Ամանոր 2023, կամ ինչպես մարսել կոկորդին կանգնած ոսկորը 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Հանրապետության հրապարակի լույսերը և հրավառությունը կրկին ալեկոծեցին հանրությանը։ Մեր մեջ կա խնդիր, որի մասին չենք բարձրաձայնում, բայց որն ամեն անգամ, հենց առիթ է ներկայանում, դուրս է պրծնում փոխադարձ մեղադրանքների տեսքով։ 

Եթե որոշեք հոգեբան դառնալ և մասնագիտանալ կորուստ կամ վիշտ ապրած մարդկանց օգնելու մեջ, առաջինը, որ դասախոսը ձեզ հավանաբար կասի, այն է, որ ամեն մարդ վիշտն ապրում է յուրովի։ Մեկը լացում է, մյուսն ավելի շատ է աշխատում, երրորդը լռում է, չորրորդը փորձում է կատարվածի մեջ տրամաբանական շարք գտնել… Չկա վիշտն ապրելու մեկ հստակ ձև։ Ըստ այդմ` սպասել, որ հասարակության բոլոր անդամները միանման վարք կցուցաբերեն, անիմաստ է։ Թե տոնածառ դնողը, թե չդնողը կարող են հավասարապես սգալ թե զինվորների, թե հայրենիքի կորուստը։ 

Այս դեպքում ինչու է շատերի մեջ այնպիսի տպավորություն, որ ինչ-որ բան սխալ է։ Բանն այն է, որ անկախ մարդկանց անձնական հույզերից, երբ ինչ-որ բան է պատահում, մարդու ուղեղը չի կարող երկար մնալ անորոշ, քաոտիկ վիճակում։ Հատկապես երբ կատարվածը քո իմացած աշխարհի փուլ գալն է։ Անկախ նրանից, մարդն Արցախի հետ կապված էր, թե ոչ… անգամ հակաարցախյան ամենաբացասական տրամադրություն ունեցող անձինք սովոր էին, որ մեր բանակն ուժեղ է, որ Հայաստանում ապահով է, որ մեր քարտեզն ունի այն տեսքը, որն ուներ։ Ըստ այդմ` չեմ կարծում, թե Հայաստանում կգտնվի գեթ մեկ բանական մարդ, որին 2020-2023-ն ընկած ժամանակահատվածում կատարվածը չի հուզել։ Ավելին` ի հայտ են եկել արդեն հարյուր տարվա վաղեմության գոյաբանական վախերը։ 

Նման իրավիճակը ավելի քան մտահոգիչ է։ Մարդը գտնվում է քրոնիկ սթրեսի մեջ։ Եվ այստեղ է, որ օգնության են հասնում տարբեր տեսակի արարողությունները։ Նրանք նորմալացնում են քեզ հետ կատարվող աննորմալ թվացող իրադարձությունները, հյուսում են այն քո իրականության հետ, հաստատում և ընդունում են փաստը, որ դու վշտի մեջ ես և ոչ քեզնից, ոչ դիմացինից չես սպասում ադեկվատ ռեակցիա։ Օրինակ` փողոցում հանկարծակի բարձր բղավող կնոջը մենք գուցե խելագար համարենք, բայց թաղման ժամանակ նման վարքով կինը ոչ մեկի զարմանքը չի առաջացնի։ Քանի որ մեր վարքի մեջ առավել քան կարևոր է կոնտեքստը։ Եվ հենց այդ կոնտեքստն է, որ պետք է ապահովի արարողակարգը։ Եվ հենց այդ կոնտեքստն է այսօր պակասում։ 

Լիովին հասկանալի են մարդկանց ջանքերը գոնե երեխաների համար նորմալ արարողակարգի ապահովման ուղղությամբ։ Ամանորյա պատրաստությունները, երեխաներին նվերներ գնելը, տոնածառը մարդկանց օգնում են զբաղեցնել մտքերը, հավաքել ուժերն ու փորձել շարունակել ապրել։ Փորձել երեխաներին պաշտպանել արտաքին աշխարհի սպառնալիքներից և վախերից։ Մի հայտնի իտալական ֆիլմ կա՝ «Կյանքը հիասքանչ է»: Այն պատմում է գերմանական համակենտրոնացման ճամբար ընկած հոր և որդու մասին։ Հայրն ամբողջ ընթացքում երեխային հավատացնում է, որ իրենք մեծ խաղի մեջ են, և վերջում հաղթողը կստանա գլխավոր մրցանակը` տանկ։ Այսպիսով նա պաշտպանում է որդուն շրջապատում տեղի ունեցող իրական սարսափից։ Անորոշության և գոյաբանական սպառնալիքի միջավայրում փորձել ապահովել երեխաների փոքրիկ կայուն աշխարհը հասկանալի ծնողական ընտրություն է։ 

Խնդիրն այն է, որ պետությունն էլ թերևս պետք է փորձեր կառուցել հասարակության համար ապահովության միջավայր։ Բայց այս դեպքում հրաշքների նկատմամբ հավատը չէ, որ կօգներ մարդկանց, այլ իրավիճակի ընդունումը։ Հերքումը, անտեսումը, ասես ոչինչ չի եղել, չեն օգնելու, այլ ավելի են խորացնելու իրավիճակը։ Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց և որոշում ընդունող օղակների իրականությունը չի տարբերվում։ Երբ դու վախի և վշտի մեջ ես մի միջավայրում, որտեղ քո զգացածն անտեսվում և արժեզրկվում է, քո վախերն ավելի են սրվում, դու դառնում ես պաշտպանվող և ագրեսիվ։ Պետությունը պետք է ապահովեր միջավայր, կոնտեքստ, որտեղ բոլորի տարբեր զգացողություններն ընդունելի կլինեին։ Պետությունը պետք է խոստովաներ, որ մենք բոլորս գտնվում ենք ոչ նորմալ իրավիճակում։ Եվ այդ ժամանակ բդի առկայությունն ու բացակայությունը հավանաբար այդքան սուր խնդիր չէր դառնա։ 

Աննորմալ իրավիճակներում մարդկանց աննորմալ ռեակցիաները նորմալ են։ Մեր խնդիրը, սակայն, այն է, որ մենք փորձում ենք ձև թափել, թե գտնվում ենք նորմալ իրավիճակում։ Իսկ դա չի համապատասխանում իրականությանը։ Հետևաբար, թե ամանորը ուրախությամբ տոնող, թե չտոնող քաղաքացիները մի տեսակ կոնտեքստից դուրս են թվում։ Տարօրինակ։ Ոչ ադեկվատ։ 

Մեր ոտքի տակից փախցրել են կոնտեքստը։ Մեր զգացողությունները չեն համապատասխանում այն իրականությանը, որը շատ մեդիաներ փորձում են «նկարել» մեզ համար։ Գուցե՝ ամենաբարի մտադրություններով։ Բայց հակառակն է ստացվում։ Մենք նմանվում ենք ձգողականության բացակայության պայմաններում աջ ու ձախ գլորվող էակների։ Իրարից անջատ, անկապ, երբեմն` պատահաբար իրար բախվող։ Որքան էլ մեզնից շատերը փորձեն ապրել այնպես, ասես ոչինչ չի եղել և չի լինելու, մեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Ամբողջ հասարակությունը պետք է ընդունի եղածը, սգա և շարունակի ապրել։ Ու հենց այդ պահին քայլ առ քայլ առաջ կգան ապագայի հետ կապված փոքր նախագծեր, տեսլական և գուցե նաև՝ լույս թունելի վերջում։ 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am