«Ինքը հաճախ աչքիս առաջ է հայտնվում, պատկերացնում եմ կողքիս, սպասում եմ, որ գա»․ Սերժը զոհվել է ընկերներին օգնության շտապելիս

Քրիստինե Բեգլարյանը որդու մասին պատմելիս հուզվում է, ասում է՝ ապրում է հրաշքի սպասումով, որ տղան մի օր գալու է․ «Ինքը հաճախ աչքիս առաջ է հայտնվում, ես իրան կենդանի եմ տեսնում, պատկերացնում եմ կողքիս։ Չեմ հավատում, որ ինքն էլ չի գալու, ես սպասում եմ, որ գա»։

Բեգլարյանների կյանքը երկու տարի և ավելի է շրջվել է։ Քրիստինեն չորս երեխա ուներ՝ երկու տղա, երկու աղջիկ։ Տղաներից Սերժը 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում է ծառայել։ Պատերազմն սկսվելուն պես առաջնագծում կռվել է թշնամու դեմ։ Պատերազմի 5-րդ օրը Սերժը ընկերներին օգնության հասնելիս ականանետի հարվածից զոհվել է։

Մայրը հիշում է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 30-ին։ Տղան խնդրել է հեռախոսահամարը լիցքավորել, որ կարողանա հաջորդ օրերին զանգել։ Քրիստինեն պատմում է․ «Ինձ ասեց՝ մա՛մ, 2000 դրամ կլիցքավորես, էդ օրը գործից դուրս եկա, լիցքավորեցի։ Ամսի 1-ին չզանգեց․․․»- ասում է ու հուզվում մայրը։

Հաջորդ օրը աշխատանքից տուն վերադառնալիս Քրիստինեն իմացել է, որ որդին զոհվել է։

«Ես չէի պատկերացնում, երկու օր առաջ էի հետը խոսել: Բայց իրեն արդեն Մասիս էին բերել»․- արցունքների միջից ասում է մայրը։

Սերժ Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Հուղարկավորվել է Խարբերդի ընտանեկան գերեզմանատանը։

Քրիստինեն ասում է՝ երբ տղան բանակում էր, անհամբեր սպասում էին, թե երբ է տղան տուն վերադառնալու, նպատակներ ունեին, տարբեր ծրագրեր էին կազմում։

«Սերժը խոհարարություն էր սովորում Երևանի տեխնոլոգիական քոլեջում, առաջին կուրսն ավարտեց, գնաց բանակ, որ գար շարունակեր, հետո բարձրագույն տար։ Որոշել էր մեծ ռեստորան բացել, շատ երազանքներ ուներ, բայց… »,- ցավով ասում է մայրը։

Քրիստինեի խոսքով՝ չորս երեխաների մեջ Սերժը տարբերվում էր, որևէ մեկը նրա տեղը չի կարող լցնել։

«Ինքն ուրիշ էր ամեն ինչով՝ իր բնավորությամբ, ուշադրությամբ, վերաբերմունքով»։

Քրիստինեն չի մոռանում, թե ինչպես է փոքրիկ Սերժը տոնական օրերին ծաղիկներ հավաքած տուն մտել, դեռ փոքրուց սիրել է անակնկալներ մատուցել։

«Ինքը փոքր ժամանակ միշտ բացիկներ ու նամակներ էր պատրաստում։ Հիշում եմ՝ Մարտի 8, Ապրիլի 7, ծնունդ լիներ, մի հատ վարդ պոկած կգար, մամի՛, էսի քեզ բերել։ 2018-ի մարտի 8-ին գնացի տուն, տեսա արդեն իր աշխատավարձով՝ քարերով ժամացույց էր առել»,- պատմում է մայրն ու ասում՝ երանի կտար, որ այդ ժամանակները հետ գային։

Սերժը կատակասեր էր, հյուրասեր, ընկերասեր, բոլորին հասնում էր, օգնում՝ լիներ հարևան թե բարեկամ՝ որդու մասին պատմում է մայրը։

Որդու խոսքերն ու ձայնը անընդհատ Քրիստինեի ականջներում են։ 

«Ինձ որ զանգում էր, մամի էր կանչում՝ մամի՛ս։ Անընդհատ խոսում էինք նպատակներից, մա՛մի, գամ էս եմ անելու, էն եմ անելու։ Չմտածես, ես էկա՝ էրկու ամիս հետո չես աշխատելու, կողքդ եմ լինելու, չնեղվես»,- ասում է ու հուզվում մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am