Հայրենիքը չի մոռանա և… չի կարեկցի կամ ցավի հետ սենյակում փակված

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

«Ինչո՞ւ զոհվածների մայրերին պատշաճ հոգեբանական օգնություն չի տրամադրվում». Աշոտ Փաշինյանի և տիկին Գայանեի հետ կապված աղմկահարույց գործի մասին նյութերի մեկնաբանություններում հաճախ կարելի էր կարդալ այս հարցադրումը։

Մարդիկ զայրանում էին, մեղադրում պետությանը, որը պարտավոր էր յուրաքանչյուր զոհվածի հարազատի հոգեբանական օգնություն տրամադրել։ 

Ընդհանրապես պատերազմի մեջ գտնվող հասարակության համար հոգեբանական օգնությունը չափազանց կարևոր է: Անկախ այն բանից՝ մարդն ունի՞, թե՞ ոչ զոհված հարազատ, զգո՞ւմ է, թե՞ ոչ հոգեբանի կարիք, նա պետք է պետության անմիջական ուշադրության ներքո լինի: 

Մեր դեպքում, սակայն, նման բան չկա: 

Չնայած տարատեսակ, հատուկ և ոչ այնքան հոգեբանական աջակցության ծրագրերի, անհերքելի է, որ, օրինակ՝ զոհվածների, անհետ կորածների հարազատները հիմնականում մնացել են առանց լուրջ և տևական հոգեբանական աջակցության: Ինչո՞ւ է այդպես: Արդյոք պետությունը ցանկության դեպքում կարո՞ղ էր լուծել այս հարցը։ Եկեք հասկանանք։

Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ես ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի ամբիոնի մագիստրատուրայում էի սովորում։ 

Անկեղծ ասած, երկրորդ կրթությունը շատ հետաքրքիր փորձառություն է։ Մի բան է, երբ բախվում ես մեր կրթական համակարգին 20 տարեկանում, և այլ բան՝ 30-ից հետո։ 

Մարդիկ, գործընթացը, ծրագիրը քեզ լիովին այլ դիտանկյունից են երևում։ Եվ ի՞նչ տեսա ես կռվի օրերին։ Բուհերը շտապեցին հոգեբանական օգնությանը ներգրավել բազմաթիվ ուսանողների։ 

Երևանի պետական համալսարանը, օրինակ՝ առաջին հոգեբանական օգնության արագացված դասընթաց անցկացրեց, քանի որ տեղահանվածները շատ էին, և յուրաքանչյուր աջակցություն, թեկուզ դեռ անպատրաստ ուսանողից, օդ ու ջրի պես պետք էր։ Այսինքն՝ արհավիրքին, որը մեր գլխին էր ընկել, երկրի, այսպես ասենք՝ «հոգեբանական ոլորտը» բացարձակապես պատրաստ չէր։

Քանակի խնդիր

Մենք պարզապես չունենք բավարար թվով մասնագետներ։ Եկեք պարզ հաշվարկ անենք։ Շատ մոտավոր։ Պատերազմի զոհերի և անհետ կորածների թիվը մոտ 5000 է։ Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր  զոհված ունի առնվազն երկու մոտ հարազատ, որոնց տևական հոգեբանական օգնություն է պետք, ապա մենք կստանանք մոտ 10 հազար  անձ, որոնց հետ պետք է աշխատեին հոգեբանները։ Այս թվին ավելացնենք մոտ 10 հազար  վիրավորներին, որոնցից, ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1500-ը զինհաշմանդամներ են։ Այստեղից էլ համեստ մի թիվ վերցնենք՝ ասենք 2000 շահառու, որոնց պետք է տևական հոգեբանական օգնություն (իրականում մի բան ինձ հուշում է, որ այս թիվը շատ ավելի մեծ պետք է լինի)։

Իսկ եթե այս բոլոր թվերին ավելացնենք տեղահանվածներին և ենթադրենք, որ նրանից առնվազն 3000-ը (իրականում ծիծաղելի փոքր թվեր եմ ասում) հոգեբանի օգնության կարիք ունեն, կստանանք մոտ 15.000 անձ, որոնց հոգեբանական օգնություն է անհրաժեշտ: 

Հաշվի առնելով այն, որ երկրում պատերազմից ուղղակիորեն տուժածներից զատ կան զանազան խնդիրներով տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք նույնպես հոգեբանի կարիք ունեն, արդյոք ֆիզիկապես հնարավո՞ր է դառնում պետության համար կազմակերպել տևական հոգեբանական ծառայության մատուցումը։ Դժվար։ Մենք չունենք բավարար թվով մասնագետներ։ Բայց սա դեռ միայն թվի հարցն է, հիմա անդրադառնանք որակին։

Որակի խնդիր 

Հայաստանի Հանրապետություն հոգեթերապիան մտավ Սպիտակի երկրաշարժից հետո։ Մինչ այդ նյարդաբաններն էին միայն զանազան խնդիրներով զբաղվում։ Փաստացի մենք չենք ունեցել հոգեբանության, հոգեթերապիայի դպրոց։ Անկախության տարիների ընթացքում էլ այս ոլորտին մատների արանքով ենք նայել։  Ըստ այդմ՝ մինչև հիմա չափանիշները, թե ով է հոգեթերապևտը և ինչ կարող է կամ չի կարող անել, շատ աղոտ են։ Չկան հստակ օրենսդրություն և կանոնակարգ։ 

Էթիկայի հարցերը նույնպես ոչ մի կերպ չեն կարգավորվում։ Փաստացի ստացվում է, որ իրեն հոգեբան համարող ցանկացած անձ կարող է զբաղվել «թերապիայով»։  Ի հետևանք՝ չկարգավորվող դաշտը լցված է անբարեխիղճ հոգեբաններով, որոնք ինչ-որ անհասկանալի մեթոդիկաներ են առաջ քաշում, աղոթում են, բարկանում, երբեմն շանտաժի են ենթարկում հաճախորդին, դրամաշորթությամբ են զբաղվում և այլն, և այլն։ Ավելին՝ նրանք կարող են շատ լուրջ դեմքով աջ ու ձախ հարցազրույցներ և հոգեբանական խորհուրդներ շռայլել՝ չլինելով մասնագետ։

Բայց եթե անգամ մի կողմ թողնենք տարատեսակ խաբեբաներին և «հոգեբան բիզնեսմեններին», դաշտում  շատ քիչ են (մատների վրա կարելի է հաշվել) բարեխիղճ մասնագետները, որոնք առհասարակ աշխատում են հետպատերազմյան խնդիրների և առավել ևս՝ հարազատի կորստյան ցավի հետ։

Իսկ նրանք, ովքեր աշխատում են, չեն կարող շատ այցելուներ ընդունել ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեպես։ Եկեք չմոռանանք, որ հոգեբանը նույնպես ՀՀ քաղաքացի է, և պատերազմը նրան նույնպես ընկճել է։

Հեռատեսության խնդիր

Հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք պատերազմի զոհերի և վիրավորների թվին և 2020 թվականի դրությամբ հետպատերազմյան  խնդիրներով զբաղվող հոգեբանների գրեթե իսպառ բացակայությանը, կրկին պարզ է դառնում, որ ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունը չէին պատրաստվում պատերազմի։ Չկար ոչ մի որոշում, պատվեր՝ ստեղծել թիմ, դպրոց, ուղղություն, որ գալիք կռվի դեպքում կմեղմեր պատերազմի հոգեբանական հարվածը։

Ինչևէ, այսօր ես որոշակի շարժ եմ նկատում։ Հետպատերազմյան խնդիրների հանդեպ մասնագետների հետաքրքրության աճը անզեն աչքով տեսանելի է: Կամա թե ակամա՝ հոգեբանները սկսել են այս խնդիրների հետ աշխատել։ Նաև շարժ է նկատվում ոլորտի կարգավորման ուղղությամբ։ Ստեղծվում են ասոցիացիաներ, բարձրացվում են խնդիրներ, ակտիվանում են վերապատրաստման դասընթացները։

Այս պահին, սակայն, վերադառնալով զոհվածների ծնողներին հոգեբանական աջակցություն տրամադրելու խնդրին, կարող ենք արձանագրել՝ մեր պետությունը չունի բավարար ներուժ այս ամենը կազմակերպելու համար։ 

Տարիներ շարունակ ոլորտն անտեսվել է, ու մեծ հաշվով ոչ ոք չի էլ մտածել, որ մի օր, պատերազմից հետո գուցե մենք բոլորս հոգեբանի կարիք ենք զգալու։ Եվ Հայրենիքն  իհարկե մեր կորստյան առջև կխոնարհվի, գուցե դրամական աջակցություն էլ տրամադրի և երբեք չի մոռանա… բայց նաև չի կարեկցի և զոհվածների հարազատներին կթողնի սեփական ցավի հետ միայնակ, լուռ՝ սենյակում փակված: 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am