Եթե իշխանության քաղաքական գծին համաձայն չես՝ պետք է գնաս ու նստես, նստելու հոդված անպայման կգտնվի. սա նոր Հայաստանն է. Ղազարյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, Դատախազությունը Գագիկ Ծառուկյանից պահանջում է բռնագանձել շարժական ու անշարժ գույքեր, դրամական միջոցներ, «Մուլտի վելնեսն» արդեն դարձել է համայնքի սեփականություն: Ի՞նչ է կատարվում Գագիկ Ծառուկյանի շուրջ:

– Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվողը մի քանի շերտ ունի ու չի կարելի նույն հարթության վրա դիտարկել: Առաջին շերտն այն է, թե որքանո՛վ է Գագիկ Ծառուկյանը ժամանակին այդ ամենին օրինական միջոցներով տիրացել ու ո՛նց է ձևավորել իր կարողությունը: Բոլորս էլ հիշում ենք, որ նա Հայաստանի քաղաքականության մեջ կարևոր դերակատարներից է ու միշտ սպասարկել է իշխանության շահերը: Դա կլինի 2007-ից սկսած, երբ առաջին անգամ նա խմբակցություն ունեցավ Ազգային ժողովում, ինչի համար իշխանությունները նրան մշտապես բոնուսներ են տվել, օրինակ՝ Երևան քաղաքի բոլոր խաղատները տեղափոխեցին դեպի Ծաղկաձոր, միայն Գագիկ Ծառուկյանի համար օրենք ընդունեցին, որ Աբովյան քաղաքի մոտ թույլ տան խաղատուն ունենալ: Սա վկայում է այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը միշտ արտոնյալ դիրքերում է եղել՝ իշխանությանը մատուցած ծառայությունների համար: 

Այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը դադարել է օրվա իշխանությանը ծառայություններ մատուցելուց, խստորեն պատժվել է: Հիշենք 2014 թվականը, երբ ձևավորվեց քառյակ, ապա եռյակ դաշինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, սկզբում Դաշնակցությունն էլ կար այդ դաշինքում: Բոլորը կհիշեն ՀՀԿ-ի հայտնի ժողովը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքն է արգելել, որ նրան դիմեն «Դոդի Գագո» անվամբ, հիմա կարող են այդպես դիմել, ու այդպիսով Գագիկ Ծառուկյանին երկար տարիներով հեռացրին քաղաքականությունից: 

Բոլորը կհիշեն, թե ինչպես Գագիկ Ծառուկյանը 2018-ի հեղափոխության արդյունքում եկավ խորհրդարան, ու ինչպես էր հայտարարում, որ հեղափոխականներին խմելու ջուր է ուղարկել մեքենաներով: 

Բոլորը կհիշեն, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը, մինչև ընտրությունները տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, ու նրա կուսակցության անդամները Նիկոլ Փաշինյանի կառավարությունում տեղեր էին զբաղեցնում: 

Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը, լինելով օլիգարխ, միշտ փորձել է քաղաքականությամբ զբաղվելը դարձնել իր ունեցվածքի մեծացման միջոց ու դրանից բոնուսներ ստանալ: Նույն 2020 թվականին, երբ կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին ու երկու ամով պահեցին կալանքի տակ, ուներ մեկ պատճառ, ինչպես հիմա՝ նա հակառակվել էր գործող իշխանությանը: 

Ծառուկանը, չլինելով դասական քաղաքական գործիչ, լինելով օլիգարխ՝ միշտ էլ խոցելի է եղել, երբ էլ դեմ գնա օրվա իշխանությանը, պատժվելու է, որովհետև նրա ունեցվածքը ձևավորվել է հանցավոր ճանապարհով, ու բոլորն են դրա մասին տեղյակ: 

Ինչ վերաբերում է իշխանության քայլերին. եթե Գագիկ Ծառուկյանի ունեցվածքն ապօրինի միջոցներով է ձեռք բերվել, ինչո՞ւ հենց 2018-ին չկալանավորեցին նրան, ում միջոցով Նիկոլ Փաշինյանը դառնում էր վարչապետ: 

Այստեղ ավելորդ է խոսել իրավական ու բարոյական կողմերից, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը վրեժխնդիր է լինում Ծառուկյանից՝ փորձելով նրան ունեզրկել, փաստացի սա քաղաքական հակառակորդներին բռնաճնշելու ձև է: Նույնն արվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ: Նման բան արվելու է ցանկացածի դեմ, որը իշխանության համար թեկուզ չնչին վտանգ կներկայացնի, սա նոր Հայաստանի նոր քաղաքական գիծն է, եթե այս իշխանության քաղաքական գծին համաձայն չես, ապա պետք է գնաս ու նստես, իսկ նստելու հոդված անպայման կգտնվի: 

– Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր նախընտրական խոստումնե՞րն է կատարում, գոնե այս մասով, որովհետև հայտարարում էր, որ սնանկացնելու է Ծառուկյանին, Կարապետյանին ու Քոչարյանին:

– Փաշինյանը, ի տարբերություն մեր ունեցած մյուս ղեկավարների, ունի անձնական շատ մեծ քինախնդրություն, ես կատարվողն ավելի շատ կգնահատեի ոչ թե խոստումների կատարում, այլ՝ Փաշինյանի քինախնդրության հետևանք, Փաշինյանն ուղղակի պատժում է Ծառուկյանին: Ինչ վերաբերում է խոստումներին, ապա նման կերպ այս կամ այն ընկերության խլումն ուղղակի վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանն առաջին հերթին: 

Այս ամենը ցանկացած ներդրողի համար ազդակ է, որ ցանկացած պահի ինքն էլ կարող է հայտնվել այդ վիճակում, եթե իշխանության հետ համակարծիք չլինի: Բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ ՀԷՑ-ի խլումը Սամվել Կարապետյանից՝ առանց օրենքի, զուտ քաղաքական նպատակներից ելնելով: Հայաստանն այս ամենով ներդրողների համար դառնում է ոչ ցանկալի երկիր:

– Իսկ տեղի ունեցողը որքանո՞վ է տեղավորվում ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրի տրամաբանության մեջ:

– Սա որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, որևէ կապ չունի արդարադատության հետ: Արդարադատությունն առաջին հերթին նշանակում է հավասարություն, եթե իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը կարողանում էր միլիարդներով կապիտալ կուտակել ու բազմապատկել այս իշխանության օրոք, երբ իշխանամերձ բիզնեսմենները միլիոնավոր դրամներ են ներդնում իշխանության քարոզարշավի մեջ ու խրախուսվում են, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցող բիզնեսմեններին պատժում են, ապա սա չի կարող արդարադատության մասին լինել: Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլոր բիզնեսները:

– Պարո՛ն Ղազարյան, իսկ ի՞նչ պետք է արվի, որ նման դրսևորումները կանխվեն, եթե այսպես շարունակվի՝ երկիրն ի՞նչ վիճակի կհասնի:

– Առաջին հերթին Հայաստանում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը, Նիկոլ Փաշինյանը տապալել է այն՝ քաղաքական որոշում կայացնելով, ու Գագիկ Ծառուկյանին զրկել են մանդատներից, սա օրենքի ու Սահմանադրության կոպիտ խախտում է, փաստացի Հայաստանում ունենք տապալված սահմանադրական կարգ: Սահմանադրական կարգի վերականգնման միակ միջոցը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է: Մենք այս տեմպերով ուղղակի ադրբեջանանում ենք, դառնում ենք ավտորիտար պետություն, որի լավագույն օրինակն Ադրբեջանն է:

– Շատ է խոսվում, որ միջազգային կառույցները լուռ են ներհայաստանյան իրադարձությունների մասով, ինչո՞վ եք բացատրում այդ լռությունը:

– Նույնիսկ ընտրարշավը ցույց տվեց, որ եվրոպական դիտորդներն ու այսպես կոչված քաղաքակիրթ հանրությունը հաշտ են Փաշինյանի կողմից՝ հակառուսականության աստառի տակ իրականացվող ցանկացած գործողության: Եթե այս նույն քայլերը ժամանակին Սերժ Սարգսյանն աներ, ապա եվրոպական դեսպանները Բաղրամյան 26-ից ուղղակի դուրս չէին գա՝ ամբողջ օրը ծեծելով նրա դռներն ու Սերժ Սարգսյանին սպառնալով պատժամիջոցներով, բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չի լինում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab