«Մարդիկ չպետք է մոռանան՝ երկրորդ պատերազմը COVID-ն է. պետք է պահպանել տարրական կանոնները». Արարատ Մկրտչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

– Պարոն Մկրտչյան, կորոնավիրուսի նոր հաստատվող դեպքերը Հայաստանում օրեցօր աճում են։ Մարդիկ չեն հետևում հակահամաճարակային միջոցառումներին, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել։

– Բավական լավ թվեր ունեինք, հետազոտվածների 6-7 տոկոսն էր հաստատվում։ Եվ միտումը խոսում էր այն մասին, որ համաճարակի մեջքը կոտրվել էր, լուրջ նվազման միտում կար։

Դժբախտաբար, հիմա երկիրը ֆորսմաժորային իրավիճակում է գտնվում համաճարակի տեսանկյունից, պատերազմական գործողություններ սկսվեցին։ Եվ մարդկանց մոտ դոմինանտ դարձավ թիկունքից ռազմաճակատին օգնելը։

Ողջ հանրապետությունն ընդգրկված է այս գործողություններին, ուստի անխուսափելի էին համաճարակի կրկին ծավալումը և վարակվածների թվի աճը։

Դժբախտաբար, դոմինանտ եղավ ռազմաճակատի համար աշխատանք իրականացնելը, մարդկանց շփումները շատացան, անհատական պաշտպանիչ միջոցները մի կողմ դրվեցին, սոցիալական հեռավորությունը չի պահպանվում։

Նաև տեղաշարժերը շատացան, դա էլ իր հերթին է նպաստում հարուցչի արագ տարածմանը։ Արդեն օրական հայտնաբերման տոկոսը 20 տոկոսի սահմաններում է։

Այս իրավիճակում ամեն ինչ ընկալելով ու հասկանալով՝ երևի պետք է անընդհատ կոչով դիմել հանրությանը, որ դիմակ կրեն և հնարավորինս պահպանեն սոցիալական հեռավորությունը։ 

Այստեղ երկրորդ խնդիրն է առաջանում. առողջապահության համակարգն զբաղված է ռազմաճակատից բերվող վիրավորների բուժմամբ, և համավարակի տարածմանը զուգահեռ նորից կլինեն այնպիսի դեպքեր, որոնք ծանր են և հիվանդանոցային բուժման կարիք ունեն։

Այսինքն՝ ռազմաճակատից եկող վիրավորներն ու համաճարակի ծանր դեպքերը բավական լուրջ բեռ կհանդիսանան առողջապահության համակարգի վրա։ Բայց համակարգն իր պատրաստ լինելը բազմիցս ցույց է տվել, դրանում համոզվել ենք, հուսանք, որ նույնն էլ հիմա կլինի։

– Հնարավո՞ր է իրավիճակ ստեղծվի, որ այս փուլում կորոնավիրուսի տարածումն ավելի մեծ լինի, քան ամռան պիկի ժամանակ էր։

– Այստեղ ևս մեկ գործոն է ավելանում՝ սեզոնային գրիպի տարածումը, որն իր հերթին մարդու օրգանիզմը որոշ չափով թուլացնում է։ Չեմ կարծում, որ հուլիսի թիվը կունենանք, երբ հետազոտվողների շրջանում օրական հայտնաբերված դեպքերը 35-40 տոկոս էին կազմում, բայց իրավիճակը անհանգստացնող է։

Եթե մենք սկսենք շատ արագ պաշտպանիչ տարրական միջոցառումներն իրականացնել, նորից զգոնություն ցուցաբերենք, դիմակ կրենք, սոցիալական հեռավորությունը պահպանենք, հուսանք, որ չենք ունենա մեծ բռնկում։

– Մենք տեսնում ենք, որ մարդիկ սկսել են դիմակ չկրել, այսինքն՝ սա կոնկրետ ունենո՞ւմ է իր բացասական ազդեցությունը։

– Ես ձեր միջոցով կոչ եմ անում, որպեսզի մարդիկ չմոռանան՝ երկրորդ պատերազմը COVID-ն է՝ համավարակը։ Եվ ընդամենը դյուրին մեթոդներով մենք կարող ենք պաշտպանվել։

Փորձն էլ ունենք, թե ինչպես պետք է նվազեցնել հիվանդացության մակարդակը։ Հաշվի առնելով մեր իսկ փորձը, երբ կարողացանք հիվանդացության բարձր մակարդակը նվազեցնել, հիմա արագ պետք է անդրադառնանք դրան, մեր ուժերը լարենք ու այդ միջոցառումներն իրականացնենք, որպեսզի գոնե պատրաստ լինենք անընդհատ տարբեր մարտահրավերների դիմակայելու։ Իսկ համավարակի պայմաններում հասարակությունը թույլ է լինում այլ մարտահրավերների դիմակայելու տեսանկյունից։

– Աշխարհում ի՞նչ իրավիճակ է համավարակի առումով, երկրորդ ալի՞ք է։

– Ունենք համաճարակի տարածում, համավարակն ընդգրկում է նոր տարածքներ ու նոր մարդկանց։ Երկրներ, որոնք փակ են եղել, հիմա բացվել են, մարդիկ սկսել են վարակվել։

Այս փուլում վտանգը նաև պայմանավորված է սեզոնային գրիպի վրա հասնելու հետևանքով։ Այսինքն՝ հիվանդացության բարձրացման տեսանկյունից գումարային էֆեկտ ունենք։

Ամբողջ աշխարհում պրոբլեմը կա։ Մենք ամեն տարի ունենում ենք գրիպի աշնանային համավարակ։ Փորձում էինք մեկուսանալ, մարդկանց չվարակել, տանը մնալ։

Ուղղակի հիմա, ելնելով ստեղծված իրավիճակից, շատ մեծ զանգվածային կուտակումներ կան։ Դա է մտահոգում, և, կարծում եմ, տարածման աղբյուրը դա է։ Հետևաբար, ընդամենը պետք է դիմակ դնել ու փորձել միմյանցից մի փոքր հեռու լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am