Հանրային հեռուստաընկերությունը մերժել է ցուցադրել ընդդիմության տեսահոլովակը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը գրավոր պատասխանով մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին` եթեր հեռարձակել օգոստոսի 2-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի մասին իրազեկող տեսահոլովակը:
Հարային հեռուստաընկերությանը այդ հարցով դիմել էր Կոնգրեսի մաս կազմող ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը:
Հայոցյանին ուղղված Բունիաթյանի գրավոր պատասխանի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ:

«Հարգելի պարոն Հայոցյան,

Ի պատասխան հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր կողմից կազմակերպվելիք քաղաքական հանրահավաքի մասին գովազդային հոլովակ/ տեղեկատվություն/ տեղադրելու մասին գրությանը` հայտնում ենք.

Հայաստանի հանրապետության սահմանադրությամբ պետության կողմից երաշխավորվում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն, առաջարկվող անկախ հանրահային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը:

Հանրային հեռուստաընկերության կարգավիճակը` ներառյալ եթերաժամանակ տրամադրելու պարտականությունը կարգավորվում է «Հեռուստատեության եւ ռադիոյի մաիսն» ՀՀ օրենքով: Համաձայն նույն օրենքի 19-րդ հոդվածի` հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին հանապատասխան:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ քաղաքական նշանակություն ունեցող հանրահավաքների մասին տեղեկատվության տարածման հետ կապված իրավահարաբերությունները դուրս են «Գովազդի մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակներից:

Հարկ է նշել, որ ՀՀ օրենսդրությունը (օրինակ` Ընտրական օրենս0գիրքը), նախատեսում է հստակ կանոններ` նախընտրական ժամանակաշրջանի սահմանման եւ նշված ժամանակահատվածում քարոզարշավի եւ քաղաքական գովազդի տեղադրման մասին: Միեւնույն ժամանակ, Հանրային հեռուստաընկերության գործունեությունը կարգավորող օրեսնդրությունը (ներառյալ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը»), կարգավորելով նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերին եթեր տրամադրելու կարգը` արգելում է նախընտրական քարոզարշավի համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս եթեր տրամարդել (վճարովի կամ անվճար), նույն նպատակների համար:

Վերոգրյալը չի բացառում Հանրային հեռուստաընկերության պարտականությունը օբեկտիվորեն լուսաբանել հանրության համար կարեւոր եւ նշանակալից, եւ հանրության համար առավել հնչեղություն ունեցող իրադարձությունները:

Հանրային հեռուստաընկերությունը մշտապես լուսաբանում է տարբեր քաղաքական ուժերի կողմից իրականացված տարբեր միջոցառումենր` կախված դրանց հնչեղությունից եւ հասարակական նշանակությունից:

Օրենքով նախատեսված նախընտրական քարոզարշավների համար նախատեսված ժամանակաշրջաններում, եթերաժամանակը համապատասխան կարգով բաշխվելուց հետո պատրաստ ենք համագործակցել ինչպես անվճար, այնպես էլ` վճարովի քաղաքական գովազդի հեռարձակման հարցում»:

© Medialab.am