«Բռնազավթված դպրոցներ, տեղահանված ուսուցիչներ․ ահավոր պայմաններում ենք սկսել ուսումնական տարին». Արցախի ԿԳՄՍ նախարար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը

– Տիկի՛ն Ղարախանյան, ինչպե՞ս Արցախում դիմավորեցիք սեպտեմբերի 1-ը։ Փաստորեն, պատերազմից հետո սա առաջին նոր ուսումնական տարին էր։

– Իհարկե դժվար։ Շատ ահավոր պայմաններում ենք մենք սկսել ուսումնական տարին, որովհետև ունենք բռնազավթված դպրոցներ, մանկապարտեզներ, տեղահանված ուսուցիչներ, խախտված իրավունքներով մոտ 6000 աշակերտներ, որոնք ցրված են ամենուր, ինչպես նաև՝ բռնազավթված դպրոցական գույք, ենթակառուցվածքներ։ Ահա այսպիսի ծանր պայմաններում սկսել ենք նոր ուսումնական տարին։

Բայց, այդքանով հանդերձ, մենք չենք ընկճվում ու շարունակում ենք գրել մեր պատմությունը։ Մենք շարունակելու ենք համառորեն աշխատել, ու այս տարվա մեր կարգախոսը լինելու է կրթության գաղափարի արժևորումը և այնպիսի համակարգի ստեղծումը, որը կերաշխավորեր ժամանակին համահունչ այնպիսի գիտելիքի ստեղծումը, որը երաշխավորելու է մեր անվտանգությունը։

– Իսկ ունի՞ Արցախը ռեսուրսներ՝ այդ նպատակին հասնելու համար։

– Այո՛, ես կարող եմ միանշանակ ասել, որ մենք ժամանակին համահունչ գիտելիք ստեղծում ենք, որպես արդյունք կարող եմ ասել, որ այս տարի միջազգային օլիմպիադայում մեր մարտունեցի Գևորգ Ավանեսյանը արծաթե մեդալ է բերել «Կենսաբանություն» առարկայից։ «Քիմիա» առարկայից Հայաստանում ենք հաղթել։ Այո՛, մենք ունենք այդ ռեսուրսը, ունենք այդ պոտենցիալը։

– Տիկի՛ն Ղարախանյան, կրթական համակարգում արդյոք իրականացվո՞ւմ են բարեփոխումներ, ի՞նչ նորություններով եք սկսում տարին։

– Ամենակարևոր բարեփոխումը, որը նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում, երկարօրյա դպրոց համակարգին անցնելն է։ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը մեկնարկում է Արցախի 14 դպրոցներում, և եկող շաբաթվանից մենք արդեն սկսում ենք։ Ամենակարևոր բարեփոխումն այսօր դա է։

Մարտահրավերները շատ են, խնդիրները շատ են, բայց դա հուշում է, որ մենք պետք է խիզախենք։ Մեր համակարգը իր պատմության ընթացքում այսքան ծանր փուլ չի ապրել։ Հաստատ խիզախելու ենք։

– Դուք բռնազավթված գույքի ու տեղահանված ուսուցիչների մասին հիշատակում արեցիք։ Կարո՞ղ եք ներկայացնել տվյալներ՝ քանի՞ մարդ է տուժել, ի՞նչ կորուստներ ունի Արցախի կրթական համակարգը։

– 108 դպրոց, 17 մանկապարտեզ, 11 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բռնազավթվել։ 618 հազար գիրք-գրականություն։ Չգիտեմ։ Ցավալի է կորուստները թվարկելը։ Ամենացավալին՝ 29 զոհված ուսուցիչ՝ զինղեկ, դպրոցի տնօրեն, ուսումնաօժանդակ կազմ։ Շատ-շատ մեծ կորուստների մասին է խոսքը՝ և՛ նյութական, և՛ մարդկային։ Կորստյան ցավին անձնատուր ենք սկսել մեր նոր ուսումնական տարին։ Բայց, կրկնում եմ՝ չենք ընկճվում, որովհետև ընկճվելուց ոչինչ չենք շահի։

44-օրյա պատերազմը մեզ համար անդասագիրք դպրոց էր, և, իհարկե, դասեր քաղում ենք, դասեր քաղելու ենք։ Մենք շարունակելու ենք վերլուծել ու ամենքս մեր բաժին մեղքը գտնել։

Իմ երազանքն է՝ այնպես աշխատել ու այնքան ներդրումներ անել, որ ստեղծենք անվտանգություն երաշխավորող գիտելիք, և որ մեր 18 տարեկան լույս տղաները ոչ թե զորակոչվեն ու բնագծերում կանգնեն, այլ նստեն իրենց տաքուկ անկյուններում ու այնտեղից ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով պահեն հայրենիքի բնագծերը։

Մենք միայն հայրենասեր սերունդ չէ, որ պետք է դաստիարակենք, այլ պետք է կարողանանք ժամանակին համահունչ գիտելիք ստեղծենք։

– Նաև շատ խոսվում է, որ Հայաստանի կառավարությունն անտեսել է Արցախը։ Դուք տեսնո՞ւմ եք աջակցություն Հայաստանի կառավարությունից։

– Մեր ոլորտում բարեփոխումների ծրագրերի առյուծի բաժինն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, և, այո՛, մենք զգում ենք մեր գործընկերների՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության անմիջական աջակցությունը։ Մինչ այսօր չի եղել որևէ հարց, որ դնենք ԿԳՄՍ նախարարության առաջ, ու նրանք չկարողանան լուծել։ Հիմնականում նրանք մեր կողքին են, մեզ հետ են ու օգնում են։ Մենք մի դաշտում ենք ու այդ դաշտից դուրս չենք գալու։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am