Ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք վերաբերել են հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործությանը, եթե, ըստ  տնտեսավարողների, կայացվել են ոչ արդարացի որոշումներ:

ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը նշել է, որ բողոքարկման հանձնաժողովում որոշումները կայացվում են բազմակողմանի քննման արդյունքում։  «Հանձնաժողովը բացի ֆորմալ առումով որոշումների կայացումից նույնիսկ մերժումների դեպքում փորձում է հարկ վճարողներին բացատրել իրենց խնդիրները», -ասել է Թամազյանը։

2020 թվականի նիստերի արդյունքները ցույց են տալիս, որ ավելացել են հօգուտ տնտեսավարողների կայացված որոշումները և, հետևաբար, աճել է ՊԵԿ-ի հանդեպ վստահությունը։

Հունվար-նոյեմբեր ամիսներին բավարարվել է հարկ վճարողների մոտ 1015 բողոք, ինչը 42 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ 70 բողոք բավարարվել մասնակի, կարճվել է 422-ը, մերժվել 682 բողոք, իսկ 4 բողոքի դեպքում կասեցվել է վարույթը։

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։