Սերգեյ Լավրովի զուգահեռ իրականությունը

Սերգեյ Լավրովի զուգահեռ իրականությունը
Սերգեյ Լավրովի զուգահեռ իրականությունը

Հայաստանում առեղծվածային լաբորատորիաների մասին խոսակցությունները վերջերս բավական հետաքրքիր բնույթ ստացան ու նույնիսկ հայտնվեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի կիզակետում։ Ընդ որում, չարաբաստիկ կենսաբանական լաբորատորիաների մշուշոտ թեման այս անգամ առաջ քաշեց ոչ այլ ոք, քան Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նույնիսկ խոսեց հայ-ռուսական գոյություն չունեցող փաստաթղթի մասին։

Որպեսզի թեմայի ողջ անհեթեթությունն ավելի հասկանալի լինի, հիշենք, թե երբ ու ինչ պայմաններում է առաջին անգամ շոշափվել այդ լաբորատորիաների թեման։

Այդ ի՞նչ լաբորատորիաներ են

Դեռևս 2016 թվականի նոյեմբերին Երևանում տեղի էր ունեցել «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողով, որում ասվել էր, թե ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաները «կասկածելի» նպատակներ են հետապնդում, ընդհուպ՝ ստեղծում են կենսաբանական զենք, որը կարող է օգտագործվել Հայաստանի բնակչության դեմ։ Թեև այս միջոցառման ժամանակ հնչած տեսակետերը ամբողջովին հերքվել էին համապատասխան մարմինների կողմից, մյուս տարվա գարնանն այս թեմայով նոր ալիք բարձրացավ։ Մասնավորապես, 2017 թվականի մայիսին Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների մասին գրեց ռուսական Regnum գործակալությունը, իսկ ավելի ուշ՝ հունիսին, «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամ ներկայացած 3 երիտասարդ բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պնդելով, որ Երևանում, Գյումրիում և Իջևանում գործող այդ լաբորատորիաները վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։

Սրանից հետո էլ, չնայած բոլոր համոզիչ պնդումներին ու ապացույցներին, որ այդ ռեֆերենտ լաբորատորիաները իրականում օգնում են Հայաստանին առավել արդյունավետ պայքարել էպիդեմիաների ու կենսաբանական զենքի տարածման դեմ, որ այդ լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայաստանցիներ, որ այդ լաբորատորիաները գույք և օգնություն են ստանում նաև Ռուսաստանից, համառ խոսակցությունները, թե դրանք ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ կենսաբանական զենք են ստեղծում Հայաստանում, չդադարեցին, և ահա ի հայտ եկան արդեն 2018 թվականի դեկտեմբերին՝ այն էլ միանգամայն նոր ու բարձր մակարդակում։

Այդ ի՞նչ պայմանագիր է

«Կոմսոմոլսկայա պռավդա» ռադիոկայանի լրագրողը դեկտեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հարցազրույցում վերջինիս հարց է ուղղում Հայաստանում ամերիկյան լաբորատորիաների մասին։

Նախքան բուն հարցին և պատասխանին անդրադառնալը, սակայն, հարկ ենք համարում մի կարևոր նրբություն նշել։ Ողջ հարցազրույցի ընթացքում լրագրողն աչքի է ընկնում ակնհայտ մաքսիմալիստական տոնայնությամբ, Ռուսաստանի մրցակիցների ու հակառակորդների մասին ագրեսիվ հայտարարություններով, որակումներով և ծայրահեղ քայլերի մասին պնդումներով, օրինակ՝ Ռուսաստանի դուրս գալը Եվրոպայի խորհրդից կամ Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։

Հենց այս համատեքստում է լրագրողը հարց ուղղում Լավրովին․ «Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ 2016 թվականին այնտեղ երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ կառուցվեն։ Չէ՞ որ մենք լավ ընկերներ ենք Եվրասիական տնտեսական միությունում»։

Այս հարցին Սերգեյ Լավրովը, որը, հնարավոր է, արդեն բավականին նյարդայնացած էր հարցազրույցի տոնայնությունից, պատասխանում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ավարտում են մի փաստաթղթի մշակում, որը պետք է երաշխավորի, որ այդ կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինվորականներ չեն լինի, և դա փոխադարձ է։

Մինչ հայաստանյան մամուլը փորձում էր ի մի բերել լաբորատորիաների, հայ-ռուսական ինչ-որ կասկածելի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները և այդ ընթացքում էլ ավելի մեծ շփոթություններ էր առաջացնում՝ կապված ձևակերպումների հետ, իրավիճակը այսօր՝ դեկտեմբերի 19-ին, պարզաբանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ իր ղեկավարած կառավարությունը երբեք ռուս գործընկերների հետ այդպիսի հարց չի քննարկել։ «Մեր կառավարության օրոք մենք երբեք ռուս գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է Փաշինյանը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը։

Միգուցե այդպիսի հարց քննարկվել է ՀՀ նախկի՞ն կառավարության հետ։ Բայց շատ ավելի տրամաբանական է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները արդեն հասցրել են ծանոթանալ հայ-ռուսական հարաբերությունների ողջ օրակարգին և ընդունել են նախորդներից բոլոր ընթացիկ գործերը, ուստի «ավարտին հասցվող» փաստաթղթի մասին պետք է որ տեղյակ լինեն։

Չնայած, հաշվի առնելով առեղծվածային լաբորատորիաների շուրջ տիրող վակխանալիան, կարելի է նույնիսկ պնդել, որ կենսաբանական զենքերն ու հայ-ռուսական փաստաթուղթը գոյություն ունեն։ Պարզապես այլ՝ զուգահեռ իրականությունում։

Վահե Ղուկասյան

fip.am