Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին

Ադրբեջանը Իրանին է վերադարձրել երկու վարորդներին, որոնց ձերբակալել էր Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են երկրի պետական մաքսային կոմիտեից, գրում է Factor.am-ը։

«Ղեկավարվելով մարդասիրության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության սկզբունքներով ու բարի կամք դրսևորելով՝ Իրանի քաղաքացիներ Բարզեգար Ջաֆար Գազանֆարը և Նորոուզի Շահրոդ Հեյդարը, պայմանավորվածությունների համաձայն, հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձվել են իրենց երկիր»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ իրանցի երկու վարորդները ձերբակալվել էին սեպտեմբերի 15-ին, ինչն էլ հանգեցրեց Թեհրանի և Բաքվի հարաբերությունների կտրուկ վատթարացմանը։