Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և «անվտանգության զարգացման ճակատ» ստեղծելու որոշման մասին

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ամբողջ աշխարհի հայությանը կոչ է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության արմատներն ու հիմքը»։Այս մասին տեղեկացնում է civilnet.am-ը:

«Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է»,- ասել է Վարդանյանը։

Նա նշել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Արցախում ռուսաստանցի խաղաղապահներին․ «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ավելացրել է նա:

Ռուբեն Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։

Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի ուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝ ավելի քան 2 000 տարեկան Տնջրի ծառի մոտ։