«Ավելի շատ պետք է ճանաչենք մեր պարտությունը, քան գտնենք ինչ-որ մակերեսային մեղավորների, սլաքները նրանց դեմ ուղղենք ու վերջակետ դնենք». Վարդան Հարությունյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ու 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել։ Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները։

– Շատ բան չունեմ ասելու, ընդամենը վստահորեն կարող եմ պնդել, որ պարտությունները միշտ էլ իրենց հետևից բերում են մեղավորների փնտրտուք, ու այս մարդկանց ձերբակալությունը ես դիտարկում եմ մեղավորների փնտրտուքի համատեքստում։

Բոլորովին պարտադիր չէ, որ այս մարդիկ մեղավոր լինեն մեր բոլոր դժբախտությունների համար, բայց գտնում են կոնկրետ մարդկանց, որոնց դեմ ուզում են ուղղել սլաքները, ինչը դատապարտելի է, ինչը ցանկալի չէ։ Այսօր ավելի շատ պետք է մեր պարտության փաստի հետ հաշվի նստենք, ճանաչենք մեր պարտությունը, խորապես գիտակցենք պատճառները, դրանք վերլուծենք, քան գտնենք ինչ-որ մակերեսային մեղավորների, սլաքները նրանց դեմ ուղղենք ու վերջակետ դնենք։ Դրանով մենք վերջ չենք դնի մեր պարտություններին, ընդհակառակը՝ կարծում եմ, նոր պարտությունների համար ճանապարհ ենք հարթելու։

– Այսինքն՝ համակարծի՞ք չեք հնչող կարծիքներին, որ նմանօրինակ գործընթացները կօգնեն բացահայտելու 44-օրյա պատերազմի պարտության պատճառները։

– Իհարկե համակարծիք չեմ, որովհետև կարծում եմ, որ այդ պարտության բուն պատճառները շատ ավելի խորն են, դրանք գտնվում են մեր ընդհանուր մոտեցումներում։

Հիմա չխոսեմ պատճառների մասին, բայց բոլոր դեպքերում պատճառները շատ ավելի խորն են, իսկ այս մարդիկ ուղղակի մակերեսին երևացող առաջին պատասխանատուներն են, նրանք եղել են հրամանատարներ, և ցանկացած մեկի դեմ, որն այդ պահին եղել է հրամանատար, ցանկության դեպքում կարելի է սլաքներ ուղղել։ Սա նշանակում է, որ պատճառներն խորությամբ ուսումնասիրելու ցսնկություն ուղղակի չկան։

– Պարո՛ն Հարությունյան, ճի՞շտ եմ հասկանում, որ ավելի շատ գործ ունենք ընտրովի մեղադրյալներ կարգելու, ոչ թե փաստերով հիմնավորված դեպքերի բացահայտման հետ։

– Ավելի շատ գործ ունենք իմիտացիայի հետ, թե ուսումնասիրում ենք, պարզում ենք, քան իրական ուսումնասիրության հետ։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրյալների մեծ մասին նախքան մեղադրանք առաջադրելը տրվում են պաշտոններ, պարգևներ։

– Չգիտեմ, չեմ էլ ցանկանում այդ ուղղությամբ խորանալ, որովհետև միշտ էլ այդպես է լինում, մինչև մեղադրանքը ներկայացնելը մարդը եթե պաշտոնյա է լինում, ապա ամեն ինչ էլ հնարավոր է։ Սա այնքան էլ կարևոր չէ։

– Փաստորեն կարծում եք, որ այս մեղադրանքները կապ չունե՞ն պարտության խորքային պատճառների բացահայտման հետ։

– Այո՛, սա նշանակում է խորքային ուսումնասիրություններից խուսափել․երբ գտնում ես առաջին պատահած մեկին, որին կարելի է մեղադրանք ներկայացնել հենց այնպես, ուղղակի «գալոչկայի» համար։

– Այսինքն՝ ընտրում են քավության նոխազնե՞ր, պարո՛ն Հարությունյան։

– Այո՛, այո՛, ընտրում են մարդկանց, որոնցով կարելի կլինի, ըստ իրենց, վերջակետ դնել, բայց վերջակետ չեն կարող դնել, որովհետև հաջորդիվ էլի կարող են լինել խնդիրներ։ Որպեսզի մենք ապագայում չունենանք պարտություն, պետք է պարտության իրական պատճառները հասկանանք։

– Ոմանց մոտ տարակարծությունների տեղիք է տալիս նաև այն, որ նմանօրինակ մեղադրանքներն առաջադրվում են պատերազմից երկու տարի անց միայն։ Նորմա՞լ ժամանակահատված է սա, թե՞ ավելի շուտ էլ հնարավոր էր բացահայտումներ անել։

– Չեմ կարող ասել, քանի որ մեր երկիրն այնպիսի վիճակում է, միշտ էլ կարելի է կասկածներ ունենալ՝ արդյոք դա այսօ՞ր իջեցված պատվեր է, թե՞ հին աշխատանքի արդյունք։ Ես չգիտեմ, թե ի՛նչ կարգի աշխատանքի արդյունքում են այս մեղադրանքներն առաջադրվում, թե հենց այնպես՝ երեկ հանձնարարել են, այսօր անում են, չեմ կարող հստակ ասել։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am