Երևանի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը մարվել է. ՆԳՆ

Հուլիսի 20-ին՝ ժամը 22:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ Ամիրյան փողոցի թիվ 4/6 շենքի տանիքում բռնկված հրդեհը տարածվել է 9-րդ հարկի բնակարաններից մեկի բաց պատշգամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ 23:51-ին: Այրվել են շենքի տանիքում տեղադրված ծխահեռացման համակարգը՝ շարժիչներով, ծխատարի արտաքին երեսպատման շերտը, իսկ 9-րդ հարկի բաց պատշգամբում՝ գույք:

Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը: