«Աստված իմ, մինչև ե՞րբ».. .կամ ինչո՞ւ ենք անվերջ հուսախաբ լինում

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

«Ես չեմ հասկանում՝ էդ եվրոպաները չե՞ն կարա դրանց սաստել», «ռուսներն ինչո՞ւ չեն օգնում», «պետք ա Ամերիկային կանչել», «պետք ա աշխարհին ցույց տալ, որ դրանք ցեղասպան են»… նման արտահայտություններ հաճախ ենք լսում կամ ընթերցում, երբ խոսք է լինում հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ 

Պարտությունից հետո սեփական թուլության զգացումը, ապատիան ինչ-որ չափով բնական է և հասկանալի։ Բոլորի հետ է այդպես պատահում։ Բայց այն համոզմունքը, թե կա աշխարհի ինչ-որ տնօրեն կամ տնօրենների խորհուրդ, որոնց եթե ճիշտ փաստաթուղթ ցույց տանք կամ ճիշտ մարդու ուղարկենք, մեր հարցերը կլուծվեն, վաղուց է շրջանառվում մեր հասարակության մեջ։

Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ։

Չէ՞ որ այս ռազմավարությունը մեզ նորից ու նորից բերում է ձախողման եզրին։ 

Նորից ու նորից հիասթափվում ենք, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստին հետևելիս։ Բայց չնայած բոլոր ձախողումներին՝ շարունակում ենք կրկնել նույն սխալները, նույն դիսկուրսը։ Ինչո՞ւ… ես փորձեցի առանձնացնել մի քանի հնարավոր պատճառ։ Գուցե մեր վարքի խորքային ակունքները գիտակցելը կօգնի՞ փոխելու մեր վարքը։

1. Պատերազմի վախը

Հիմնականում բոլորն են վախենում պատերազմից։ Ոչ ոք չի սիրում պատերազմել։ Բայց երբեմն վախը կարող է վերածվել ֆոբիայի, այնքան սրվել, որ անգամ այդ մասին միտքը մարդուն այնքան սարսափեցնի, որ նա պատրաստ լինի ամեն ինչի, միայն թե իր ֆոբիային չառերեսվի։ Պատերազմից վախեցող հասարակությունը պատրաստ է հավատալու յուրաքանչյուր թղթի կտորի զորությանը, միայն թե չասեն, թե վաղը զորահավաք կա։ 

Սա շատ հասկանալի է, բայց որոշ դեպքերում մսխում է ինքնապաշտպանության բոլոր ռեսուրսները։ 

Ինչպե՞ս է հաղթահարվում այս վախը։ 

Համակարգված, ինստիտուցիոնալացված պաշտպանական մեխանիզմ մշակելով։ Մասսայական վերապատրաստումներով։ Բանակի և զինված ուժերի արդիականացմամբ։ Այստեղ և այնտեղ թշնամու գրանցած անհաջողություններով։ Պատերազմից խուսափողական հռետորաբանության փոփոխությամբ։ Մի խոսքով՝ մտածված, երկար և հստակ աշխատանքով։

2. «Նամակ ռուսաց թագավորին» կամ «օսմանահպատակության հետքը»

Դարեր շարունակ հայ ժողովուրդը եղել է այլ տերությունների իշխանության ներքո։ Մենք եղել ենք փոքր ազգ, որը փորձել է տեղավորվել իր գլխին ընկած օտար խաղի կանոնների մեջ։ Ողջ մնալու լավագույն տարբերակը եղել է լոյալությունն իշխող համակարգին և վեր-վեր չթռչելը։ Փորձել լինել մաքսիմալ օրինահարգ քաղաքացի, և գուցե քեզ շատ չեն նեղացնի։ Հանգիստ ժամանակաշրջաններում սա աշխատել է, անհանգիստ ժամանակաշրջաններում՝ բերել ջարդի։ Հիմա մենք անկախ ենք, բայց դարերով ձևավորված, մեր մշակույթի մեջ մտած այդ հպատակությունը կենտրոնին դեռ աշխատում է։ Դրա համար մտածում ենք, որ մեծն կայսրերը պիտի մի զորք ուղարկեն, մեր հարցը մի ձևով լուծեն։

Սա կարելի է փոխել միայն անկախ երկիր կառուցելով։ Միայն սեփական քայլերն առաջ տանելով։ Գիտակից քաղաքացի դաստիարակելով։ Կամաց-կամաց, սերնդեսերունդ…

3. Իրավագիտական և քաղաքագիտական տգիտությունը

Մեր հասարակության մեջ ամեն վարորդ վերլուծաբան է, ամեն խանութպան՝ իրավագետ։ Մինչդեռ մեր երկրում իրավագիտության և քաղաքագիտության բազային սկզբունքներն անգամ մութ անտառ են։ 

Օրինակ՝ ոչ ոք հարց չի տալիս, թե այդ այսպես կոչված միջազգային իրավունքը ոնց է աշխատում, ով և ինչպես է վերահսկում իրավունքի աշխատանքը։ 

Ինչո՞ւ է մի դեպքում այն պարտադրվում, մյուս դեպքում հնարավոր չէ։ Ի դեպ, այս տգիտությունը շատ հասարակությունների է հատուկ և հասարակությունների մեղքով չէ, ինչից էլ ակտիվորեն օգտվում են ավտորիտար ռեժիմների քարոզիչները, ասելով՝ տեսա՞ք, ա՞յդ չէ ձեր միջազգային և ազգային իրավունքը, նրանք ոչինչ չեն կարող, իսկ մեր ուժեղ առաջնորդը կարող է։ 

Մինչդեռ իրավունքն աշխատում է ամբողջ հասարակության, իսկ միջազգայինը՝ տարբեր հասարակությունների համակարգված ջանքերով։ Ներքին և արտաքին պատժիչ մեխանիզմներով, որոնք բխում են հասարակության ներսից և ոչ թե թելադրվում են դրսից։ 

Ինչ վերաբերում է քաղաքագիտությանը, մենք գլոբալ խաղացողների մասին ունենք պրիմիտիվ և հիերարխիկ կառուցվածքային պատկերացում, որտեղ ամենքը գիտեն իրենց դերը և կատարում են հրահանգներ վերևից։ Մինչդեռ իրական խաղը շատ ավելի բարդ է և ունի հազարավոր փոփոխականներ։ Այստեղ հիերարխիան շատ պայմանական է, և հաճախ, այո՛, ուժն է ծնում իրավունք։

Այս խնդիրը լուծելու համար պետք է զարգացնել գիտությունը։ Երկրում պետք է լինեն զարգացած սոցիալական գիտությունների բազմաթիվ ճյուղեր։ Լուրջ մասնագետներ և ինստիտուտներ։ Խոսքի ազատություն և քննարկման որակով հարթակներ։ 

Լավ գիտնականները դաստիարակում են լավ մասնագետների, ուսուցիչների և քաղաքական գործիչների։ Այսպես էլ հասարակությունը դուրս է գալիս իր պրիմիտիվացրած աշխարհայացքի շրջանակից։ Դիսկուրսները փոխվում են։

Այսպիսով մեր անցյալը, սահմանափակ գիտելիքները և վախերը այսօր վնասում են մեզ, քայքայում որպես հասարակություն։ Լավ նորությունն այն է, որ նշված բոլոր կետերը կարելի է շտկել և փոխել։ Պարզապես կամք է պետք և երկարաժամկետ աշխատանքի մտադրություն։ Անկախություն, մոդեռնիզացիա, զարգացած գիտություն։ Այս երեք կետերը կարող են շրջել անհաջողությունների էջը։ 

Լիանա Խաչատրյան

Լրագրող, կլինիկական հոգեբան

MediaLab.am