Վերջին օրերին մամուլով պարբերաբար անդրադարձ է լինում ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից սոցիալական ցանցերը, մասնավորապես, Ֆեյսբուքն ու Սկայպը վերահսկելու, գաղտնալսելու մասին տեղեկություններին: Երկու օր առաջ էլ Ֆեյսբուքի ղեկավարությունն էր հաղորդագրություն տարածել, որում խոստովանել էր, որ ծրագրային խափանման արդյունքում ՖԲ որոշ օգտատերերի անձնական տվյալներ այլ օգտատերերի կողմից պատահաբար տեսանելի են դարձել: Ավելին, այսօր հայտնի դարձավ, որ Ֆեյսբուքի անվտանգության բաժնի պետն աշխատանքի կանցնի ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում, ինչն իր հերթին շատ բան է ասում:
Այս ամենը որքանո՞վ է առնչվում Հայաստանին, արդյո՞ք մենք, մասնավորապես, մեր քաղաքական կամ հանրային գործիչները, ովքեր որոշակի հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ համար՝ նույնպե՞ս վերահսկվում են, եւ դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Այս եւ այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
-Իմ կարծիքով` ոչ միայն ԱՄՆ-ի ծառայությունները, այլեւ ընդհանրապես բոլոր գերտերությունների ծառայությունները, որոնք այս տարածաշրջանում ինչ-որ շահեր են հետապնդում, իրենք այդ գաղտնալսումներով կամ դրա փորձերով զբաղվում են, ուղղակի ԱՄՆ-ի տեխնիկական բազան ավելի հզոր է, որովհետեւ ամենատարածված էլեկտրոնային փոստային ծառայությունները եւ հոսթինգները, որտեղ ներկայացված են հայկական կայքերը, որոնցից հնարավոր է ինչ-որ ինֆորմացիա քաղել, գտնվում են ԱՄՆ վերահսկողության տակ: Հետո, պետք է նաեւ հաշվի առնել, որ բացի նման գաղտնալսումներ անելուց, կարող են ուղղակի գաղտնալսումներ անել:
-Ուղղակի ասելով՝ հեռախոսայի՞նը նկատի ունեք:
-Հեռախոսը լսել, կաբելներով վերահսկել: Մեր կապը՝ Բիլայնն էլ, ՄՈՏՍ-ն էլ, ինչպես գիտենք, ռուսաստանյան ընկերություններ են, եւ հնարավոր է վերահսկվեն ՌԴ ծառայությունների կողմից: Ամեն դեպքում, իհարկե, մի քիչ բարդ է եւ թանկ հաճույք է ունենալ սեփական ամեն ինչը, այդ իսկ պատճառով մեր պաշտոնյաները ուղղակի պետք է ուշադիր լինեն եւ ավելի շատ օգտագործեն հատուկ կապի միջոցներ, որոնք կան եւ թույլ են տալիս դուրս մնալ այդ վերահսկողությունից: Իսկ մարդիկ, ովքեր ակտիվ են Ֆեյսբուքում, մանավանդ՝ պաշտոնյաները, պետք է իմանան, որ որեւէ գաղտնի ինֆորմացիա չպետք է տեղադրել սոցցանցերում եւ նույնիսկ՝ չաթով չխոսել, որովհետեւ ամեն ինչը գնում տեղադրվում է համապատասխան սերվերի վրա: Եվ կախված նրանից, թե ինչքան են կարեւորվում տվյալ պահին ընթացող գործընթացները, այնքան ավելի ուժեղ կլինի եւ հետախուզությունը, եւ գաղտնալսումը եւ այլն: Ամեն դեպքում, պետք է իմանալ, որ ամեն ինչ գաղտնալսվում է, ամեն ինչին հետեւում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/24/258317/