«Առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք». Հյուման Րայթս Ուոչի նամակը Մատաղիսի գործի վերաբերյալ

«Առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք». Հյուման Րայթս Ուոչի նամակը Մատաղիսի գործի վերաբերյալ
«Առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք». Հյուման Րայթս Ուոչի նամակը Մատաղիսի գործի վերաբերյալ

Հյուման Րայթս Ուոչի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Րեյչլ Դենբեր նամակ աղմկահարույց Մատաղիսի գործի առնչությամբ նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Այդ մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը`հրապարակելով նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը:
Նամակն ամբոջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Հարգելի պրն. Հովսեփյան,
Գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը 2003 թ. իրենց համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի նկատմամբ խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ պնդումների առնչությամբ արդյունավետ քննության չիրականացնելու վերաբերյալ: Հորդորում ենք Ձեզ, որ առանց հապաղելու արդյունավետ քննություն իրականացնեք խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ պնդումների առնչությամբ: Հաշվի առնելով, որ բռնությունների ներքո արված խոստովանությունը դեռևս մեղադրյալների նկատմամբ առաջադրված մեղադրանքի հիմնական ապացույցն է, մենք նաև կոչ ենք անում դատախազությանը կասեցնել մեղադրանքը, քանի դեռ այդ քննությունը չի իրականացվել:

2005 թ. մայիսի 13-ին Սյունիքի մարզի դատարանը Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ իրենց ծառայակիցների սպանության մեղադրանքով: 2006 թ. մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխե է ցմահ ազատազրկման: Սակայն 2006 թ. դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին:

Ինչպես հասկանում ենք դատախազությունըշարունակել է մեղադրանք ներկայացնել Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին և 2008 թ. գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան: Նաև ինչպես հասկանում ենք՝ ո՛չ դատարանները, ո՛չ էլ դատախազությունը խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ այս լուրջ պնդումների առնչությամբ անկախ, հրատապ, ամբողջական և արդյունավետ քննություն չեն իրականացրել:

2008 թ. մայիսին Շիրակի մարզի դատարանը նույն գործով նոր դատաքննություն է սկսել Սարգսյանի, Սերոբյանի և Զալյանի դեմ, այս անգամ մեղադրելով ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեջ՝ որը հանգեցրել ՝ երկու զինծառայողների մահվան: Սա երկրորդ անգամն է, որ նրանց նկատմամբ դատաքննություն է իրականացվում նույն միջադեպի վերաբերյալ:

Առանց մեղադրյալների անմեղության կամմեղավորության վերաբերյալ որևէ դիրքորոշում ունենալու՝ մենք խորապես մտահոգված ենք, որ նոր մեղադրանքները կրկին մեծամասամբ հիմնված են մեղադրյալներից մեկի՝ Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքի վրա: Բավական հիմքեր կան հավատալու, որ խոստովանական ցուցմունքը տրվել է խոշտանգումների և դաժան ու անմարդկային վերաբերմունքի ենթարկվելուց հետո: Սարգսյանը նախ հայտնել է իր փաստաբանին և ապա դատարանին, որ երբ առաջին անգամ 2004 թ. ապրիլի 19-ին հարցաքննվել է որպես վկա, նա մի քանի օր շարունակ զինվորական դատախազության քննիչների կողմից ենթարկվել է դաժան ծեծի և հոգեբանական ճնշումների, որի արդյունքում խոստովանական ցուցմունք է տվել, որ կատարել է հանցագործությունը և որպես հանցակից նշել է Սերոբյանին և Զալյանին: Սարգսյանը հայտնում է, որ քննիչները ձեռքերը ետևում կապելով ձեռնաշղթաներ են հագցրել իրեն և այդ դիրքով ծեծի ենթարկել: Նրանք նաև սպառնացել են, որ կբռնաբարեն իրեն: խոստովանության տեսագրության մեջ Սագսյանի դեմքն ուռած է և կապտած, որը հստակ վկայում է, որ նա խոստովանությունից առաջ վատ վերաբերմունքի է ենթարկվել:

Հետագայում նախաքննության և դատաքննության ընթացքում Սարգսյանը պնդել է իր անմեղությունն՝ ասելով, որ իրենստիպել են ինքնախոստովանական ցուցմունք տալ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ներքո: Մյուս մեղադրյալները՝ Սերոբյանը և Զալյանը նույնպես Սյունիքի մարզի դատարանում առաջին դատաքննության ժամանակ հայտնել են, որ քննիչների կողմից խոշտանգումների են ենթարկվել հարցաքննությունների ժամանակ և երբեք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Սյունիքի մարզի դատարանը հաշվի չի առել պաշտպանական կողմի միջնորդությունները, որոնք ներկայացվել են խոշտանգումների վերաբերյալ բողոքները հիմնավորելու համար: Օրինակ՝ դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունները զննելու այն սենյակի հատակը որտեղ նրանք հարցաքննվել են: Ըստ պաշտպանական կողմի՝ Սարգսյանին, Սերոբյանին և Զալյանին խոշտանգումների ենթարկելու հետևանքով հատակին արյան հետքեր կան: Դատարանը նաև հրաժարվել է զննել բժշկական փաստաթղթերը, որոնք ձեռք են բերվել այն հիվանդանոցից, որտեղ Սարգսյանը տարվել է հացադուլի ընթացքում: Փաստաթղթերում նշված են բազմաթիվ առողջական խնդիրների մասին, որոնց մի մասը ծեծի արդյունք են հանդիսանում:

Միջազգային համաձայնագրերը, որոնց կողմ է հանդիսանում նաև Հայաստանը, ներառյալ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը և խոշտանգումների և այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, պահանջում են խոշտանգումների կիրառման միջազգային և բացարձակ արգելքի պահպանում: Այս համաձայնագրերը նաև շեշտում են, որ խոշտանգումների ներքո արված հայտարարությունները չեն կարող վկայակոչվել որպես ապացույց՝ բացառությամբ խոշտանգումներ իրականացնող անձի դեմ: Միջազգային իրավունքը նաև պարտավորեցնում է երկրներին երաշխավորել մեղադրյալների արդար դատաքննության իրավունքը և ապահովել, որ քրեական վարույթն իրականացվի ըստ համապատասխան հիմնարար ընթացակարգերի: Այս չափանիշների չպահպանելը Հայաստանի միջազգային պարտավորությունների լուրջ խախտում կլինի:

Հյուման Րայթս Ուոչը հավատում է, որ հաշվի առնելով այս գործում առկա խոշտանգումների վերաբերյալ հավաստի պնդումները և Հայաստանի պարտավորությունները, շատ կարևոր է, որ խոշտանգուների առնչությամբ շտապ և ամբողջական քննություն իրականացվի և մեղադրանքը կասեցվի մինչև քննության ավարտը:

Շնորհակալություն այս հրատապ խնդրի վերաբերյալ Ձեր ուշադրության համար

Անկեղծորեն

Րեյչլ Դենբեր

Հյուման Րայթս Ուոչի

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն»

© Medialab.am