Մանկատան նախկին սաների ամանորյա հարսանեկան երջանկությունը. «Ինչքա~ն եմ սպասել այս օրվան»

Մանկատան նախկին սաների ամանորյա հարսանեկան երջանկությունը. «Ինչքա~ն եմ սպասել այս օրվան»
Մանկատան նախկին սաների ամանորյա հարսանեկան երջանկությունը. «Ինչքա~ն եմ սպասել այս օրվան»

Հարսնացուները հուզված են, անհանգիստ: 20-ամյա Թեհմինեի աչքերը փայլփլում են, իսկ 19-ամյա Գոհարը պատուհանից շարունակ դուրս է նայում, նրա հայացքում սպասման հուզմունքն է: Հարսանեկան ճերմակ զգեստ հագնելը և սեփական ընտանիք ունենալը նրանց կյանքի մեծ երազանքն է եղել, և այսօր ապրում են այդ երջանկությունը:
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե հոգուս մեջ ի´նչ է կատարվում, ինչքան եմ սպասել այս օրվան: Անընդհատ տարբեր տեղերում եմ ապրել` խնամատար ընտանիք, ՀՕՖ, հետո` «Մեր տուն», հիմա արդեն կունենամ իմ սեփական ընտանիքը: Ու ամեն անգամ ես փորձում եմ հարմարվել այդ ընտանիքների նիստուկացին, ու բնական է, չէ՞ որ ես եմ նոր մարդը այնտեղ լինում: Հիմա կունենամ իմ ընտանիքը»,- ասում է Գոհարը, ով արդեն ինն ամիս ապրում է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությունում:
2005 թվականից Էջմիածնում գործող «Մեր տունը» կազմակերպությունում ամանորյա պճնված տոնածառին, փայլփլուն լույսերին ու ժապավեններին ավելացել են նաև հարսանեկան արարողությանը հատուկ զարդարանքները: Երկու մեծ, կարմիր սրտեր`«Երջանկություն նորապսակներին» գրառումով:

«Մենք էլ նրանց հետ ապրում ենք այս երջանկությունը: Սա նաև հպարտություն է, մենք փաստորեն կարողանում ենք այս երեխաներին ընտանիք վերադարձնել: Շատ կարևոր գաղափար է, որ նրանք կունենան իրենց ընտանիքը…»- ասում է կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը:

Հայաստանի տարբեր մանկատներից 18 տարին լրացած շատ աղջիկներ իրենց հետագա կյանքի հինգ տարիներն անցկացնում են «Մեր տունը» կազմակերպությունում: Ընտրվում են հատկապես նրանք, ովքեր ցանկանում են ուսումը բուհում շարունակել: Կազմակերպություն տեղափոխվելուց առաջ նրանց ու կազմակերպության միջև պայմանագիր է կնքվում, որտեղ նշվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները: Աղջիկները պարտավորվում են ցուցաբերել բարձր բարոյական հատկանիշներ, ենթարկվել կազմակերպության ներքին կարգուկանոնին, հարգել ժամանակը: Կազմակերպությունն էլ հոգում է նրանց կարիքները:

Եվ հիմա «Մեր տանը» հերթական հարսանիքն է: Գոհարի և Թեհմինեի հարսանիքի լուսանկարները շուտով կհայտնվեն կազմակերպության պատին փակցված արդեն տեղի ունեցած յոթ հարսանիքների լուսանկարների կողքին:

«Վեց տարվա ընթացքում յոթ աղջիկ ենք ամուսնացրել ու յոթ թոռնիկ էլ ունենք: Աղջիկները գալիս են, գնում, մենք ենք մեր կոլեկտիվով գնում նրանց տուն տարբեր առիթների ժամանակ: «Մեր տունը» կարծես նրանց հայրական տունը լինի, կապված են մեզ հետ»,- ասում է կազմակերպության երեկոյան դաստիարակ Աննա Մուրադովան:

Հնչում են ավանդական դհոլ-զուռնայի հնչյունները: Հրավիրված հյուրերի շարքում են ճանաչված դեմքեր` երգիչներ, դերասաններ, բարեգործներ, ովքեր տարիներ շարունակ օգնում են կազմակերպությանը:

«Թող այս աղջիկների արցունքները միայն երջանկության լինեն»,- բարեմաղթում է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

Հարսանիք

Նախ ժամանում է Թեհմինեի փեսացուն: Քիչ ուշ`Գոհարինը: Փեսացուները` ծաղկեփնջերով, ամոթխած ու անհամբեր, շտապում են իրենց հարսնացուներին տեսնելու: Մինչ այդ արդեն նրանց հարազատները ավանդական երգի հնչյունների ներքո հարսանեկան քողն ամրացնում են հարսնացուների հարդարված սանրվածքին, իսկ հետո նուրբ շղարշով ծածկում նրանց դեմքը: Հագցնում են հարսանեկան կոշիկը, ձեռնոցը: Տարածվում է օծանելիքի անուշ բույրը: Փեսացուների հարազատներից մեկը հյուրասիրում է սրտաձև կարմիր կոնֆետներով: Մոտենում են փեսացուները: Ծափահարություններ, շնորհավորանքներ, արցունքներ ու գրկախառնություններ: Թեհմինեի ու Գոհարի կողքին չեն նրանց հարազատները, բայց նրանց հետ են դաստիարակները, ընկերները, պարզապես բարի ու հոգատար մարդիկ, ովքեր հուզվում, ուրախանում և անհանգստանում են նրանց ճակատագրով:

«Այնքան տխուր եմ ու այնքան երջանիկ: Տխուր եմ, որ գնում եմ… Աղջիկներին որ նայում եմ, ուզում եմ լացեմ, բոլորին, ախր, այնքան շատ եմ սիրում, այնքան կապված ենք իրար: Ուրախ եմ, որ նոր ընտանիք եմ մտնելու, ինչ-որ չափով պատրաստ եմ, բայց, կարծում եմ, դժվարություններ կլինեն, որոնք պատրաստ եմ հաղթահարելու»,- ասում է ապագա ֆինանսագետ Թեհմինեն:

«Մեր տան» արդեն յոթ փեսացուները կոտրել են հասարակությունում այն կարծրատիպը, թե մանկատան աղջիկներին չի կարելի տուն տանել:

«Թեհմինեին տեսա առաջին անգամ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում: Իմացա, որ այստեղ է բնակվում ու ծնողներիս հետ եկա նրա ձեռքը խնդրելու: Երբ ծնողներս իմացան, որ Թեհմինեն մանկատան աղջիկ է, անակնկալի եկան, զարմացան, բայց հաստատ ավելի ուրախացան: Ես միշտ մտածել եմ, որ մանատան աղջկա հետ եմ ամուսնանալու, ու փաստորեն Թեհմինեն ճակատագրով իմն էր»,- ասում է փեսացուներից Անդրանիկ Մելիքյանը:

Տիգրանուհի Կարապետյանը նշում է, որ կազմակերպությունը այս հարցին շատ խիստ է վերաբերվում և հստակ մոտեցում ունի:

«Մեր տան» կարգն է, որ տղան պետք է գա մեզնից աղջկան ուզելու, ծնողների հետ միասին: Մենք կոտրեցինք այն կարծրատիպը, որ մանկատան աղջկան հնարավոր չէ տուն տանել, մեր յոթ աղջիկներն արդեն շատ լավ ընտանիք են կազմել: Ասեմ ավելին` եղել է, որ տղան եկել է ծնողների հետ, բայց մենք մերժել ենք` իմանալով, որ տղան ինչ-ինչ թերություններ ունի: Մեր աղջիկները լավ կին, լավ մայր են դառնում, կյանքն ինքը ցույց տվեց: Նաև ապրեն մեր տղաները, որ անկախ ամեն ինչից, մեր աղջիկներին իրենց տուն են ընդունում»,- ասում է Կարապետյանը:

Մանկատնից հետո հայտնվելով «Մեր տանը», աղջիկների համար մեկ այլ կյանք է սկսվում: Նրանք այստեղ կրթվում են, նրանց հետ աշխատում են անհատապես, պատրաստում մեծ կյանքին:

«Կոպիտ ասած` նրանց այստեղ վերադաստիարակում ենք, շտկում թե´ խոհանոցային մասով, թե´ մարդկային հարաբերություններում, թե´ ընտանեկան… Որքանով է դա մեզ հաջողվում, ցույց է տալիս մեր անցած ուղին, մեր յոթ ամուսնացած աղջիկները, ովքեր հաշտ ու խաղաղ ապրում են իրենց ընտանիքների հետ: Կարծում եմ` մեզ հաջողվել է,- ասում է կազմակերպության հոգեբան Մարգարիտա Հովսեփյանը: – Աղջիկներ, որոնք ընտանիքում չեն մեծացել, հիմա պատրաստվում են ընտանիք մտնել, եթե ապրեն խաղաղ մթնոլորտում, վերաբերմունքը լավ լինի, կարծում եմ` իրենց լավ կդրսևորեն»:

Հովսեփյանը նշում է, որ անհատական զրույցներ է ունեցել փեսացուների հետ, խնդրել, որ հասկանան աղջիկներին ու համբերատար լինեն հետ աղջիկների հետ, նրանց ժամանակ է անհրաժեշտ ինտեգրվելու իրենց ընտանիքներին:

«Եթե ընտանիքից դուրս եկած աղջիկներին է ժամանակ պետք, ապա մեր աղջիկներին` կրկնակի ավելի: Կարծում եմ` համբերության ու սիրո շնորհիվ դուրս կգան այդ ճանապարհից: Սեր որ եղավ, ամեն ինչ լավ կլինի: Ե´վ տխրում եմ, և´ ուրախանում, որովհետև նրանց պետք է ամուսնությունը, նրանք հոգատար ձեռքերում կլինեն, կկառուցեն իրենց կյանքը, ընտանիք կունենան, կմայրանան: Այստեղ նրանց մնալը ժամանակավոր էր»,-ասում է Հովսեփյանը:

Հնչում են կենացներն ու բարեմաղթանքները, նորապսակներին են հանձնվում նվերները: Ամուսնական մատանիներ են նվիրում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նվերներ են հանձնվում ՀՕՖ-ի և տարբեր բարերարների կողմից:

Հարսանեկան զույգերի պսակադրությունը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Գայանե Մկրտչյան

© Medialab.am