Կրակոցներ ֆուտբոլային խաղի ժամանակ․ Թումանյանի բաժնի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ ժամը 15-ի սահմաններում Թումանյան քաղաքի մարզադաշտում կրակոցներ են հնչել։

Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ Թումանյան քաղաքի 33-ամյա մի բնակիչ վիճել էր առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ։ Հայհոյել էր, հետո հեռացել և վերադարձել էր երկփողանի որսորդական հրացանով։ 33-ամյա տղամարդը 2 անգամ օդ էր կրակել՝ ֆուտբոլի առաջնության մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ անձը նաև խփել էր Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին:
Խուլիգանության փաստով հարուցվեց քրեական գործ։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 22-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Թումանյանի բաժին՝ իր հետ բերելով որսորդական հրացանը։

Ապօրինի հրազենն առգրավվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։