«ԳԱԶել»-ը մասնավոր տրանսպորտ էր, իսկ ճանապարհը կահավորված է եղել նախազգուշացնող նշաններով. արձագանքում են պետական մարմինները

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին այսօր վաղ առավոտյան ողբերգական ելքով վթարի ենթարկված «ԳԱԶել» մակնիշի մարդատար մեքենան կանոնավոր ուղևորափոխադրում չի իրականացրել:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Մեդիալաբին» ասում է, որ վթարի ենթարկված մարդատար «ԳԱԶել»-ը մասնավոր տրանսպորտային միջոց է եղել: Ըստ տարբեր աղբյուրների՝ այն բանվորներ է տեղափոխել բերքահավաքին մասնակցելու համար:

«Կանոնավոր փոխադրումների մասով՝ մեր տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչությունը, յուրաքանչյուր մարզում առկա մեր մարզային ստորաբաժանումները պարբերաբար ստուգում են տրանսպորտների տեխնիկական վիճակը, համապատասխան զննություն անցած լինելը, չվացուցակը»,- ներկայացնում է Զոհրաբյանն ու ընդգծում, որ պետական մակարդակով վերահսկողությունը մշտապես իրականացվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ժամը 07:04-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 5 մարդ մահացել է, 13-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ վթարից տուժած երեք անձ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նկատենք, որ «ԳԱԶել»-ների մեջ թույլատրվում է նստեցնել 12 անձ:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մարզային երթուղիները սպասարկելու համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է մրցույթ, և մրցույթում հաղթած կազմակերպությունը ստանձնում է սահմանված ժամկետով ու կանոններով շահագործել տվյալ երթուղին:

ՏԿԵ նախարարությունից «Մեդիալաբին» փոխանցում են, որ միասնական երթուղային ցանց ներդնելու աշխատանքներն իրականացվում են դեռ 2018 թվականից: «Իրավական ակտերն արդեն ընդունված են. նախատեսված է, որ տրանսպորտային միջոցների տարիքը մինչ 10 տարեկանն է լինելու: Արմավիրի ու Կոտայքի մարզերի համար մրցույթն արդեն հայտարարված է, և մի փաթեթով բոլոր երթուղիները հանձնվելու են փոխադրողին»,- ասում են ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ լինելու է միասնական օպերատոր, բայց դարձյալ մասնավոր, քանի որ պետությունը փոխադրումներ չի իրականացնում:

Ճանապարհի այն հատվածը (Կաքավաձոր գյուղի մոտակայքը – հեղ.), որտեղ տեղի է ունեցել ողբերգական ելքով վթարը, արդեն մի քանի տարի է՝ անսարք է, և այդտեղով երթևեկելիս Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման շրջանակներում բետոնե արգելապատնեշներով արագության սահմանափակում է պահանջվում:

Ճանապարհի անսարքության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ «Մեդիալաբին» ստանալ չհաջողվեց, քանի որ Ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչությունը մեր զանգերն անպատասխան թողեց:
Սակայն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանի խոսքով՝ վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, ճանապարհի անսարքությունը չի եղել:

«Ճիշտ է, Կաքավաձոր գյուղի ճանապարհի այդ հատվածում շինարարական աշխատանքներ ընթանում են, բայց այն կահավորված է եղել նախազգուշացնող նշաններով»,- «Մեդիալաբին» ասում է Ելենա Զոհրաբյանն ու հավելում, որ ոստիկանությունից իրենց փոխանցած տվյալների համաձայն՝ նախնական վարկածով, արագության գերազանցում է եղել, ու շրջադարձի հատվածում վարորդը չի կարողացել կառավարել մեքենան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am