Հայաստանը միանում է Թրամփի «Խաղաղության խորհրդին», մինչ եվրոպական երկրները ցուցաբերում են զգուշավորություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ միանալու «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ պետություն։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», -նշել է Բաղդասարյանը։

Թրամփի կողմից ուղարկված պաշտոնական նամակում նշվում է, որ Հայաստանը հրավիրվում է մասնակցելու խորհրդի կանոնադրության ստորագրմանն ու վավերացման գործընթացին, ինչպես նաև ներգրավվելու նոր ձևավորվող միջազգային խաղաղապահ կառույցի աշխատանքներին։ Նամակում ընդգծվում է, որ նախաձեռնության նպատակն է նպաստել «կայուն խաղաղության, բարգավաճման և գլոբալ անվտանգության ձևավորմանը»։

Միաժամանակ, միջազգային մամուլի փոխանցմամբ, նախաձեռնությունը չունի միանշանակ աջակցություն։ Reuters-ի տվյալներով, մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում Ֆրանսիան, զգուշավոր վերաբերմունք են ցուցաբերում Թրամփի նախաձեռնության նկատմամբ՝ մտահոգություն հայտնելով, որ նոր կառույցը կարող է թուլացնել գործող բազմակողմ դիվանագիտական մեխանիզմները և ստեղծել ԱՄՆ-ի ազդեցությամբ գործող զուգահեռ հարթակ։

Reuters-ը նաև հաղորդում է, որ «Խաղաղության խորհուրդը» սկզբնապես ներկայացվել էր որպես Գազայի վերակառուցման գործընթացին աջակցող կառույց, սակայն խորհրդի կանոնադրության նախագծում Գազայի մասին ուղիղ հիշատակում չկա, ինչը ենթադրություններ է առաջացրել նախաձեռնության հնարավոր ավելի լայն աշխարհաքաղաքական մանդատի վերաբերյալ։

Սպիտակ տան հրապարակած տեղեկատվության համաձայն՝ խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին և Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգային։

Միջազգային աղբյուրների փոխանցմամբ՝ խորհրդին մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչպես նաև Կանադային, Եգիպտոսին, Թուրքիային և Արգենտինային։

Reuters-ի հաղորդմամբ, խորհրդի կանոնադրության նախագծով նախատեսվում է, որ երկրները կարող են անդամակցել կառույցին երեք տարվա ժամկետով, իսկ մշտական անդամ դառնալու համար պահանջվում է առաջին տարվա ընթացքում ավելի քան 1 միլիարդ դոլարի ֆինանսական ներդրում։ Ժամանակավոր անդամների համար պարտադիր ֆիքսված վճար չի սահմանվում, սակայն ակնկալվում է կամավոր ֆինանսական մասնակցություն ծրագրերի իրականացման շրջանակում։

Այս ֆոնին Հայաստանի՝ որպես հիմնադիր անդամ ներգրավվելը «Խաղաղության խորհրդին» տեղի է ունենում այն պայմաններում, երբ մի շարք եվրոպական երկրներ դեռևս չեն շտապում միանալ նախաձեռնությանը՝ այն դիտարկելով զգուշավոր քաղաքական հաշվարկների համատեքստում։

MediaLab.am