«Թուրքիան ու Ադրբեջանը կաշխատեն ճնշումն ուժեղացնել Հայաստանի վրա, որ ինչ-որ զիջումներ ստանան»․ Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է։

Հայտարարություն եղավ, որ իրենք կստիպեն Հայաստանին՝ Սյունիքով միջանցք ստեղծելու։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս հայտարարությունները։

– Ես կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն և փորձում են օգտվել այն պարտությունից, որը մենք կրել ենք, և այն հաղթանակից, որն իրենք տարել են, և կաշխատեն ճնշումն ուժեղացնել Հայաստանի վրա, որ Հայաստանից ինչ-որ զիջումներ կորզեն։

Նրանց թիրախը Սյունի՞քն է։

– Ես չէի ասի, որ Սյունիքն է, ավելի շուտ, նրանց թիրախն ընդհանրապես Հայաստանը թուլացնելն է՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Մյուս կողմից, իհարկե, Սյունիքն ու Տավուշն են, որովհետև այն հայտարարությունները, որ Ալիևն անում է՝ կապված Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ, առաջինը հող են նախապատրաստում հետագայում ավելի ագրեսիվ գործողությունների համար։

Մյուս կողմից՝ դա համաձայնեցված է Թուրքիայի հետ։ Հիմա, իհարկե, ես չեմ կարծում, որ նրանք կդիմեն ագրեսիվ գործողությունների, բայց այդ հայտարարություններով նրանք ապագայում հող են նախապատրաստում և միջազգային թատերաբեմում կարծիք են ստեղծում, թե իբր դրանք իրենց պատմական հողերն են, իրենք պետք է «ազատագրեն»։

Այնպես որ, ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա տարբեր հարցերում, ոչ միայն Սյունիքի։

Հայաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն։

– Ես մեծապես կարևորում եմ, որ մենք կարողանան դուրս գալ այն աշխարհաքաղաքական մեկուսացումից, որի մեջ հայտնվել ենք Արցախյան պատերազմի ժամանակ։

Երկրորդ՝ մենք պետք է արդեն սկսենք վերականգնել մեր սուբյեկտայնությունը՝ որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Այսինքն՝ դա ենթադրում է շատ ակտիվ արտաքին քաղաքականություն ամենատարբեր ուղղություններով։

Ես կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը հիմա պետք է աշխատի մի քանի անգամ ավելի լարված, քան մինչև հիմա էր, որ կարողանան մեր երկիրը դուրս բերել թուրք-ադրբեջանական տանդեմի այս ճնշման տակից։

Աշխարհն այնպես է, որ եթե դու միջազգային թատերաբեմում ակտիվ չես գործում, իսկ քո դեմ ակտիվ գործում են, դու մեկուսանում ես։ Մենք բոլոր ուժերը պետք է նետենք, որ կարողանանք նրանց ճնշումը չեզոքացնել։ 

Նաև շատ կարևոր է, որ մենք արդեն սկսենք վերականգնել մեր անվտանգային համակարգը, որը մեծ հարված է ստացել, մեր զինված ուժերը։ Ի վերջո, պետությունը հենց դրանով է պետություն, որ իր անվտանգությունն ինքն է ապահովում։ Այնպես որ, մեծ խնդիրներ ունենք։

– Կա տեղեկություն, որ Թուրքիան ու Ադրբեջանը դարձյալ համատեղ զորավարժություններ են անցկացնում այս օրերին։

– Այդպիսի ինֆորմացիա եղավ, բայց դա սխալ էր, դա զորավարժություն չէ։ Առաջինը՝ դա մեր տարածաշրջանի հետ կապ չունի, երկրորդը՝ դրանք զորավարժություններ չեն, այլ ադրբեջանական բանակի մի խումբ հրամկազմ ու հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչներ ժամանել են Թուրքիայի արևմտյան շրջան, որտեղ պետք է անցնեն ուսումնական կուրսեր։

Անընդհատ շեշտվում է մարտի 16-ը։ Մենք գիտենք, թե դա ինչ օր է՝ 100 տարի առաջ կնքված Մոսկվայի պայմանագրի օրն է։ Այդ օրվա հետ լարվածություն է կապվում, ի՞նչ սպասել։

– Դա այն պայմանագիրն է եղել, որն ստորագրվել է առանց մեր մասնակցության։ Եվ Հայաստանի համար դա համարվում է ոչ արդարացի պայմանագիր։ Այդ պայմանագրով փաստորեն բոլշևիկյան Ռուսաստանը զգալի տարածքներ է հանձնել քեմալական Թուրքիային։ Մեր ժողովուրդն իրավացիորեն անարդար է համարում այդ պայմանագիրը, որովհետև Խորհրդային Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել այն կնքելուն։

Ես այդ օրվա հետ ոչ մի լարվածություն չեմ կապում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am