Քոչարյանի և նրա փաստաբանների մանիպուլյացիաները

Քոչարյանի և նրա փաստաբանների մանիպուլյացիաները
Քոչարյանի և նրա փաստաբանների մանիպուլյացիաները

Հայտնի է, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 26-ին հայտարարեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ 2008-ին «այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու» համար։

Նույն օրը՝ երեկոյան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում էր, որ իրեն նման մեղադրանք առաջադրելուց առաջ քննչական մարմինները պետք է ձերբակալած լինեին ընտրությունների արդյունքները հաստատած ԿՀԸ  անդամներին։

«Այս կարգի մեղադրանք մինչև առաջադրելը առնվազն Կենտրոնական հանձնաժողովի կեսը բանտերում պետք է լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են և հանցանք են գործել՝ որոշումը կայացնելուց, և Սահմանադրական դատարանի վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին և պատիժներ»,- նշել էր Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի փաստաբանների մամուլի ասուլիսի ժամանակ ևս մի քանի անգամ շեշտվեցին 2008թ. նախագահական ընտրություններն ու դատարանի կողմից դրանց հաստատված արդյունքները։ Փաստաբան Սարգիս Գրիգորյանը, մասնավորապես, ընդգծեց. «2008 թվականին Սահմանադական դատարանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները»։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը  ետ չմնաց իր գործընկերներից և հավելեց, որ տեղի է ունենում պատմության վերաշարադրում՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած մասսայական անկարգություններն ու դրանց արդյունքում զոհված քաղաքացիների մահն ու ընդդիմության քայլերն արդարացնելու նպատակով․

«Մենք հիմա պատմությունը վերաշարադրում ենք, այսինքն ասում ենք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր թիմակիցների հետ միասին, որ թիմակցները ոչ թե մասսայական անկարգություներ էին կազմակերպում, դուբինկաներ խլում ոստիկաններից և ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը։ Գործող նախագահն էլ, որը բերվում է ՔՀԾ-ի տխրահռչակ հաղորդագրության մեջ, ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը»,- նշեց նա։

Սակայն ուշադրություն՝ վարույթ իրականացնող մարմինը՝ ՀՔԾ-ն, չի մեղադրել երկրորդ նախագահին ընտրությունները կեղծելու համար․ նրան մեղադրանք է առաջադրվել  զինված ուժերը քաղաքական նպատակներով օգտագործելու համար միայն, իսկ ընտրությունների արդյունքները կեղծելու մասին այնտեղ խոսք չկա։

Հայտնի փաստ է, որ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային խաղաղ միջոցառումներ,երթեր, շուրջօրյա հանրահավաքներ:

Մարտի 1-ի երեկոյան Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ` խաղաղ անհնազանդության ակցիան ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու նպատակով․ արդյունքում զոհվել է 10 մարդ։

Ուսումնասիրելով ՀՔԾ-ի հայտարարությունը քննվող գործի վերաբերյալ՝ կտեսնենք, որ այնտեղ խոսք չկա նաև 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերի մահվան մեղավորների բացահայտման մասին։

Հատուկ քննչական ծառայությունը համարում է, որ 0038 հրամանով և դրան հաջորդած քայլերով պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Խախտվել է այդ ժամանակ գործող Սահմանադրության 8.2-րդ հոդվածն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Այս ամենից հետևում  է, որ Ռոբերտ Քոչարյանը չի մեղադրվում մարտի 1-ի զոհերի սպանությունը կազմակերպելու կամ ընտրությունները կեղծելու մեջ, ինչպես այս թեման ինտենսիվորեն շրջանառում  էին երկրորդ նախագահն ու նրա փաստաբանները։ Նա մեղադրվում է Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու, Զինված ուժերի քաղաքական չեզոքությանը խոչընդոտելու և այն խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու համար, ինչի արդյունքում խախտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասովնախատեսված նորմերը։

Հատկանշական է նաև այն, որ փաստաբաններից Սարգիս Գրիգորյանը խոսում էր հասարակության լայն շերտերի և ՀԿ-ների՝ ընտրախախտումների արձանագրման վրա ունեցած ազդեցության մասին․ «Ընտրախախտումների ապացուցողական բազայի հիմքում դրված են հասարակության լայն շերտերի կարծիքները։ Իրավախախտումներ եղել են, թե՝ չէ, սրա հիմքում դրված են ՀԿ-ների կարծիքներն ու հաշվետվությունները։ Պրոֆեսիոնալ չի խոսել իրավունքի գերակայության, արդարության մասին, երբ որ հիմքում դրվում է հասարակության լայն շերտերի կարծիքը»։

Մինչդեռ՝ ՀՔԾ-ի հայտարարության մեջ հստակորեն նշվում է, որ հասարակական կազմակերպությունները, տարբեր իրավապաշտպան կառույցները ու քաղաքացիները ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ  խախտումները վերագրում են  Հանրապետության գործող  նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին։ Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե ընտրախախտումների մասին ապացույցները հիմնված են ՀԿ-ների և հանրության լայն շերտերի կարծիքների վրա։ Այդպես ՀՔԾ-ն բացատրում էր, թե ինչու էին մարդիկ դուրս եկել փողոց։

Օֆելյա Սիմոնյան

Աղբյուրը՝ sut.am