Գնդացիր, ատրճանակներ, նռնակ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել. Տեսանյութ

Հեղինակ MediaLab

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 9-ին բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Երևանի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» գնդացիր։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է նախորդ տարի մահացած հորը։

Գավառի 31-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն՝ հայտնելով, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Մարտունու բաժնում։ Մայիսի 9-ին բաժին եկած Զոլաքար գյուղի 49-ամյա բնակիչը կամավոր հանձնել է տարիներ առաջ մահացած հոր պայթուցիչով նռնակը, ինքնաձիգի պահունակներն ու 120-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է տանիքը մաքրելիս։ Նույն օրը Մարտունու բաժին եկած 26-ամյա երիտասարդը, որը Վաղաշեն գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է հանգուցյալ պապին պատկանած ինքնաշեն ատրճանակն ու ինքնաձիգի 80-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր հացատանը։

Սևան քաղաքի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ։ Նրա հայտնածով` հրազենը գտել է ավտոտնակում շինարակական աշխատանքներ կատարելիս։ Այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: