Ռուսաստան գյուղմթերք արտահանելու մասին զրույցները հեքիաթներ են

Ռուսաստան գյուղմթերք արտահանելու մասին զրույցները հեքիաթներ են
Ռուսաստան գյուղմթերք արտահանելու մասին զրույցները հեքիաթներ են

Lragir.am-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյան, վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներով պայմանավորված՝

 հայկական գյուղմթերքը կարող է մեծ տեղ զբաղեցնել ռուսական շուկայում: Մասնավորապես, Հայաստանի իշխանություններն արդեն խոսում են Հայաստանի գյուղատնտեսության մեծ պոտենցիալի մասին, արտահանման ծավալները մեծացնելու կոչեր անում ոլորտի տնտեսվարողներին: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

Կասկած չկա, որ այդպիսի հայտարարություններն ունեն քաղաքական դրդապատճառներ: Մոսկվային ձեռնտու է, որ դեռևս իր ազդեցության տակ գտնվող երկրները բարոյական աջակցություն ցուցաբերեն իրեն Արևմուտքի պատժամիջոցներից պաշտպանվելու գործում: Դրանով էլ պայմանավորված՝ այդպիսի քարոզչական աշխատանքի են լծվել նաև Հայաստանի իշխանությունները և նրանց սպասարկող «փորձագետները»: Իսկ նրանք, ովքեր իսկապես հավատում են հայկական գյուղմթերքի «հաղթարշավին» ռուսական շուկայում, պարզապես ընդունակ չեն հասկանալու և բացատրելու նման մասշաբի խնդիրները: Բացի պրոֆեսիոնալ անկարողության ցուցադրությունից, դրանով նրանք փորձում են նաև դրսևորել ռուսասիրական զգացմունքների հետ խառնված իրենց եսասիրական զգացմունքները:

Ի՞նչ է տեղի ունենում իրականում, կա՞ վերլուծություն, թե արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված՝ ռուսական շուկայում ինչ փոփոխություններ են կատարվելու:

Սննդամթերքով Ռուսաստանի ինքնաբավության մակարդակը շուրջ 60 % է: 2000-2013 թվականների ընթացքում սննդամթերքի և գյուղատնտեսական հումքի ներմուծումը Ռուսաստան աճել է մոտ 6 անգամ՝ 7 մլրդ դոլարից հասնելով մինչև 43 մլրդ դոլարի (ԱՊՀ երկրերից` 6.1 և մնացած երկրներից` 36.9 մլրդ դոլար): Ընդ որում, 2013 թվականին կաթնամթերքի կշիռն ընդհանուր ներմուծման մեջ 2000 թվականի համեմատ աճել է 6.4, մրգերինը և ընկույզինը` 5.6, ձկանը՝ 4.8 տոկոսային կետով: Նույն ժամանակաշրջանում ներքին սպառման ընդհանուր ծավալում իջել է թռչնի և խոզի մսի կշիռը: Մեծ է կախվածությունը մրգերի, բանջարեղենի առանձին տեսակների, օրինակ պոմիդորի, և կաթնամթերքի (չոր կաթ և պանիրներ) մասով: Տասներեք տարում ներմուծման նման կտրուկ աճը պայմանավորված է մի շարք գործոններով: Մասամբ այն պայմանավորված է պարենամթերքի որոշակի տեսակների միջազգային գների բարձրացմամբ: Սակայն ամենակարևոր գործոնը թերևս Ռուսաստանի բնակչության դրամական եկամուտների ավելացումն է՝ պայմանավորված էներգակիրների միջազգային գների բարձրացմամբ և այդ երկրում էներգակիրների արդյունահանման ծավալների ավելացմամբ:

Կասկած չկա, որ Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ի վերջո հանգեցնելու են այդ երկրի բնակչության դրամական եկամուտների էական կրճատմանը, ինչը իր հերթին հանգեցնելու է սննդամթերքի և գյուղատնտեսական հումքի սպառման, ենթադրելի է նաև դրանց ներմուծման ծավալների կրճատմանը: Կրճատվելու է հատկապես որակյալ և թանկարժեք սննդամթերքի սպառումը: Այսինքն՝ սննդամթերքի ներմուծման ծավալների կրճատումն առանց էմբարգոյի էլ տեղի էր ունենալու: Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի իշխանությունները փորձում են առավելագույնս շահել՝ մի կողմից վերակողմնորոշել որոշակի տեսակների սննդամթերքի ընթացիկ ներմուծման հոսքերը Արևմուտքի երկրներից դեպի Ռուսաստանի նկատմամբ համեմատաբար բարյացակամ տրամադրված երկրներ, մյուս կողմից՝ զարկ տալ տեղական արտադրությանը՝ երկրի ինքնաբավության մակարդակը բարձրացնելու նպատակով: Ցանկացած դեպքում առաջիկա ժամանակշրջանում սննդամթերքի, այդ թվում՝ ներմուծվող, սպառումը Ռուսաստանում կկրճատվի և կյանքի որակը կընկնի: Իսկ արդյոք կհաջողեն իշխանությունները բարձրացնել երկրի պարենային ինքնաբավության մակարդակը, այլ խնդիր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.lragir.am/