Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Ապրիլի 18-ին ժամը 18:55-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Խնածախ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին` կամրջի հարևանությամբ, Ստեփանակերտ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ.Մ.-ն վարելով «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` Ն.Պ.-ն (ծնված 1986թ.) ստացած մարմնական վնասվածքով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն։

Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո ոստիկաններն ու փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։