«ՔՊ-ն խմբագրում է ընտրությունների արդյունքները». Անի համայնքում ընտրություններից հետո նոր ընտրություններ են լինելու

Շիրակի մարզի Անի համայնքում, որն ընդգրկում է հարակից 19 բնակավայրեր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ ընտրությունների միջոցով իշխանություն ունենալ, փոխարենը իշխանությունն ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Բանն այն է, որ չեղյալ համարվեցին համայնքում սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների արդյունքները. օրերս Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել այս համայնքի ավագանու լիազորությունները ու ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել: Բայց մինչև ընտրությունները, վարչապետի որոշմամբ, համայնքի ղեկավարի պարտականությունները կկատարի ՔՊ-ական Արման Սարիբեկյանը: Նա սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, սակայն ընտրություններում հաջողություններ չէր գրանցել:

Ընտրությունների արդյունքներով ամենաշատ ձայն (10 մանդատ) ստացել էր «Ազգ-համայնք» դաշինքը, որը գլխավորում էր այս համայնքի երկարամյա ղեկավար, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը, այնուհետև՝ ՔՊ-ն՝ 8 մանդատ և «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 3 մանդատ: Չհաշտվելով արդյունքների հետ՝ ՔՊ-ն և «Հայկական երազանքը» բոյկոտել են ավագանու նիստերը, ինչի հետևանքով համայնքը չունեցավ ընտրված ղեկավար, ավագանու նիստեր չգումարվեցին: Ինչպես Վանաձորի դեպքում, այնպես էլ Անի համայնքում իշխանությունը գտել է ձևը՝ նշանակել իր ներկայացուցչին՝ որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, մինչև կհայտարարվի ընտրությունների օրը:

««Ազգ-համայնք» դաշինքը միայնակ չէր կարող ձևավորել ավագանի ու ընտրել համայնքի ղեկավար, քանի որ նրանց ձայները չէին բավականացնում, ընդամենը մեկ ձայն էր պակասում: Այդպես էլ իշխանական ուժը համաձայնության չեկավ մյուս ուժերի հետ, որպեսզի հնարավոր լիներ կառավարում իրականացնել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում մեկնաբանելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը՝ ասում է ՏԻՄ ընտրություններում մոնիթորինգ իրականացրած ընտրական հարցերով փորձագետ Անտոն Իվչենկոն:

Նա ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող նախագահ Վահագն Հովակիմյանը, դեռևս պատգամավոր եղած ժամանակ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարած փոփոխություններով հնարավորություն է տվել վարչապետին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նաև ավագանու անդամներից որևէ մեկին: «Սա երկրորդ դեպքն է, որ ՔՊ-ն դիմում է նման քայլի, առաջինը Վանաձորում էր»,- հիշեցնում է փորձագետը:

Սեպտեմբերի 25-ին Անի համայնքում ընտրությունների արդյունքները, ըստ Անտոն Իվչենկոյի, ՔՊ-ի համար դրական չեն եղել, սակայն իշխանությունը որոշել է չընտրված թեկնածուին նշանակել համայնքի ղեկավար:

«Այս քայլով նրանք խմբագրում են օրինական ընտրությունների արդյունքները: Ստացվում է՝ Անի համայնքում ընտրություններից հետո նշանակվում են նոր ընտրություններ, և մինչև մարտ ամիսը այս համայնքը ղեկավարելու է ՔՊ-ի թեկնածուն: Սա ահավոր է»,- ասում է Իվչենկոն:

Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը պարտությունն ընդունելու և նոր ղեկավարի հետ հանուն համայնքի աշխատելու փոխարեն ընտրել է ավագանու նիստերը բոյկոտելու մեթոդը, չի մասնակցում դրանց, ու դրա պատճառով Կառավարության որոշմամբ դադարեցվում են ավագանու լիազորությունները. «Շատ վտանգավոր է, երբ դու ունենում ես քաղաքական բոյկոտ անելու և դրա հետ մեկտեղ վարչական շրջանի ղեկավար նշանակելու հնարավորություն»:

Նա ասում է՝ յուրաքանչյուր համայնքում ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու համար պետական բյուջեից գումարներ են ծախսվում, և ստացվում է՝ այս դեպքում ծախսը լինելու է կրկնակի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am