նաև Հարավային Կովկասում, բայց դրա միջոցով չեզոքացնել ռուսների հակազդեցությունը իրենց քաղաքականությանը: 

 – Այսինքն՝ Ռուսաստանը, գոնե այս պահին, դեմ չէ՞, որ Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում մեծանա, կամ Թուրքիան այստեղ ներկայություն ունենա:

– Կարծում եմ, որ դա կախված կլինի այն հանգամանքից, եթե ռուս խաղաղապահների ժամկետը մինչև 2025 թվականը, ինչպես նախատեսվել է, պահպանվի, չնայած նրանց կարիքն ըստ էության չկա: Չկա նաև մոնիթորինգի կենտրոնի կարիքը, բայց կպահպանվի նաև մոնիթորինգի կենտրոնը: Այսինքն՝ ռուսների և թուրքերի միջև որոշակի փոխզիջում կարող է լինել, որ Ադրբեջանը հնարավորություն տա ռուս խաղաղապահներին պահպանել իրենց ներկայությունը՝ թեկուզ փոքր թվով՝ դրա դիմաց ստանալով այդ մոնիթորինգի կենտրոնի պահպանումը: Սա մեր տարածաշրջանում ներկա փուլի իրադրության առանձնահատկությունն է, որ որոշակի առումով ռուս-թուրքական համագործակցության օրինակներ ենք տեսնում:

– Իսկ հնարավո՞ր է, որ Թուրքիայի կողմից դա նաև նպատակ է հետապնդում, օրինակ՝ Հայաստանի դեմ հնարավոր հարձակման:

– Նման պնդում անելու ոչ մի հիմք չկա:

– Պարո՛ն Սաֆրաստյան, վերջերս թուրք-ադրբեջանական տանդեմը հայտարարեց, թե իրենց պետք չէ «Զանգեզուրի միջանցքը», բայց հիմա դարձյալ խոսում են այն մասին, որ Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում՝ մատնանշելով հենց այդ «միջանցքը»: Սա զուտ դիվանագիտական հայտարարությո՞ւն է, թե՞, այնուամենայնիվ, հայկական կողմը որոշակի խոստումներ է տվել՝ ձեր տպավորությամբ:

– Չեմ կարող ասել, որովհետև փաստ չկա, բայց որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի, փաստ է: 

– Իսկ դրան հասնելու համար նրանք կգնա՞ն ռազմական գործողությունների, գոնե այս պահին:

– Այս պահին նրանք դեռ հույս ունեն, որ չեն սպառվել դրան հասնելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունները: Երբ համոզվեն, որ դա արդյունք չի տալիս, այն ժամանակ ավելի իրական կդառնա նրանց կողմից ռազմական լուծումը: 

Այսօր նրանց համար ռազմական լուծման գնալն իմաստ չունի և՛ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, և՛ նրանով, որ իրենք պատերազմում հաղթել են և ուզում են, որ իրենց պարտադրած լուծումը պաշտոնական փաստաթղթի տեսք ստանա, չեն ուզենա «միջանցքը» դրա հետ կապել: 

Նրանց համար կարևոր է հիմա զիջումներ ստանալ խաղաղության պայմանագրի մասով, որից հետո կանդրադառնան այդ հարցին: Սա իմ ենթադրությունն է, և հնարավոր է, որ սխալվում եմ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am