Որդեկորույս մայրն ասում է` որդու ձայնն անընդհատ ականջներում է. «Ասում էր՝ մերս, ամեն ինչ լավ ա լինելու»

Որդու մասին խոսելիս մայրը միանգամից հուզվում է: Նարինեն հիշում է՝ Արսենը պատերազմի ամենաթեժ կետերում մարտերին մասնակցելով՝ այդ մասին իրեն ոչինչ չի ասել, հակառակը՝ միշտ հանգստացրել է հարազատներին՝ ապահով տեղում եմ: 

«Խաբում էր, խնայում էր մեզ, ասում էր՝ ամեն ինչ լավ է, հանգիստ, ապահով տեղում եմ»,- հուզվում է 51-ամյա Նարինե Պողոսյանը: 

Որդին՝ 20-ամյա Արսեն Նիկողոսյանը, ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մատաղիսում, որն էլ Արցախյան երկրորդ պատերազմի ամենաթեժ կետերից մեկն է եղել: 

Նարինեն նշում է, որ որդին պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 4-ին, լեյտենանտի կոչում է ստացել, միայն դա է ասել․ «Շատ էր ոգևորվել, զանգեց՝ մե՛րս, տղեդ լեյտենանտ ա»։

Արսենն ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 10-ին: Մայրն ասում է՝ այդ օրը ընտանիքի բոլոր անդամների հետ խոսել է․ «Էդ օրը ասեց՝ 5 օր չեմ զանգելու, չանհանգստանաք, վերջում էլ ասեց՝ մամա՛, ուզում էի ձենդ լսեի։ Ու ես վաբշե չպատկերացրեցի՝ ինչ ա կատարվում»։

Լեյտենանտի կոչում ստանալուց օրեր անց Արսենը զոհվել է: 

«Հոկտեմբերի 13-ին ա դեպքը տեղի ունեցել։ Գրադ ա ընկել և պայթել»,- հուզվում է որդեկորույս մայրը: 

Ընտանիքը պատահաբար է իմացել Արսենի զոհվելու մասին, սակայն չեն հավատացել, քանի որ ոչ մարմինը կար, ոչ որևէ այլ ապացույց:

«Ֆեյսբուքով եղբորս աղջկան են ասել՝ դեպք ա պատահել, բայց չէինք հավատում»,- նշում է Նարինեն ու ասում՝ մինչև դեկտեմբերի 26-ը հույսով ապրում էին, որ որդուն ողջ կգտնեն։ 

«Դեկտեմբերի 26-ին գտանք իրան։ Արսենիս կողքը զինակից ընկերն ա եղել, էդ տղայի պապան թույլտվություն էր ստացել, ծանոթով գնացել ա, որ գտնի իրա տղային։ Իրա տղային ա ուզեցել գտնի, տեսել ա՝ Արսենս ա»,- կսկիծով պատմում է Նարինեն ու ասում՝ ավելի ուշ նաև ԴՆԹ-ով է հաստատվել, որ որդին է։

«Ես արդեն խելագար վիճակում էի, մինչև էդ հույս ունեի, ինչ-որ հույս, բայց էդ ժամանակ հույսս մարեց, հույսս կորավ։ Բայց քանի որ ես իրան չեմ տեսել, մինչև հիմա ոնց որ չհավատամ»,- ասում է որդեկորույս մայրը։

Արսենը ընտանիքի կրտսեր որդին էր։ 

Կատակասեր էր, ընկերասեր, մայրն ասում է՝ մեծ ընկերական շրջապատ ուներ, ու բոլորը շատ էին սիրում Արսենին։

Արսենը սիրում էր երգել, հատկապես հայրենասիրական երգեր։ «Ինքնուս էր, մենք որոշ ժամանակ Մոսկվայում ապրեցինք, իրան հրավիրեցին Եղեռնի զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին երգելու»։

Արսենը նաև սիրած աղջիկ ուներ, որոշել էր բանակից գալ, ընտանիք կազմել։

«Բոլոր երազանքները կիսատ մնացին»,- ասում է ու հուզվում մայրը։

Նարինեն ասում է՝ որդու հետ շատ էր կապված, տղան բոլոր գաղտնիքները կիսվում էր իր հետ։ Մոր ականջում անընդհատ որդու խոսքն է․ «Մե՛րս, ամեն ինչ լավ ա լինելու»։

Նարինեն ասում է՝ Արսենից բացի երկու որդի էլ ունի, բայց ոչ մեկը չի կարող լրացնել Արսենի տեղը։

«Ինձ ասում են՝ երկու տղա ունես, բայց ինքն ուրիշ էր։ Մի կերպ ապրում եմ»,- նշում է մայրը։

Նարինեն ասում է՝ ապրում է որդու մասին հուշերով, որդու հետ անընդհատ զրուցելով։

«Գնում եմ Եռաբլուր, նստում, խոսում եմ իրա հետ, պատմում եմ իմ ամենօրյա կյանքը, ինչ ա կատարվել իմ հետ։ Տանն էլ եմ խոսում, սաղ տունը նկարներն եմ դրել, դրանցով եմ ապրում ու հիշողություններով»:

Արփինե Արզումանյան

MediaLab.am