Խանդոտ «վոժդը». Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթանք է տալիս, Անդրիասը` պահում կոռեկտությունը

Խանդոտ «վոժդը». Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթանք է տալիս, Անդրիասը` պահում կոռեկտությունը
Խանդոտ «վոժդը». Րաֆֆի Հովհաննիսյանը ամոթանք է տալիս, Անդրիասը` պահում կոռեկտությունը

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մշտապես խոսում է «ժողովրդի իշխանության» մասին, այսօրվա հանրահավաքում ամոթանք տվեց «նրանց», ովքեր փորձում էին օգտվելով իր մեկ ժամվա բացակայությունից ապրիլի 9-ի երեկոյան և իրենց ղեկավար զգալ Բաղրամյան պողոտայում:
«Ովքեր ուզում էին օգտվել իմ մի ժամվա բացակայությունից և իրենց ժողովրդի ղեկավար, վոժդ համարվել, ամոթ նրանց»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի երեկոյան, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանի ուղեկցությամբ գնաց Ծիծեռնակաբերդ, ժողովրդի մի մասը մնաց Բաղրամյան պողոտայում, իսկ շարժման ղեկավարումն իր ձեռքը վերցրեց նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ հայտարարելով, որ Բաղրամյան պողոտայում պետք է նստացույց սկսել:

Հետևաբար պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս խոսքերն ուղղված էին հենց Անդրիաս Ղուկասյանին:

«Մեդիալաբի» հետ զրույցում, սակայն, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ չի կարծում, թե Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը վերաբերում են իրեն:

«Ես չէի փորձում քաղաքական կառավարում անել Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն, այլ այդ պահին անում էի ամենը, որպեսզի ապահովեմ քաղաքացիների անվտանգությունը և ապահովել իրենց կողմից առաջ բերված պահանջի արդյունավետ կատարումը»,- «Մեդիալաբին» ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ դա ինքնաբուխ միջոցառում էր, և այդ պահին չկային այդ միջոցառման համար պատասխանատու անձինք, հատկապես, որ ձերբակալված էր «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը:

«Ես օրենքով սահմանված կարգով տեղեկացրեցի քաղաքացիներին և ոստիկաններին, որ վերցնում եմ պատասխանատվությունն իմ վրա և իմ կողմից բոլոր քայլերն ունեին մի նպատակ՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը, զերծ պահել քաղաքացիներին և ոստիկաններին այդ պահին բախումից և ապահովել քաղաքացիների պահանջի կատարումը, այն է, որ ոստիկանությունը բացեր ճանապարհը դեպի Բաղրամյան 26»,- ընդգծեց նա:

Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ ապրիլի 9-ին Հայաստանում հռչակվել է քաղաքացիական անհնազանդություն, ինչը կարևորագույն իրադարձություն է համարում: Ըստ նրա՝ մեծ իրադարձություն է, որ քաղաքացիները Ազատության հրապարակում և ոչ միայն այնտեղ ըստ էության երդվել են չենթարկվել հանցավոր ճանպարհով ձևավորված իշխանություններին:

Սա, Անդրիաս Ղուկասյանի բնորաշմամբ, նոր քաղաքական իրադրություն է և արդյունավետ կլինի:

Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանն այսօր Ազատության հրապարկում անցկացված հանրահավաքին չմասնակցեց: Այս անգամ արդեն անհամեմատ սակավաթիվ մասնակիցներ ունեցող հանրահավաքում զգացվում էր, որ մարդկանց մեջ ոգեւորությունը մեծամասամբ մարել է, շատերն էլ ներկա էին զուտ հետաքրքրությունից դրդված:

Հարթակում չէին նաեւ Հովհաննիսյանին փետրվարի 18-ից հետո սատարող գործիչները, որը ենթադրաբար եւս կապված էր նրա` ապրիլի 9-ի, ինչպես վերլուծաբաններն էին բնորոշել «անտրամաբանական քայլերի» հետ:

Անդրիաս Ղուկասյանը, ով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո մշտապես մասնակցում էր հանրահավաքներին, այսօրվա իր բացակայությունը բացատրեց նրանով, որ քաղաքացիական ձևաչափով այլ հանդիպման էր գնացել տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու քաղաքացիական անհնազանդության հետ կապված ապագա գործողությունները:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կեսօրին է վերադարձել Մոսկվայից, ուր մեկնել էր ապրիլի 11-ին, իր խոսքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով: Սակայն այսօրվա հանրահավաքում, չնայած շատերի սպասումներին, նա այդպես էլ չանդրադարձավ մոսկովյան այցին և դրա արդյունքներին:

© Medialab.am