Երևանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարումը սկսել է փողոցային առևտրի պայքարով` իր դեմ հանելով հազարավոր առևտրականների: Շատերի համոզմամբ` սկզբից ևեթ «արմատական քայլերի» գնալն այնքան էլ նպաստավոր չէ նոր քաղաքապետի համար:
«Շատ կցանկանայի, որ Երևանի քաղաքապետն իր պաշտոնավարությունը սկսեր հանրության վստահությունը բարձրացնելուց, մինչդեռ տեղի ունեցավ հակառակը»,- «Մեդիալաբին» ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Դեռևս 6 տարի առաջ Երևանի քաղաքապետարանի կողմից փողոցային առևտուրը դադարեցնելու մասին կայացված որոշումը սկսեց ի կատար ածել ընդամենը մեկ ամիս առաջ քաղաքապետի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանը:
Հունվարի կեսին` քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց օրեր անց, քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ Կարապետյանը հայտարարել էր, թե պետք է շարունակել «բացօթյա առևտրի արգելման և կանխարգելման գործընթացը»:
Կարապետյանի հայտարարությանը զուգահեռ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը սկսեց առանց զգուշացման համատարած ապամոնտաժել փողոցային առևտրով զբաղվող հազարավոր մարդկանց կրպակներն ու վաճառակետերը:
Որպես հակընդդեմ առաջարկ` քաղաքապետարանն առաջարկել է փողոցային առևտրով զբաղվողներին տեղափոխվել փոքր շուկաներ: Սակայն առևտրականները համաձայն չեն քաղաքապետարանի այս որոշմանը, և արդեն քանի օր է` բողոքի ակցիաներ են անցկացնում:
Հունվարի 26-ին նրանք հերթական բողոքի ակցիան են անցկացրել` այս անգամ նախագահական նստավայրի մոտ, մեկ օր առաջ նրանք հավաքվել էին կառավարության շենքի մոտ, մինչ այդ` քաղաքապետարանի դիմաց` սպառնալով նույնիսկ ինքնահրկիզման դիմել:
Նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում ցուցարարների չորս հոգանոց պատվիրակությանն ընդունել են Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության աշխատակիցները: Պատվիրակությանն առաջարկել են Սերժ Սարգսյանի անունով նամակ գրել և հանձնել նախագահական նստավայր:
Մինչդեռ իրենք` քաղաքապետարանի ներկայացուցիչները շարունակում են անհաղորդ մնալ ցուցարարների պահանջներին, ովքեր արդեն քանի օր տևող ցույցերի ժամանակ պնդում են, որ անկախ ամեն ինչից շարունակելու են իրենց պայքարը:
Բողոքի ակցիաներից բացի, փողոցային առևտրով զբաղվողները նաև պայքարի այլ միջոցներ են փնտրում: Ակցիայի մասնակիցների ներկայացուցիչները հունվարի 25-ին այցելել են ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ` ճշտելու, թե իրենց պայքարին ինչո՞վ կարող է օգնել ընդդիմությունը:
«Հիմա վերլուծում ենք այդ հարցը: Այդ կապակցությամբ երեկ տեղի է ունեցել Կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են այդ հարցում ստեղծված իրավիճակը և լուծումները, ամբողջն ամփոփելուց հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- «Մեդիալաբին» հարցի կապակցությամբ տեղեկացրել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հունվարի 25-ին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային քննարկում է անցկացրել Երևանի շուրջ 30 շուկաների տնօրենների մասնակցությամբ` փողոցային առևտրով զբաղվողներին շուկաներում տեղավորելու հարցով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` «մայրաքաղաքի մայթերն ու հանրային օգտագործման այլ վայրերը բացօթյա ապօրինի առևտրից ազատելուց հետո շուկաներն ավելի քան 3000 վաճառատեղ են առաջարկել»: Մինչդեռ իրենք`փողոցային առևտրով զբաղվողները պնդում են, որ քաղաքապետարանի կողմից նման միջոցներ կիրառելու հետևանքով անգործ կարող է մնալ շուրջ 12 հազար քաղաքացի:
Իշխող քաղաքական ուժերն արդեն իրենց աջակցությունն են հայտնել Երևանի նոր քաղաքապետի նախաձեռնությանը:
Իշխող քաղաքական կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մտահոգվել է, թե արդյոք «պետությունը պե՞տք է համակերպվի այն մտքի հետ, որ ամեն մեկն մի անկյունում իր համար պետք է կանաչի ծախի հակահիգիենիկ պայմաններում»:
«Ես հասկանում եմ, որ մարդ արարածը, ըստ էության, պետք է ապրի, բայց ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդը մնա ստրկամիտ, խեղճ ու կրակ, մի մեշոկի շրջանակներում կանաչի ծախողի հոգեբանությամբ»,- հայտարարել էր Վարդան Բոստանջյանը։
Սակայն ոչ բոլորն են կիսում իշխանությունների և, մասնավորապես, Երևանի նոր քաղաքապետի «սկզբունքային քաղաքականությունը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Երևանի նոր քաղաքապետի ձեռնարկած քայլը «շատ լուրջ հարված է և´ քաղաքական տեսակետից, և´ մայրաքաղաքային տնտեսության զարգացման համար»:
Մինասյանն ասել էր, թե քաղաքապետի այս որոշումը վաղաժամ ձեռնարկված քայլ էր, և նման նախաձեռնությանը պետք է նախորդեր աշխատատեղերի ստեղծումը։
«Ինչո՞ւ պետք է 15 առևտրային փոքր կետեր փակվեն, ինչ է թե մի սուպերմարքեթ են էնտեղ բացում։ Ամեն ինչ բարձիթողի վիճակում է։ Հետևանքն այն է լինելու, որ հետագայում մեծ վնասներ են հասցվելու Երևանի զարգացմանը»,- ասել էր Արծվիկ Մինասյանը։
Ստեփան Սաֆարյանի խոսքով, սակայն, կատարվածը ցույց է տալիս, որ իշխանություններն ուղղակի թքած ունեն սեփական քաղաքացիների վրա:
«Եթե մի իշխանություն հավուր պատշաճի սեփական բնակչությանը չի պաշտպանում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներից, և մարդիկ աշխատանք չունենալով ստիպված են փողոցում ինչ-որ բան վաճառելով լուծել իրենց հարցերը, այդ իշխանությունը պետք է ձեռնպահ մնա այս շրջանում նման քայլերի գնալուց»,- «Մեդիալաբին» ասել է Ստեփան Սաֆարյանը:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am