Կոչ ենք անում ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ օր առաջ դադարեցնել լրագրողների գործունեության խոչընդոտումը․ հայատարարություն

2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմաանպահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ. գրում է իրազեկ քաղաքացիների միությունը: Նախևառաջ, հարկ է արձանագրել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահանջը իրավաչափ չէ:

Հայաստանի օրենքները (այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքը) չեն նախատեսում սահմանամերձ համայնքներում լրագրողների գործունեության սահմանափակում, իսկ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության սեպտեմբերի 27-ի որոշման այն դրույթները, որոնք նախատեսում են լրագրողների իրավունքների (խոսքի ազատության) սահմանափակումներ, նոյեմբերի 20-ին կասեցվել են Սահմանադրական դատարանի կողմից, այնուհետև՝ դեկտեմբերի 2-ին, ուժը կորցրել են Ազգային ժողովի որոշմամբ: Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ սահմանելով, որ իրավունքները կարող են սահմանափակվել միմիայն օրենքով՝ սահմանադրությամբ թվարկված նպատակների համար:

Նույնը սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածով: Հետևապես, Հայաստանի Հանրապետության տարածքում առանց ԱԱԾ թույլտվության լրագրողների մասնագիտական գործունեությունն օրինական է և դրա խոչընդոտումն արգելված է ինչպես «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով: Պայմանավորված Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ, լրագրողների գործունեությունը կարող է սահմանափակվել միայն կառավարության և Ազգային ժողովի կողմից և ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայության։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստիվ դատապարտում են ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից լրագրողների օրինական գործունեության խոչընդոտումը:

Գտնում ենք, որ դա ոչ միայն քրեորեն արգելված արարք է, այլև հակասում է ժողովրդավարական և իրավական պետության նվազագույն չափորոշիչներին: Ազգային անվտանգության մարմինների կողմից Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված գործառույթները, ըստ էության, իրենց վրա վերցնելը հակասում է մայր օրենքով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին, քանի որ ոչ միայն խախտվում է 42-րդ ու 51-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները, այլև 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված իշխանությունների բաժանման, իրավական նորմերի աստիճանավորման ու օրինականության սկզբունքները:

Համարում ենք, որ «չեկիստական» գրաքննության այս գործելաոճը չի կարող արդյունավետ լինել ազգային անվտանգության տեսանկյունից (տե՜ս 2020 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը) և, որպես կանոն, բերում է հանրության շրջանում իշխանության ինստիտուտների նկատմամբ անվստահության աճին և պարարտ հող է բացում ապատեղեկատվության ու խուճապի համար:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս կոչ ենք անում ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ օր առաջ դադարեցնել ապօրինի, հակասահմանադրական, մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին հակասող և, միաժամանակ, ազգային անվտանգությանը վնասող՝ լրագրողների գործունեության խոչընդոտումը Ազգային ժողովին՝ պատշաճ խորհրդարանական վերահսկողություն սահմանել ԱԱԾ-ի նկատմամբ՝ պարտավորեցնելով վերջինիս հարգել սահմանադրական կարգի հիմունքները: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ պետական սահմանի և սահմանամերձ գոտիների անվտանգության ապահովման նպատակով լրագրողների գործունեության կանոնակարգումը և դրա որոշ սահմանափակումները կարող են իրականացվել Ազգային ժողովի կողմից՝ «Պետական սահմանի մասին» օրենքում այնպիսի փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական պետության անվտանգության ապահովման նպատակներից ելնելով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավական հետազոտւոթյան եւ զարգացման կենտրոն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ