Պատերազմի ավարտից հետո մարտերի գոտուց հայկական կողմը դուրս է բերել զոհվածների ավելի քան 600 մարմին

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայկական կողմը դուրս է բերել զոհված հայ զինծառայողների ավելի քան 600 մարմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևորագույն խնդիրներից մեկը մեր անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Այս գործընթացը, նույնպես, թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումն է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում: Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին և ավելի քան 500 մարմին այս պահին գտնվում է ճանաչման փուլում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ, մեծ հավանականությամբ, այս մարմիններն անհետ կորած համարվող հայ զինծառայողների մարմիններն են:

«Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը, որը կատարվում է հետևյալ կերպ. Վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը, ցավոք, բավական ժամանակատար է, բայց ուզում եմ նաև ասել, որ նոյեմբերի 9-ից մինչ օրս նույնականացվել է և հարազատներին է հանձնվել 135 մարմին: Այս գործընթացը կշարունակվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ կա անհետ կորածների ևս մեկ խումբ, որոնց հետ կապված հիմա չի ցանկանում բարձրաձայնել, բայց նրանց հետ կապված նույնպես կոնկրետ աշխատանք է տարվում:

«Մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ և սգո օրեր հայտարարել: Կարծում ենք, որ դա ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո: Սա պետք է լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, և այն պետք է ապրենք իրար հետ և իրարով: Սա պետք է լինի մտորումի անցյալի և ապագայի մասին, առավել միտված` ապագային»,- ասաց վարչապետը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այժմ հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն: Դեկտեմբերի 2-ի դրությամբ` ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2718 զոհված զինծառայողի մարմին: