Հաղթանակի հազար հայրերը

Վահրամ Թոքմաջյան

Ադրբեջանական ագրեսիայի ակտից հետո սրվեց նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Տարատեսակ խմբեր սկսեցին շահարկել մանր ձեռնածություններ՝ հակադրելու ռազմական և քաղաքական ղեկավարությանը:

Այս մասին շատերն են գրել անցնող օրերի ընթացքում: Համոզված եմ, որ իմ հրապարակախոս ընկերները նույնպես անդրադարձել են թեմային, ուստի եթե ինչ-որ կետեր կրկնվեն, հայցում եմ ընթերցողիս ներողամտությունը:

Պատերազմները վարում են պետությունները և այդ պետությունների ղեկավարությունը՝ առաջնորդելով բանակը, ժողովրդին: Սա դասական պատմագիտական ճշմարտություն է, եթե դու ունես պետություն:

Իսկ մենք ունենք պետություն: Բայց արի ու տես, որ կան մարդիկ, որոնք կարող են կասկածի տակ դնել նույնիսկ անքննելին: 

Գանք այդքան շատ սիրելի Արտաշես Առաջինից: Պատմությանը քիչ ծանոթ քանի՞ մարդ գիտի Արտաշես Առաջինի զորավարների անունները: Հանրության լայն շրջանակներին ծանոթ է միայն Սմբատ զորավարի անունը:

Նույնը կարող ենք ասել նաև Տիգրան Մեծի, Արշակի ու Վասակի, Պապի և Մուշեղի, հայոց պատմության այլ կարկառուն դեմքերի մասին:

Այդպիսին է պատմության նրբանկատությունը: Այն իր հիշողության մեջ պահում է օրվա քաղաքական, ռազմական ղեկավարներին և ակնհայտ դավաճաններին: Իհարկե, անարդար է սովորական մարդու նկատմամբ, բայց թեքել այդ ուղին դեռ չենք կարողացել: 

Եվ ուրեմն, ի՞նչ են փորձում անել լուսանցքում հայտնված որոշ քաղաքական մարգինալ խմբեր սահմանային այս լարված իրավիճակում:

Նրանց թիրախները մի քանիսն են, և ցանկացածի հաջողության դեպքում կարող են շահել քաղաքական միավորներ: Սեպ խրել ժողովրդի և իշխանության միջև:

Վաղուց Հայաստանի Հանրապետությունը չէր ունեցել իրավակարգ իշխանություն: Բանակի մարտունակ վիճակն առաջնահերթ, բայց այդ լեգիտիմ իշխանությունը ևս կարևորագույն գործոն էր, որպեսզի ներսում տիրեր համերաշխության մթնոլորտ: Ավելին, վաղուց հասարակությունը լարված իրավիճակում չէր հավատացել պաշտոնական տեղեկատվությանը:

Այս անգամ ոչ միայն հավատում էր, այլ նույնիսկ համատեղ պայքարում հնարավոր ապատեղեկատվության դեմ: Մարգինալ խմբերին այս համերաշխությունը ձեռնտու չէ: Երկրորդ առանցքային խնդիրը՝ հակադրել ռազմական և քաղաքական ղեկավարությանը:

Սա վաղուց կիրառված մոդել է, որի հիմքերը գալիս են դեռ 1990-ականների սկզբից և բարդագույն իրավիճակի հանգեցրին նույն թվականների վերջին: 

Ստեղծել իմիտացիա, թե քաղաքական իշխանությունն ապիկար է և չի տիրապետում իրավիճակին: Ստեղծել տպավորություն, թե զորքը հաղթական գործողություններ է ծավալում՝ քաղաքական իշխանության կամքից անկախ:

Չի լինում նման բան, սիրելի ընթերցող: Բանակը չի կարող հաղթել, եթե նրա թիկունքն ուժեղ չէ իշխանությամբ և ժողովրդական զանգվածներով: Սա նույնպես վաղուց փորձարկված ձեռնածություն է: Սա կիրառել են Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի, իսկ այժմ էլ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Վերջին հույսը Փաշինյանի խոսելն էր՝ լայվերի կամ պարբերական ֆեյսբուքյան գրառումների տեսքով: Հաճելիորեն, ի զարմանս ինձ, նա նույնիսկ դա չարեց՝ հնարավորություն չտալով ոչ սահմանից այն կողմ գտնվող հակառակորդներին, ոչ սահմանից այս կողմ գտնվողներին քաղաքական միավորներ շահել:

Մեծ հաշվով, այս բոլոր մոլորեցնող հնարքները ազդեցություն չունեցան: Դրանք միտված էին այս շղթայի հաղթանակին նոր հայրեր շնորհելուն և օրվա քաղաքական իշխանությանը վնասելուն:

Նրանց գործողություններին գնահատականներ կտան ապագայի պատմաբանները: Մեր խնդիրը մեկն է՝ արձանագրել այն, ինչ ունենք հիմա, և կոչ անել հասարակության լայն խմբերին՝ չտրվել նման սադրանքների: 

Օրերս արձանագրած հաջողությունները հնարավոր եղան բանակի մարտունակությամբ, ժողովրդի խոհեմությամբ և իշխանության առաջնորդությամբ: Այս երեք բաղադրիչներից որևէ մեկի առանձնացումը, թերարժևորումը կամ բաղդատումը նշանակում է հարված թիկունքից:

Իսկ դասականն ամեն դեպքում ասում էր՝ հաղթանակը հազար հայր ունի, պարտությունը որբ է:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am