Ինքնության եռագույն ճգնաժամ. պատռել բոլոր խորհրդանշանները 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

ՀՀ օրհներգը և զինանշանը վաղ թե ուշ պետք է փոխվեն. Ալեն Սիմոնյանի այս խոսքերն անգամ չի էլ կարելի սկանդալային որակել։ Հերթական քննարկումը երկրի խորհրդանշանների շուրջ, որը, ճիշտն ասած, վաղուց էր սկիզբ առել, բայց հեղափոխությունն ու հատկապես պատերազմը սրեցին այն։ 

Ժամանակին հիմնականում մարդկանց սահմանափակ խմբեր երբեմն-երբեմն փնթփնթում էին, որ մեր հիմնը խեղճի երգ է, իսկ դրոշն էլ «գեղցու» գույներ ունի։ Բայց այդ զրույցները հեռու չէին գնում։ Իշխանությունը զբաղված էր վերարտադրվելով, ժողովուրդը` օրվա հացի խնդրով։ 

Հետո տեղի ունեցավ հեղափոխությունը… Անկեղծ ասած, նման գործընթացները, որպես կանոն, դրոշի և այլ խորհրդանշանների փոփոխություն են ենթադրում։ Բայց մեզ մոտ ամեն ինչ մի տեսակ արագ ստացվեց, չկար իր սիմվոլիկայով որևէ կուսակցություն կամ կառույց, ավելին` ՀՀ պետական դրոշը ինքը դարձավ հեղափոխության նշանը։ Հիշենք եռագույնով լի հրապարակը։ Այն ամենուր էր` մարդկանց դեմքին, ձեռքում, շորերին։ Ըստ այդմ` նոր իշխանությունները մի տեսակ սլացիկ մտան հին խորհրդանշանների և անգամ հին իշխանության նոր խմբագրած Սահմանադրության մեջ։ 

Ամեն ինչ կտրուկ սրվեց պատերազմից հետո։ Շատերը կասեն` ամենը Ալիևի հրամանով է արվում։ Բայց, կարծում եմ՝ այստեղ կապ չունի, թե ինչ է ասում կամ ուզում Բաքվի վարչակազմը։ Շատ ավելի կարևոր է այն, թե ինչ ենք ուզում մենք։ 

Պարտությունը ծանր բեռ է։ Ու մեր էլիտաները այդ ժայռակտորն իրար վրա են նետում։ Ոչ ոք չի ուզում այն իր ուսին տանել։ Ըստ այդմ` կամա թե ակամա միտք է հասունանում, որ եթե փոխենք ամենը` մեր տունը, երգը, գույնը, ձևը… իրականությունը նույնպես կփոխվի։ Կռվից շատ ժամանակ չէր անցել, երբ նախագահ Արմեն Սարգսյանը հոդված գրեց այն մասին, որ պետք է Չորրորդ հանրապետություն հռչակենք և սկսենք կյանքը նոր էջից։ 

Սա, մեծ հաշվով, մարդկային բնական ռեակցիաներից մեկն է ծանր իրավիճակին։ Դու պարտվում ես։ Հետ ես նայում, փորձելով հասկանալ, թե ինչն ես սխալ արել, և ժամանակի ու տարածության մեջ քո կանգնած կետից քեզ թվում է, թե` ամեն ինչ…

Թվում է, թե, ախր, բոլոր ճանապարհները դեպի այս ձախողումն էին տանում։ Դու պարզապես կույր էիր։ 

Իրականում նման համոզմունքը խաբկանք է, որը գալիս է հետհաշվարկի տեսքով` փորձելով մեր ուղեղին համոզել, որ տեղի ունեցած գործողությունները տրամաբանական շղթայով տանում էին մի կետի։ Իրականում այդ կետերն անսահմանափակ քանակությամբ էին, պարզապես մեր բախտը չբերեց, և մենք հասանք այստեղ։ Ինչևէ, մարդը հետ է նայում։ Մտածում է, որ ամեն ինչ սխալ էր։ Իսկ եթե սխալ էր, եթե` դեպի պարտություն ու կորուստ տանող, ուրեմն պետք է փոխել, խմբագրել, վերացնել։ 

Թե կոնկրետ ի՛նչ քաղաքական նպատակներ են հետապնդում Սահմանադրությունը, զինանշանը, օրհներգը և, ով գիտի, գուցե դրոշը փոխել ցանկացող քաղաքական թիմի անդամները, դժվար է ասել։ Բայց, անկախ նպատակներից, նրանք խոսելու են հանրության` այս պահանջներին ընդառաջ գնացող, սեփական բախտի վրա գազազած քաղաքացուն հասկանալի լեզվով։ Առաջարկելու են փոփոխությունը որպես անցյալից պոկվելու, հեռանալու, ամոթի ու ցավի էջը շրջելու դեղամիջոց։ Ես չեմ բացառում, որ հասարակության մի մասը դա կսատարի։ 

Այդուհանդերձ պետք է նշեմ, որ յուրաքանչյուր խորհրդանշան բովանդակություն ունի, և որքան խորն ու հուզական է այն, այնքան ավելի մոտ է մարդկանց նյարդերին ու սրտին։ Այդ խորհրդանշանները մարդիկ ատամներով են պահելու, եթե անգամ նրանք ծուռմռտիկ են ու թերի։ Դրանք այն խորհրդանշաններն են, որոնք ժողովուրդը համարում է իրենը։ 

Տեսեք` Սահմանադրությունն այդքան հույզեր չի առաջացնում, դա միշտ էլ եղել է էլիտաների կողմից խմբագրվող թղթե գործիք, իսկ ահա Անկախության հռչակագիրը ավելի հուզական երանգ ունի։ Զինանշանը նույնպես պաշտոնական արարողակարգի հետ է ասոցացվում, իսկ ահա դրոշը… դրոշով հերոսների են հուղարկավորել։ Դրոշն իրոք արյունոտ է, ինչը նշանակում է, որ այդ խորհրդանշանի գինն ավելի քան բարձր է։ 

Պետք է հասկանալ, որ գունավոր կտորի կամ նկարված առյուծի հետևում մարդիկ պատմություն և հուզական ապրումներ են տեսնում։ Որքան ինտենսիվ և թանկ լինեն դրանք, այնքան մեծ կլինի ոտնձգության զգացումը, եթե փորձ կատարվի փոխել դրանք։ 

Այսպիսով` ՀՀ իշխանությունները, կարծես, իրոք հավատացել են «ռեստարտ» տերմինին, և փորձելով փոխել խորհրդանշանները, հույս ունեն, որ հասարակությունը կանջատվի, կմիանա, և երկրի «կախած» վիճակը կվերանա։ Այս գործում, սակայն, ես զգուշավորություն կմաղթեի, քանի որ հասարակությունը հաշվիչ մեքենա չէ, և իր որոշ սեղմակներին դիպելով ոչ թե ռեստարտի կհասնես, այլ կարող ես ուժգին պայթյուն առաջացնել։ 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am