Քեսապը` թուրքական ահաբեկչության եւ ռուսական ապատեղեկատվության միջեւ

Քեսապը` թուրքական ահաբեկչության եւ ռուսական ապատեղեկատվության միջեւ
Քեսապը` թուրքական ահաբեկչության եւ ռուսական ապատեղեկատվության միջեւ

Քեսապի դեպքերի առնչությամբ թվում է, որ տեղեկատվական պատերազմը Սիրիայում իր գագաթնակետին է հասել: Խոսքը չի վերաբերում միայն պատերազմի առաջին օրից սկսած իշխանություն-ընդդիմություն դիրքեր գրավել-վերագրավել անվերջանալի հաստատվող-հերքվող (ապա)տեղեկությունների  շղթային:

Մի կողմից Անկարան քաղաքական անհեթեթության նմուշներ  է հրամցնում ոչ միայն իր տարածքներից դեպի Քեսապ թափանցման գործողություններին նկատմամբ պյուղատոսություն ցուցադրելով, այլ տարհանված քեսապահայությունը «հյուրընկալ» Թուրքիա հրավիրելով: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիրների կողմից Քեսապի գրավմանը Թուրքիայի ուղղված ամբաստանությունները անհիմն են:

Անկարայի այս դիրքորոշումը հերքելու համար հենց Թուրքիայում յութուբյան բացահայտումներ արձանագրվեցին, թե ինչպես թուրքական սահմանապահ զորքերը հանգիստ անցք էին տրամադրում զինյալ խմբավորումներին` անցնելու սիրիական սահմանը: Ավելի՛ն. արտգործնախարարի, բանակի հրամանատարի եւ ծառայության պետի միջեւ հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումը պարզ դարձրեց, որ դեպի Սիրիա ներխուժման գործողությունները ծրագրավորված էին: Յութուբյան այս բացահայտումները գուցե ներթուրքական հարթության վրա կարելի է դիտարկել վերջին շրջանում գործող վարչակարգի հեղինակազրկման միտող բացահայտումների ընդհանուր պարունակում: Ինքնակառավարման ընտրությունները եկան ընդգծելու, որ այդ բացահայտումները վճռորոշ ազդեցություն չեն գործել ընտրազանգվածի դիրքորոշման վրա:

Անկարայի յուրահատուկ այս «հյուրընկալության» հայտարարությունը նոր չէ. Սիրիայի պատերազմի առաջին օրերից սկսած նման խաղաղասիրական «բարի կամեցողության» դրսեւորումներ ունեցան Անկարայի բարձրաստիճան դեմքերը հատկապես սիրիահայության ուղղությամբ: Պատրանքային տպավորություն ստեղծող քարոզչաքաղաքական այս գործողություններին համընթաց զարգանում է նաեւ թուրքական տեղեկատվական համակարգը, որ քաղաքական անհեթեթության նշանավոր օրինակներ է տրամադրում դիպաշարին հետեւողներին:

Սակայն տեղեկատվական պատերազմը միակողմանի չէ: Նույն ուժգնությամբ համարժեք գործողությունների ծավալ կա նաեւ ռուսական կողմից: Հատկապես Քեսապի դեպքերի առաջին օրվանից ապատեղեկատվության ալիք բարձրացավ, որի տեղաշարժի աղբյուրները այս դեպքում ռուսական ներշնչումներ ունեին: Հայ տեղեկագիտությունը վերջերս համացանցի վրա բացահայտեց, իբրեւ թե քեսապահայության դեմ գործադրվող ջարդերի, հավաքական սպանությունների, գնդակահարումների տեսաերիզների մի շարք: Առաջադրանքը այս դեպքում, ոչ անպայման հայկական գործոնը ներքաշելուն էր վերաբերում, որքան հանրային կարծիքը ցնցելու, թե Արեւմուտքի օժանդակությամբ եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ուղղակի նախաձեռնությամբ միջազգային ահաբեկչությունը ի՛նչ ավերներ  է գործում Սիրիայում:

Տեղեկատվական պատերազմի ալիքի մակընթացության այս մակարդակի նվաճումը բացատրվում է այն իրականությամբ, որ Քեսապը նախադուռն է ծովեզերյա Սիրիայի, որ գործող իշխանության գլխավոր հենակետն է եւ ռուսական ռազմանավերի ռազմակայանը: Ուրեմն ռազմավարական կարեւորագույն այս հենակետի պահպանման կամ կորստի նախապատերազմն է, որ առայժմ կիրառվում է տեղեկատվական հարթության վրա: Բայց տեղեկատվականը նախապատրաստությունն է այլ գործողությունների: Չի ուշանա հստակացումը, թե սիրիական զորքերի շրջանում կուտակումը նախանշում է ծայրահեղականների մաքրագործման ընդհանուր արշավը: Բայց առաջադրվածը հայտնապես ավելին է: Պաշտոնական Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարելու առաջարկը ավելի պարզ է դարձնում Մոսկվայի վճռականությունը միջինարեւելյան իր կարեւորագույն հենակետը չզիջելու:

Աշխարհաքաղաքական այս մեծ օրակարգի տակ հայտնված Քեսապի ուղղությամբ արձանագրվող զարգացումներին առընթեր հայկական գործոնը նվազագույն վնասով դուրս գալու առաջնային խնդիրն է դիմագրավում: Անկարան մի կողմից ծայրահեղականների ձեռքով սանձազերծում է հարձակում Քեսապի դեմ եւ ապա տարհանված քեսապահայությանը Թուրքիա է հրավիրում, մինչ Մոսկվան տեղեկատվական պատերազմի թեժացում է կազմակերպում աշխարհին ցույց տալու համար, որ քրիստոնյա հայերը Քեսապում ջարդի եւ բռնության  են ենթարկվում եւ որի համար ՄԱԿ-ի արտակարգ նիստ է անհրաժեշտ։

Քեսապը այսօր ներկայացնում է աշխարհաքաղաքական տարողություն: Հայտնված իբրեւ կարեւոր հանգույց` տարածաշրջանային մակարդակի վրա արձանագրվող գործընթացների: Առանց ներքաշվելու ռուսական ապատեղեկատվության դաշտ, հայկական կողմը բոլոր պատճառներն ունի Անկարայի դերակատարության բացահայտման քարոզչաքաղաքական աշխատանքները ծավալելու:

Շահան Գանտահարյան

«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

© Medialab.am