Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները. Սուրեն Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի վիճակի է ապահովել մեր բանակի կարիքները: Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին՝ արդյոք կա անհրաժեշտություն բանակի կարիքները հոգալու համար ինչոր ապրանքների հավաքագրումներ անել, ինչպես հիմա անում են մարդկանց որոշ խմբեր:

«Այս փուլում երբ հայտարարված չէ մոբիլիզացիա, խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին: Խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել: Եթե կա մեծ ցանկություն օգնել բանակին, լինել բանակի կողքին, ապա հորդորում եմ կապվել պատկան մարմինների հետ: Ես հանձնարարել եմ ՊՆ մամլո խոսնակին հարթակ, հնարավորություն ստեղծել, որ մարդիկ կապվեն իր հետ, իրենց բարոյական աջակցությունը հայտնեն: Եթե կարիք կլինի, այլ հարցերով համագործակցել, պատրաստ ենք: Շնորհակալ եմ պատրաստակամության համար: Այդ աջակցության նախաձեռնությունները գցում են բանակի վարկը, ես կխնդրեմ ձեռնպահ մնալ նմանատիպ ինքնագործունեությունից», -հավելել է Սուրեն Պապիկյանը: