Փունջ մը ծաղիկ, բույլ մը դատարկություն. իներցիոն Մարտի 8-ը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Մարտի 8-ին Երևանի քաղաքապետարանը կանանց և աղջիկների համար նվեր է պատրաստել։ Բոլորը կերթևեկեն անվճար։ Թվում է, թե դե մտածել են մի լավ բան անեն։ Ի՞նչ կա որ: Բայց այս ժեստը ավելի շատ նման է խոցելի խավին հատկացվող օգնության, և լավ, գոնե ամբողջ տարի այդպես լիներ, չէ, տարին մեկ օր կանայք համարվում են թույլ, խոցելի, խնամքի կարիք ունեցող։ Բոլոր մնացած օրերին անգամ ծնարանում` հերիք ա գոռաս, աղջիկ ջան, գլուխներս տարար…

Իրականում այս որոշումը շատ հետաքրքիր արտացոլանք է մեր երկրի էլիտայի և հասարակության կարճամտության։ Բուկլետներից անդին ոչինչ չկարդացած չինովնիկները մարտի 8-ի մասին գիտեն միայն այն, որ այդ օրը կանանց պետք է ինչ-որ նվեր հրամցնել, թե ինչու, չեն խորացել։ Ինչպես նաև գիտեն, որ ԱԺ-ում հավաքված անձանց որոշակի տոկոսը պիտի լինի իգական սեռի ներկայացուցիչ։ Թե ինչու է դա այդպես, ով և ինչպես է հորինել «դրական խտրականություն» կոչվածը, և ինչ նպատակներ է դա հետապնդում, մեզ հայտնի չէ։ Ասեք, կանենք։ Սա իրոք մեր կարգախոսն է եղել՝ ուղղված տարբեր ուժային կենտրոններին առնվազն վերջին 30 տարիների ընթացքում։ 

Ես այս հոդվածում չեմ ուզում խոսել կանանց իրավունքների խախտումներից։ Աշխատանքի, կյանքի, առողջության, բռնության հետ կապված խնդիրները բազում են, և մասնագետները թերևս կարող են շատ ավելի լավ դրանք ներկայացնել։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք մեր երկրի կառավարման համակարգի իմաստազուրկ դատարկությանը։ Եվ այս դատարկության զնգոցը գալիս է արդեն 30 տարի։ 

Մի պետություն, որի «կմախքը» փաստացի կազմված է կանանցից, պատկերացում անգամ չունի, իսկ ի՞նչ է ինքը մտածում այս թեմայի շուրջ։ Երբ ես ասում եմ՝ կմախք, ի նկատի ունեմ գրեթե բոլոր պետական ինստիտուտները (երևի թե բացառություն են կազմում զինված ուժերն ու արդարադատությունը)։ Մանկապարտեզներից մինչև անձնագրային բաժիններ, դպրոցներից մինչև պոլիկլինիկաներ… պետական ամբողջ միջին օղակը, փաստացի, պետության հիմնասյուները իրենց ուսերին պահում են ցածր վարձատրվող 30-70 տարեկան կանայք։ Ու նման պետությունը չունի կանանց իրավունքների, աշխատանքային, առողջական խնդիրների վերահսկման ոչ մի սեփական օրակարգ։ Դրսից նրբորեն պարտադրածն էլ անում ենք թռչնակի համար` ձևին ծարավ լինելով։ 

Մեզ մոտ կա զրո գիտակցություն, թե ինչ են ուզում մեր երկրի կանայք, ինչի կարիք ունեն նրանք, ինչպես է պետությունը տեսնում կանանց հետ կապված խնդիրներն ու դրանց լուծումները։ Եթե շատ խոր մտածենք, կարող է պարզվել, որ գուցե, օրինակ՝ սկանդինավյան երկրների առաջարկած լուծումների փաթեթը մեր հասարակությունում ապրող կնոջ մարտահրավերներին այնքան էլ չի համապատասխանում։ Գուցե, օրինակ, մեր հասարակությունում ապրող կինը հարցին, թե ի՛նչ կուզի պետությունը անի իր համար, պատասխանի՝ ռմբապաստարան կառուցիր կամ ինձ էլ ռազմական գործ սովորեցրու, որովհետև իր առջև ծառացած խնդիրներն ա՞յլ են…

Իմ դիտարկմամբ` մարտի 8-ին Հայաստանում բնակվող կնոջը ոչ թե ծաղիկ է պետք, այլ աշխատանք այն ուղղությամբ, որ նա ինքը ծաղիկ չգնի որդու կամ եղբոր գերեզմանի համար։ Եվ երբ ես ասում եմ սեփական օրակարգ, ի նկատի ունեմ հենց այսպիսի, գետնի վրա առկա խնդիրներ, որոնք վերաբերում են այստեղ և այսօր ապրող կանանց, միս ու արյունից։ Ոչ թե պաթետիկ, գեղեցիկի և թուլության խորհրդանշաններին, որոնց շնորհավորում են մեր բոլոր պետական օղակները նույն ծեծված արտահայտություններով։ 

Վերջում մարտի 8-ին ընդառաջ ուզում եմ հոդվածն ավարտել հայ մտավորականներից մեկի խոսքով, որը թերևս պետք է փակցված լիներ կառավարության նիստերի դահլիճում։ 

«Անընդունելի է պայքարել հայերի ազգային իրավունքների համար`միաժամանակ մերժելով մեր ազգի մի կեսի լիակատար ճանաչումը։ Այն, ինչ անընդունելի է տեսության մեջ, մշտապես ունենում է գործնական հետևանքներ։ Հայ տղամարդիկ պետք է գիտակցեն, որ հողագնդի վրա կա 6,5 միլիոն և ոչ թե 3,25 միլիոն հայ։ Մեր հայրենիքը և ազգային իրավունքները վերաբերում են հայ կանանց նույնքան, որքան` հայ տղամարդկանց»: Խոսքերի հեղինակն է ազատամարտիկ, հայրենասեր, ազգայնական, մտավորական, սոցիալիստ Մոնթե Մելքոնյանը։ 

Լիաննա Խաչատրյան

MediaLab.am