«Սուպեր Սաքոյի էֆեկտը» և երևանյան զզվանքի գետերը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Առաջին անգամ էի տեսնում այդ տղային, որը սկանդալի կիզակետում էր։ Ոմն անծանոթ Հանրայինի եթերով ինչ-որ անմիտ բաներ էր ասել Կոմիտասի մասին՝ փորձելով ապացուցել, թե մուղամը հայկական է եղել, Կոմիտասն եկել «մաքրել ա»։ Ու գոնե ինչ-որ սուրբ նպատակով մաքրեր։ Ո՛չ, մաքրել է, որ եվրոպացիների սրտով լինի։ Համերգների համար։

Հոգեբանները լավ գիտեն, որ հաճախ մարդիկ, խոսելով ուրիշների մասին, իրականում իրենց մասին են պատմում։ Ինչևէ, այս ամենն այսքան հետաքրքիր չէր լինի, եթե սա չլիներ Երևանի ավանգարդ կենտրոնից դուրս, Մեղրիից դեպի Լոս Անջելես ձգվող ճամփաներին օրորվող միջին հայ երիտասարդի կերպարներից մեկը։ Այն կերպարը, որը խորթ է ֆեյսբուքյան պղպղջակում ապրող Երևանի մշակութային կենտրոնին, բայց որը կա և հաճախ շատ ավելի իրական է, քան մեզ թվում է։

Սուպեր Սաքոյի էֆեկտը

Ես իմացա, որ երիտասարդը ոմն Սուպեր Սաքոն է։ Հայտնի ռեփեր։ Գուգլեցի։ Յութուբյան իր տեսահոլովակները գունավոր են, թանկ, աչք ծակող… 22 միլիոն դիտում, 36 միլիոն, 201 միլիոն դիտում…

Մեկնաբանություններ արաբական երկրներից, Թուրքիայից, Ալբանիայից, Հնդկաստանից, Պակիստանից…

Մինչ մեր քաղաքագետները և վերլուծական շրջանակները խոսում են այն մասին, որ մենք պետք է տարածաշրջանի մաս կազմենք, կապ հաստատենք արևելյան երկրների հետ, զանազան «սուպեր» երգիչներ դա անում են։

Հավատացնում եմ ձեզ, Սուպեր Սաքոն իր գործում միակը չի։

Սա պետք է արձանագրենք որպես տխուր փաստ։ Մեր քաղաքական և մշակութային անճարության ևս մեկ խորհրդանշան։ Եթե Կոմիտասը «դրսերին» մերն էր ցույց տալիս՝ նրանց հրավիրելով մեր աշխարհ և այդպես մտերմության կամուրջներ գծելով, ապա սուպեր յութուբյան կատարողները կամուրջներ են գծում դրսի հետ՝ կրկնօրինակելով նրանց։ 

Երևանյան պղպջակ

Այս պատմության մեջ թերևս ամենաուշագրավը սոցիալական ցանցերում տարածված ցասումն է։ Հետաքրքիր է, այս բողոքը Երևանի պայմանական մշակութային կենտրոնից դուրս եկա՞վ։ Դժվար։ Առողջության հետ անհամատեղելի բարձր երաժշտությամբ իրենց գոյությունը հաստատող մեքենաների միջից մի՞թե սուպերների բիթերը չեն լսվում։ Մի՞թե 201 միլիոն դիտումից գոնե մեկ միլիոնը հայեր չեն…

Ի վերջո, պետք է դուրս գալ ֆեյսբուքյան պղպջակից և նայել մեր շուրջը։ Մեր հասարակությունը վաղուց և հստակ քայլերով գնում է դեպի հասարակության ընդգծված շերտավորում։ Եվ ես ֆինանսական կողմի մասին չեմ խոսում։

Սա արժեքային, մտածողության, նպատակային շերտավորում է, որը նախևառաջ արտահայտվում է ճաշակով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ մարդ մի բան ցածրաճաշակ է համարում, նրա մեջ դա լսելիս/տեսնելիս զզվանք է առաջանում։ Այս զգացումը չի թողնում, որ դու հատես քո սոցիալական շերտի սահմանը։

Եվ քանի դեռ այս թրենդը ուժգնանում է (դրա պատճառները բազում են), հայ հասարակության մեջ զզվանքի գետեր են հոսելու։ էլիտիզմից մինչև գավառականություն… բոլոր տեսակի «ձկները» լող են տալու այս գետերում։ Այս ջրերը չեն ցամաքելու։ Այնպես որ, պետք է մի բան հնարել՝ գետերի վրայով կամուրջներ նետելու համար, քանի որ մեծ հաշվով քչերն են ուզում իրենց պղպջակից դուրս նայել։։ 

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am