44-օրյայի զեկույցն ուղարկվել է արխիվ, քանի որ չի համապատասխանում իշխանության նախընտրական ֆեստիվառային տրամադրությանը. Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը ստացել է «հույժ գաղտնի» կարգավիճակ՝ բացի այն, որ արխիվացվեց։ Ձեր գնահատմամբ՝ եթե պետք է նման կարգավիճակ տրվեր, ապա ինչի՞ համար էին այդ հանձնաժողովի աշխատանքները։

– 2020-ին՝ պատերազմից հետո, մարդիկ ուզում էին հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ, և ինչու Հայաստանն ու Արցախը այդքան զոհ տվեցին, բայց կորցրեցինք ամեն ինչ։ Այն ժամանակ պառլամենտում մենք հարց բարձրացրինք անկախ քննիչ հանձնաժողով ստեղծելու և պատճառները հասկանալու համար։ Իշխանությունը վախեցավ այդ մտքից և նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը՝ հաշվարկելով, որ միայն պառլամենտական քննիչ հանձնաժողովի ձևաչափով կարող են պլստալ պատասխանատվությունից։ Դրա համար էլ ստեղծվեց այդ հանձնաժողովը։ Ուզում էին մարդկանց աչքին թոզ փչել, որ իրենք այնքան ազնիվ և ուժեղ են, որ պատրաստ են իրենք իրենց քննել և ստանալ օբյեկտիվ արդյունք։ 

– Այդ զեկույցը ինչ-որ լուրջ տեղեկություննե՞ր է պարունակում, որից մտավախություն ունի իշխանությունը։

– Փաստ է, որ այդ զեկույցը չի կարող օբյեկտիվ արտացոլել ճշմարտությունը պատերազմից առաջ եղած վիճակի և ընթացքի մասին, որովհետև Ազգային ժողովում աթոռ զբաղեցրած և Հայաստանում իշխանություն ունեցած և ունեցող քաղաքական ուժերը, վստահ եմ, այդքան կամք չունեն օբյեկտիվ քննելու և պարզ ճակատով հանրությանը ներկայացնելու իրենց ընդունած որոշումների աղետալի հետևանքները և ձախողված կառավարումը։ Պատերազմի համար դեռևս դատվում են զինվորականներ (խիստ կասկածում եմ, որ դրանք արդար դատավարություններ են), բայց ոչ քաղաքական որոշում կայացնողները։ Սա պնդում եմ՝ հաշվի առնելով նաև դրան նախորդած ապրիլյան քառօրյա պատերազմի մասին զեկույցը, որը ավելի շատ դավադրական քաղաքականացված փաստաթուղթ էր, քան տեղի ունեցածի համակողմանի և պրոֆեսիոնալ վերլուծություն։ 

Իմ կարծիքով՝ զեկույցն ուղարկվել է արխիվ, քանի որ չի համապատասխանում իշխանության նախընտրական ֆեստիվառային տրամադրությանը։ Եթե նույնիսկ այդ զեկույցում չկան ցնցող բացահայտումներ պետական ապարատի անգործության կամ հանցավոր գործունեության մասին, միևնույն է, դրա հրապարակային քննարկումը լայն դաշտ է բացելու տարբեր դեբատների և վերլուծությունների համար, որը ստեղծելու է օրակարգային ֆոն, տհաճ ֆոն։ Հենց սրանից են վախենում իշխանությունները, որովհետև նրանք ամեն ջանք գործադրում են ժողովրդին պահելու պատրանքային խաղաղության թմրեցնող դոզայի տակ, որ այդ իներցիայով հաղթեն ընտրությունները։ Անցյալի մասին ցանկացած քննարկում վտանգ է ներկայացնում այս նախընտրական տակտիկայի համար։ 

– Հնարավո՞ր է, որ այդ զեկույցը չի արտահայտում այն պատկերը, որի մասին խոսում էին իշխանությունները՝ դավաճանություններ, դասալիքներ և այլն, դրա համար էլ չի հրապարակվում։

– Հնարավոր է նույնիսկ, որ վիճակը մեր պատկերացրածից այնքան վատ է եղել, որ Քոչարյանի հանձնաժողովը չի կարողացել ամեն ինչ ծածկադմփոց անել։ Եթե մեկ առ մեկ հիշենք 2020 թվականին պառլամենտ եկող և տիեզերական ստեր զեկուցող կառավարության պաշտոնյաներին, դա էլ բավարար կլինի։ 

– Հանրությունն իրավունք չունե՞ր արդյոք ծանոթանալու նման կարևոր պատմական իրադարձության մանրամասներին, տիկի՛ն Սամսոնյան:

– Հանրությունն իրավունք ուներ իմանալու, թե ինչու այդքան տարիներ իր հարկերով պահած երկիրը մեկ օրում պայթեցրին։ Բայց այստեղ մեդալի մյուս երեսն էլ կա։ Ես կարծում եմ, որ 2021 թվականին իշխանությանը վերընտրելով՝ հանրությունը իր ձեռքով թաղեց ճշմարտության և արդարության հասնելու հնարավորությունը։ Հիմա կասեք՝ էլի մեղադրում են ժողովրդին։ Ես մեծ սիրով կմեղադրեի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, եթե նրանք իշխանության բերած լինեին Փաշինյանին։ Բայց ճշմարտությունն այն է, որ այս իշխանության օրոք ժողովուրդն այդպես էլ չի իմանալու, թե ինչու մեծացավ Եռաբլուրը 2020 թվականին և դրանից հետո։

– Կարո՞ղ ենք ասել, որ իշխանության համար էական չեն հանրության իրավունքներն ու պահանջները՝ ելնելով այս որոշումից։

– Դե տեսնում եք՝ ինչ ուզում անում են. կոռուպցիայով զբաղվում են, մեր սուվերեն տարածքները զիջում են, Ադրբեջանի պահանջով Սահմանադրություն են ուզում փոխել, միջանցք են տալիս, Արցախը հանձնեցին։ Ինչ ուզում անում են և հանրությանն էլ ոչ մի բանի տեղ չեն դնում։ Վաղը կհայտարարեն, որ ժողովուրդը հեղափոխություն չարեց ու չպահանջեց, որ մենք զեկույցը հրապարակենք, մենք էլ չհրապարակեցինք ու վերջ, թեման կփակվի։

Ակնհայտ էր, որ 44-օրյայի այս զեկույցն արժանանալու էր ապրիլյան պատերազմի մասին զեկույցի ճակատագրին, որը գրվեց ներքին քաղաքական խարդավանքների սոուսով (ամբողջությամբ ծանոթացել եմ զեկույցին), իսկ ռազմական բաղադրիչը այդպես էլ լրջորեն քննարկման առարկա չդարձավ ո՛չ բանակի սպայակազմի, ո՛չ էլ բանակի միայն լավ օրերի համար գերագույն գլխավոր հրամանատար ծառայող անձի համար։ Դրա համար պետք է թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը և իշխանափոխությունից հետո անցկացնել պատերազմի և դիվանագիտության իրական և օբյեկտիվ աուդիտ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am