«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը:
-Պարոն Կարապետյան, 2007 թվականին Բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության, ներդրած ավանդի համար դուք արժանացաք ՀՀ Նախագահի մրցանակին, սակայն անցյալ տարի բաց նամակ գրելով Սերժ Սարգսյանին` հրաժարվեցիք մրցանակից: Դուք վերադարձրեցիք մրցանակը, դափնեկրի վկայագիրն ու մեդալը, ինչպես նաև համապատասխան դրամական պարգևը` նման դեպքերում նախատեսված կարգի համաձայն: Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք և ի՞նչ եղավ հետո:
-Անձամբ ինձ համար ավելի քան 1,5 տարվա վաղեմություն ունեցող այդ քայլն արդեն անցյալ է։ Բայց, եթե այնուամենայնիվ խոսելու ենք դրա մասին, այն էլ երևի վերջին անգամ, ապա հարցադրումը որոշ ճշգրտման կարիք ունի։ Մրցանակը ստացել եմ «Բնական գիտությունների զարգացման բնագավառում հոդվածների շարքի համար» և ոչ թե հայտնագործության։ Դրանք խիստ տարբեր բաներ են։ Այն հանձնվել է 2008թ. մարտի 1–ից մոտ 3 ամիս անց` հայտնի դեպքերի արդյունքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի կողմից։ Իսկ նման որոշման պատճառը այն փաստերն էին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել ու մնացել էին բացարձակապես անհետևանք, որոնք, իրենց հերթին, վկայում էին Ս. Սարգսյանի կողմից գիտության ոլորտում կոռուպցիայի հովանավորման մասին։ Իսկ մրցանակը վերադարձրել եմ 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին այն պարզ պատճառով, որ ցանկացել եմ ի ցույց դնել նախորդ 5 տարիների ընթացքում գիտության ոլորտում նրա վարչարարության գնահատականը։
Իսկ ինչ վերաբերում է Ձեր «ի՞նչ եղավ հետո»–ին, ապա ասեմ, որ ինչքան էլ, որ ռեժիմի կողմից գործի դրված պատժիչ գործողությունները տհաճ լինեն, չեմ զղջում կատարած քայլի համար։ Ավելին, ժամանակի ընթացքում համոզվում եմ, որ միանգամայն ճիշտ որոշում եմ կայացրել՝ թե՛ քայլի, և թե՛ պահի առումով։ Ճիշտ է, քայլը կատարելու պահին հիմնական շեշտը դրված էր գիտության ոլորտում առկա ակնհայտ կոռուպցիային հովանավորելու փաստին, բայց այսօր դրան գումարվում են նաև նրա այնպիսի «ձեռքբերումները», ինչպիսիք են արտագաղթի կազմակերպումն ու Հայաստանի՝ ներառյալ Արցախի հայաթափումը, երկրի պետականության ու ինքնիշխանության էրոզիան և, վերջապես, Արցախի օտարման քայլերի մեկնարկը։
Ինչևէ, թե ի՞նչ եղավ հետո, դրա մասին էլ է բավականաչափ լուսաբանվել։ Ռեժիմի կողմից գործի դրվեց աշխարհում «ամենաարդար» և «ազատ» հայկական դատական համակարգը, որի արդյունքում դեռևս պաշտոնապես, շեշտում եմ՝ դեռևս, համարվում եմ նույնիսկ այս ռեժիմին ճարպկորեն օգտագործած և բացահայտ գրագողից «գրագողություն» կատարած անձ։ Իսկ թե ինչու՞ դեռևս, քանի որ գործընթացը դեռևս շարունակվում է և, հուսով եմ, այն վաղ թե ուշ կունենա իր արդարացի լուծումը՝ ի հեճուկս Հայաստանում առկա և հանցավոր ռեժիմի կամակատար արդարադատության համակարգի։
-Իսկ հնարավո՞ր չէր 2008 թվականին հրաժարվել մրցանակից։
-Շատ տեղին հարց է, որն ի դեպ շատերին է հետաքրքրել ժամանակին, հատկապես, սոց–ցանցում և որի պատասխանը չի հնչեցվել ու չի մեկնաբանվել։ Իհարկե կարելի էր։ Հարցը համարելով շատ բնական, բայց և այնպես նշեմ, որ ժամանակին այն չեմ մեկնաբանել այն պարզ պատճառով, որ հարցը շահարկվում էր ռեժիմին հաճոյացող որոշ խմբերի կողմից, որոնց նպատակն էր՝ արժեզրկելով քայլը հաճոյանալ հանցավոր ռեժիմին։ Օգտվելով առիթից՝ պարզաբանեմ նաև այս հանգամանքը։
Հայտը մրցույթին ներկայացվել էր 2008թ. մարտի 1–ից ամիսներ առաջ։ Մրցույթին ներկայացված մեր նախագծի դեմ բացահայտ պայքարում էր ՀՀ ԳԱԱ նախագահություն կոչվող թայֆան՝ այդ նույն թայֆայի` այսինքն ՀՀ ԳԱԱ նախագահության անդամի միջոցով, ով նաև մրցույթի բնական գիտությունների փորձաքննության հանձնաժողովի նախագահն էր։ Նրանք ունեին իրենց ակնհայտ թույլ, բայց նախընտրելի հայտը, ի դեպ նորից իրենց թայֆայի անդամի կողմից ներկայացված, և ամեն գնով ցանկանում էին անցկացնել այդ հայտը։ Բանը հասավ նրան, որ պայման դրվեց՝ կամ մեր հայտը հանել մրցույթից կամ իմ անունը հանել հեղինակների ցանկից` որպես ՀՀ գիտությունների կաճառ հորջորջվող թայֆայի համար խիստ անցանկալի անձ։ Նրանք հույս էին փայփայում, որ ես չեմ համաձայնվի ու հայտը կամավոր կհանվի մրցույթից։ Ի զարմանս թայֆայի, ես գրավոր համաձայնեցի հանել իմ անունը, որը ներկայացվել է մրցույթի կազմակերպիչ «Հայաստան համահայկական հիմնադրամի» աշխատակազմին և թայֆան կանգնեց երկընտրանքի առաջ և ակնհայտորեն վախեցավ աղմուկից։ Այնուհետև, խաղի մեջ մտավ «Հայաստան համահայկական հիմնադրամի» աշխատակազմը, որի շնորհիվ և մեր հայտը, իմ անունը ներառյալ, տարավ հաղթանակ։ Բայց հետո միայն պարզվեց, որ մենք տարել ենք ընդամենը բարոյական հաղթանակ, քանի որ թայֆան ինչ–ինչ ճանապարհով հաջողացրեց իրենց ներկայացուցչին էլ շնորհել մրցանակ նույն՝ բնական գիտությունների բնագավառում։ Այս պայքարն էր, անկասկած, որ համաձայնել եմ վերցնել 2008թ. մարտի 1–ից ընդամենը 3 ամիս անց նախագահի մրցանակը, և արարողության ժամանակ նայել բոլոր սրիկաների «անմեղ» աչքերին։
-Արդյոք ի՞նչ արձագանք ստացավ ձեր քայլը:
-Կարելի է ասել, որ ըստ էության ԶԼՄ–ների (հայկական, ռուսական և ամերիկյան) մակարդակից և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի բարոյա–խրատական նախազգուշացումից կամ որ նույնն է՝ շանտաժից այն կողմ չանցավ արձագանքը։
Այսինքն, ռեժիմն իր խոստացված «օձի խայթոցն» իրականացրեց դատական գործընթաց պատվիրելով և ոչ մի քայլ չարեց բողոքի դրդապատճառների վերացման ուղղությամբ։ Իսկ շինծու ու ակնհայտորեն պատվիրված դատական գործընթացը ոչ մի կապ չունի մրցանակի վերադարձման դրդապատճառների հետ, որն իր հերթին վկայում է, որ, պարզապես, իրականացվեց խոստացված պատիժը մեր «անկախ» ու խիստ «բարոյական» արդարադատության համակարգի միջոցով։ Արձագանքին կարելի է վերագրել նաև այն փաստը, որ ռեժիմի ողորմելի սպասարկուների կողմից ժամանակ առ ժամանակ հնչում են իբր վարկաբեկիչ հայտարարություններ, որոնք ավելի շատ իրենց մերկությունն են բացահայտում։ Օրինակ, վերջերս ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ նախագահի մրցանակը վերադարձնողին, այսինքն` ինձ, գիտնական չի համարում։ Գիտեք, էս դեպքում նրա հետ համաձայն եմ և ուրախ, որ գոնե էս հարցում նա «սկզբունքայնություն» է ցուցաբերում։ Եվ ահա, թե ինչու։ Նախ Հայաստանում գիտնական չկա։ Դա անժխտելի փաստ է։ Ընդամենը կան արդյունավետ կամ ավելի քիչ արդյունավետ գիտաշխատողներ։ Եվ, երկրորդ` եթե միջազգայնորեն ընդունված չափորոշիչներով գրեթե զերո վարկանիշով անձն անխտիր բոլոր իշխանություններին հաճոյանալով դառնում է ոչ միայն ակադեմիկոս, այլև ԳԱԱ նախագահ, ապա ես իրենից խիստ տարբերվող վարկանիշով ինչպես կարող եմ դասվել իր և իրեն նման «տիգրանյանների» շարքին, որոնց բուծարանի է վերածվել ՀՀ ԳԱԱ–ն։
-Անցյալ տարի, հրաժարվելով մրցանակից, դուք հայտարարեցիք, որ Հանրապետության գիտության բնագավառում այսօր առկա բացասական երևույթները երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի ու նրա բարքերի ուղղակի արտապատկերումն են` նշելով գիտության ոլորտում առկա կոռուպցիայի, հովանավորչության բյուջետային միջոցների չարաշահման և այլ արատավոր երևույթների մասին: Արդյոք ինչ որ բան փոխվե՞լ է այս ընթացքում:
-Հասկանալի պատճառներով, զարմանալի կլիներ, որ գիտության բնագավառը չենթարկվեր երկրում արմատավորված քրեաօլիգարխիկ համակարգի նիստ ու կացին։ Չէ՞ որ այդ համակարգն է պատասխանատու բյուջետային միջոցների ըստ ընդունված կարգի իրացման համար։ Իսկ փոփոխվելու իմաստով, իհարկե, փոխվել է. չէ՞ որ գիտությունը ստեղծագործական ոլորտ է։ Ձեր թվարկածներին ավելացել են նորերը՝ ավելի կատարելագործված մեխանիզմներով։ Օրինակ, առանց ամաչելու նվեր ստացած (մի գուցե և օգտագործման համար դեռևս պիտանի) «Արեալ» գծային արագացուցիչը, որը կապ չունի ֆինանսական միջոցների դանայան տակառ հիշեցնող ազգափրկիչ Քենդլ «մեգա–ծրագրի» հետ, ներկայացվում է այդ մեգա–փուչիկի առաջին փուլ, որպեսզի հիմնավորեն հսկայական միջոցների մսխումը։ Բացի դրանից, այսօր արդեն հայտարարվել է մրցույթ, թե՝ ո՞վ կարող է օգտագործել «Արեալ» գծային արագացուցիչը։ Դե, փողեր պետք է չէ՞, որ դուրս գրվեն, ինչպես նաև ի ցույց դնեն Քենդլ կոչվող և արդեն ոչ թե պրոպանով, այլ փողով լցված փուչիկի առաջընթացը։ Իհարկե, համապատասխան վարձավճարով։ Համոզված եղեք, որ կգտնվեն խոստումնալից երիտասարդ տնտեսագետներ ու բանասերներ, որոնք կշահեն այդ ազգափրկիչ մրցույթում։ Եթե մարդ էլ չգտնվի, հայտ ներկայացնող «Նորավանք» հիմնադրամը կա ու կա։
-Ի՞նչ վիճակում է գիտությունը Հայաստանում այսօր:
-Քանի որ անդրադարձանք Հայաստանում գիտության վիճակը կտրուկ բարելավող «Քենդլ» մեգա–ծրագրին, ապա այդ հարցով պետք է դիմել բոլորին հայտնի Բարսեղ Բեգլարյանին (ֆլեշի Բարսեղին), Ֆլորա Նախշքարյանին (Գոլոսի Ֆլորային), Ռադիկ Մարտիրոսյանին (ՀՀ ԳԱԱ թայֆայի պարագլխին) և այլոց, ովքեր համակարգում են «Առաջ Հայաստանի» հիմք հանդիսացող «Քենդլ» մեգա–ծրագիրը։ Ի դեպ, ՀՀ ԳԱԱ թայֆայի պարագլխի դեպքն է շատ հետաքրքիր, որը խիստ բնորոշիչ է իրեն որպես անձ՝ մի կողմից նա Քենդլ–ի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ մյուս կողմից՝ ՀՀ ԳԱԱ–ն պաշտոնապես այնքան էլ կողմ չէ այդ ազգափրկիչ դանայան տակառին՝ անհրաժեշտության դեպքում կտրամադրեմ պաշտոնական ՀՀ ԳԱԱ կարծիքը, որն ուղղվել է ՀՀ կառավարություն «Քենդլ» մեգա–ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռ. Մարտիրոսյանի ստորագրությամբ։ Ի դեպ, այս կարծիքը շատ ավելի թարմ է քան ՀՀ ԳԱԱ կարծիքը Ֆադեյ Սարգսյանի ստորագրությամբ, բայց Քենդլ ծրագրին հատկացվող գումարներից որոշ ակնհայտ շահառուներ հանրության են ներկայցնում հինը։ Ի դեպ, երջանկահիշատակ ակադեմիկոսներից մեկը Ռ. Մարտիրոսյանին նմանեցրել է վերջերս ակտուալ դարձած, բոլշեվիկ–ֆունկցիոներ Անաստաս Միկոյանի հետ, ով կարողացել է անձրևի ժամանակ առանց անձրևանոցի մանևրել կաթիլների միջև և արդյունքում չթրջվել։ Քենդլի դեպքում ստացվում է, որ նա երկուշաբթի օրերին դեմ է, իսկ հինգշաբթի և տոնական օրերին՝ կողմ։
-Տարբեր պաշտոնյաները, ովքեր մեծ հաշվով կապ չունեն գիտության հետ, և շատ դեպքերում դժվարանում են փոխկապակցված խոսք ասել այսօր թեկնածուական թեզեր են պաշտպանում, գիտական աստիճաններ ստանում: Տարոն Մարգարյան, Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան և այլն: Ի՞նչ գնահատական եք տալիս այդ երեւույթին:
-Իմ վերաբերմունքը գիտական աստիճաններով պճնվելու տգետ չինովնիկների գեղցիական մոլուցքին արդեն արտահայտել եմ՝ այն էլ բազմիցս ու վաղուց՝ 2010 թ.–ին եմ անդրադարձել այդ խնդրին Lragir.am–ում։ Գիտական աստիճանների այն այլասերված և պետականորեն ընդունելի ու, նույնիսկ, վճարովի սանդղակը, որն սկսվում է դպրոցն էքստեռն ավարտած (ըստ ամենայնի դպրոց չհաճախելու և հետագայում հասունության ատեստատ ձեռք բերելու պատճառով) Տարոն Մարգարյանով և վերջանում գրեթե զերո վարկանիշով ակադեմիկոս և ՀՀ ԳԱԱ նախագահ դարձած Ռ. Մարտիրոսյանով, ես տեղ չունեմ և, հետևաբար, հրաժարվել եմ նաև պետական կերամաններից մեկից՝ ամսական 10հազար դրամ թեկնածուական հավելավճարից։ Ի դեպ, կարծում եմ, գեղցի չինովնիկների գիտական աստիճաններով պճնվելը ավելի շատ ժամանակի բարքերով է թելադրված։ Գրեթե նունյը, երբ նախարարն իր աշխատասենյակը լքելուց առաջ ինքն իրեն պարգևատրում է նույն պետական կառույցի մեդալով։ Երևի, թե հուսով, որ հետո՝ հնարավոր դատաստանի ժամանակ այն կարող է մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ կամ թե կարող է նա ակնկալում է շուտով ակադեմիկոս դառնալ, քանի դեռ ՀՀ ԳԱԱ–ն Ռ.Մարտիրոսյանի ֆազենդան է՝ իր հայտնի չափանիշներով։ Երևի, թե նույն տրամաբանությամբ մնացած չինովնիկներն են առաջնորդվում։
-Ձեր բաց նամակում, Դուք խոսում էիք նաև «ուղեղների արտահոսքի» մասին: Վերջին տարիներին արտագաղթի միտումները լուրջ մտահոգությունների առիթ է հանդիսացել, սակայն դա չի խանգարում, որ մարդիկ շարունակեն լքել Հայաստանը, կամ մտածեն այդ մասին: Ըստ ձեզ, ինչո՞ւ են հեռանում մարդիկ:
-Իմ կարծիքով, անկախությունից հետ Հայրենիքը լքելու երևույթը կարելի է, դրդապատճառներով պայմանավորված, բաժանել երկու փուլի և որոնք կարելի է նույնիսկ տարբեր կերպերով մեկնաբանել՝ արտագաղթ և հայաթափում։
Այսպես, առաջին փուլում, այսինքն անկախության առաջին տարիներին Հայրենիքը հիմնականում լքում էին սոցիալական պայմանների բարելավման անհնարինության և պատերազմից խուսափելու պատճառներով։
Երկրորդ փուլը, որն իրենից ավելի շատ հիշեցնում է Հայաստանի, ներառյալ Արցախի հայաթափման քաղաքականություն, իմ կարծիքով, սկսվել է 2000 թվականներից և այսօր այն նույնիսկ չի թաքցվում ռեժիմի կողմից, մասնավորապես, «ուղեղների արտահոսքի» նախընտրելիության առումով բազմիցս են արտահայտվել նույնիսկ ռեժիմի առաջին դեմքերը։ Կարծում եմ պարզից էլ պարզ է, որ նման իրողության պայմաններում, երբ իշխանության լծակներին տիրապետող ռեժիմն է քաջալերում և խթանում բնակչության հեռացումը հայրենիքից՝ այն էլ միջինից բարձր ինտելեկտով, ապա այն արտագաղթ բառով արտահայտելը շատ մեղմ է, այն, պարզապես, Հայաստանի հայաթափման գործընթաց է՝ «Առաջ կամ Ապահով Հայաստան» լոզունգներին համահունչ։
Իսկ Հայաստանը լքող բնակիչները, իմ կարծիքով, հիմնականում հեռանում են երկրում օր–օրի ահագնացող ու զանգվածային բնույթ ստացող անօրինության ու ամենաթողության պատճառով, քանի որ պանդխտացման են գնում նաև սոցիալապես ապահով ընտանիքներն ու գործարարները։ Օրինակ, պատկերացնում եք, թե ինչքան ժամանակ ու ներվեր են խլել ՀՀ քաղաքացիներից ՃՈ և ԴԱՀԿ–ի համատեղ պատժիչ ակցիան, որն իրականացվում է այսօր։ Այս, իսկապես պատժիչ ակցիայի տուժածներից եմ, այն էլ այն դեպքում, որ իմ կողմից արդեն չտեղեկացված, բայց մուծված տուգանքը(police.am կայքի միջոցով) նրանք երկրորդ անգամ են տուգանել և, որի արդյունքում, հունիսի 6–ից սկսած առ այսօր (16.06.2014թ.) սառեցված են իմ բոլոր հաշիվները, և իմ աշխատավարձը հասանելի չէ ինձ։ Իսկ ԴԱՀԿ փոխգնդապետը, խոսելով Սահմանդրությունից ու օրենքից, առաջարկում է ընկնել դատարանների դռները։ Պակաս դեր չի խաղում նաև արդեն հայկական բանակից ու այնտեղ տիրող բարքերից խուսափելու միտումը։
-Իսկ ի՞նչ հեռանկար կարող է ունենալ գիտնականը դրսում: Արդյոք դաշտ կա՞ աշխատելու, գնահատված լինելու:
-Իհարկե կա, հատկապես երիտասարդ խոստումնալից մասնագետների համար։ Չէ՞ որ դրսում իսկապես գիտելիքահենք տնտեսություն են կառուցում՝ մեծն օֆշորագետի դատարկ քարոզների փոխարեն, որի ունկնդիրն էինք ազգովի։
-Ի՞նչ քայլեր են պետք Հայաստանում գիտությունը զարգացնելու, նորմալ կենսապայմաններ ապահովելու և մարդկանց երկիրը լքելուց հետ պահելու համար:
-Գիտությունը տնտեսության մի մասն է, որը, փաստորեն, չկա Հայաստանում։ Իսկ տնտեսության զարգացման համար պահանջվող քայլերը շատ պարզ են, բայց ոչ իրականանալի, իմ կարծիքով։ Պարզ են, քանի որ բոլորն էլ գիտեն, թե ի՞նչ է պետք անել՝ վերացնել մոնոպոլացված, ինչպես նաև ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան, որը հիմք կհանդիսանա բյուջետային բավարար միջոցների և դրանց արդարացի բաշխման համար։ Ես, օրինակ, չեմ հավատում, որ ստվերային տնտեսությունն ու դրան խիստ կապակցված կոռուպցիան կվերանա ներկա ռեժիմի օրոք։ Եթե հարկ կա, կարող եմ նաև հիմնավորել։ Օրինակ, վերջերս նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը 100 ամենաշատ հարկ վճարողներին հորդորում էր դուրս գալ ստվերից և հարկերը վճարել։
Լավ է չէ՞։
Այսինքն, եկեք կոլեկտիվ ապաշխարենք և «Առաջ Հայաստան»։ Հուսադրող է չէ՞, ու կարելի էր մտածել, որ նոր ու խիստ պրագմատիկ վարչապետը, չընկնելով ավելորդ ձևականությունների հետևից, հետևողականորեն պայքարելու է ստվերի ու կոռուպցիայի դեմ։ Բայց շատ չանցած, նոր վարչապետը հայտարարեց, որ բոլորիս հայտնի Սաշիկ Սարգսյանը բիզնեսներ չունի։
Օրինակ, ես արդեն չեմ կարող հավատալ, որ այդ նույն 100 ամենաշատ հարկ վճարողները, հետևելով վարչապետի հորդորին, դուրս կգան ստվերից՝ նրանք մեզանից լավ գիտեն, թե ով ի՞նչ ունի, և առանձնապես մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ի՞նչ մեսիջ է փոխանցվում նրանց՝ գերմոնոպոլացման տենդենցներն են գերակայելու։ Այսքանը տնտեսության մասին, որն ուղղակիորեն անդրադառնում է նաև գիտության զարգացման վրա։
Հիմա հակիրճ, եկեք անդրադառնանք զուտ գիտությանը։ Ինձ համար գոնե ակնհայտ է, որ Հայաստանում գիտությունը կտրուկ անկում կապրի մոտ ապագայում, քանի որ արդեն իսկ կտրուկ անկում է ապրում կրթությունը։ Վերջերս հրապարակվեց մի փաստ, որը, կարծում եմ, պետք է դառնար լայն ու համապարփակ քննարկման առարկա։ Բայց, ցավոք, այն անտեսվեց։ Խոսքը վերաբերում է ԱՊՀ երկրների համալսարանների վարկանիշներին, որոնք գնահատվել էին ռեժիմի շատ սիրելի ու վստահելի ռուսների մեթոդոլոգիայով` տես. expert.ru, և ոչ թե դավադիր արևմտյան կազմակերպության կողմից։ Եվ ի՞նչ է ստացվում, ԱՊՀ երկրների 153 վարկանիշ ստացած համալսարանների շարքում չի ներգրավվել և ոչ մի հայկական համալսարան՝ կրթության որակի ցածր լինելու պատճառով։ Եկեք չխոսենք նույնիսկ ԱՊՀ այն եկրներից, որոնց համալսարաններն այդ ցանկում են։ Սա արդեն ողբերգություն է, և պատճառներն էլ են ակնհայտ՝ գնահատվել է կրթության որակը և ոչ թե համալսարանների վերևից՝ ներքև ՀՀԿ–ականացման մակարդակը։ Նախարարին ամաչել է պետք, և ոչ թե Ֆեյսբուքում զբաղվել ՀՀԿ–ի պրոպագանդայով, թեկուզև ոչ աշխատանքային ժամերին։ Եվ զավեշտն այն է, որ այդ տեղեկատվության ֆոնի վրա կարդում ենք ՀՀ ԿԳ նախարարի մոտ տեղի ունեցած ռեկտորների խորհրդի նիստի մասին, որտեղ ոչ մի արձագանք ոչ միայն այդ փաստին, այլև ոչ մի խոսք կրթության որակի մասին, քանի որ քննարկվել է մի շատ կարևոր հարց՝ նույնիսկ ԱՊՀ երկրների վարկանիշային ցանկում տեղ չգտած ԵՊՀ 95–ամյակի միջոցառումները՝ պետք է հասկանալ այդ նպատակով հատկացվող լրացուցիչ ծախսերն ու փողերը։ Անհասկանալի է, թե ի՞նչն են տոնում։ Միգուցե լրացուցիչ փողերը, որոնք պետք է լվանալ։ Դե, հետո էլ փող դուրս կգրեն 96 ամյակի կամ 96 տարի մեկ ամսականի կապակցությամբ։ Մենդելի ու ոլոռի դարն անցել է՝ չկա գիտություն առանց կրթության, ինչքան էլ որ տաղանդավոր սերունդ ունենանք։
-Պարոն Կարապետյանը, ի՞նչ սպասումներ ունեք Մաքսային միություն գնացող Հայաստանից: Արդյոք ի՞նչ հեռանկարներ են սպասվում մեզ, ինչպիսին եք տեսնում Մաքսային միության կազմում ընդգրկված Հայաստանը:
-Կներեք, բայց Հայաստանն ինչքան գիտեմ Մաքսային կամ Եվրասիական միություններ, որոնք նույն պովիդլոյով կարամելն են տարբեր փաթեթավորմամբ, չի գնում՝ նրան բռնի ուժով ոչ թե տանում, այլ օգտագործում են ու հետն էլ ըստ արժանվույն նվաստացնում։
Իսկ տանողը ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավորն է կարծեմ, ով իր սեփական ընտանիքի ապահովության նպատակով Հայաստանի քաղաքացիներին միանձնյա որոշմամբ տանում է այն բարքերի տիրույթը, որոնցից որոշներին անդրադարձանք վերևում։ Դա քաղաքակրթական ընտրություն է ապագայում ժողովրդի, բայց ոչ իրենց կենցաղի համար։
Օրինակ, այդ ընտրությունը մեր բոլորի համար կատարողը ինչու՞ չգնաց Մոսկվա, Աստանա, Մինսկ կամ Փխենյան երիտասարդանալու համար, այլ ընտրեց Հարավային Կորեան, որը հաստատապես եվրասիական քաղաքակրթության տիրույթում չէ։ Պարզ է, չէ՞ թե ինչու՞ և, կարծում եմ, ՀՀ, ներառյալ Արցախի քաղաքացիները պետք է տան իրենց գնահատականը՝ ընդհուպ մինչև ապստամբություն, որն իրավաչափ է նաև Մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների տեսակետից։ Հատկապես, որ մեկ ընտանիքի ապահովության համար, փաստորեն, սակարկվում է նաև 7 հազար զոհերի թափված արյունը։
Իսկ, ի՞նչ հեռանկարի մասին է խոսքը։ Հեռանկարը՝ մեր անօրեն ներկան է և այն երիտասարդներն ու նրանց քաջագործությունները, որոնց մոտ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում արդարանում էր Աստանայի նվաստացման համար։ Մի գուցե, համարելով, որ նրանք են «Ապահով Հայաստանի» արժանիները և ոչ թե, նույնիսկ, իբր թե ժողովրդի ընտրյալներ համարվող ԱԺ պատգամավորները։
Վահե Ներսեսյան
© Medialab.am
Կարդալ նաեւ– Գերզգայուն էլեկտրոնային սարքեր հայ գիտնականներից` սահմանը վերահսկելու համար (Տեսանյութ)