Վերջնագի՞ր, թե՞ դիվանագիտական մեսիջ. փորձագետներն արձագանքում են Փաշինյանի հայտարարություններին

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, համաձայն է՝ Ռուսաստանը միութենական պետությանը անդամակցելու պաշտոնական առաջարկ չի արել, բայց, իհարկե, տարբեր խողովակներով Հայաստանին հասկացրել է միութենական պետությանը անդամակցելու մասին:

«Ավելին, Ռուսաստանին ձեռնտու կլիներ, որ Հայաստանը հայտնվեր այնպիսի վիճակում, որ ինքը՝ Հայաստանը դիմեր միութենական պետության մաս կազմելու համար: Այդ դեպքում Ռուսաստանը հնարավորություն կունենար էլ ավելի մեծացնել իր ճնշումը Հայաստանի նկատմամբ և արդեն Հայաստանի անունից բացահայտորեն բանակցությունների կամ առևտրի մեջ մտնել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Բաղդասարյանը:

Միութենական պետությանն անդամակցելու համար Հայաստանին ուղղված ճնշումների մասին նախորդ տարեվերջին խոսել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ Հայաստանին ճնշում են Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին անդամակցելու համար։ «Երբ Հայաստանը դիմադրում է, ստանում է ճնշումներ ռազմական տեսքով»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ չմատնանշելով՝ ո՛ր երկրների կողմից են գալիս այդ ճնշումները:

Այսօր կայացած ասուլիսում վարչապետը չի խոսել ռազմական ճնշումների մասին, այլ միայն ակնարկել է, որ այդ ճնշումները գալիս են ռուսական փորձագիտական շրջանակների կողմից: Հարցին, թե արդյոք ոչ պաշտոնական խողովակներով միութենական պետությանն անդամակցելու մասով ճնշումներ եղե՞լ են, վարչապետը պատասխանել էր.

«Նայած՝ ինչ նկատի ունենք՝ ոչ պաշտոնական խողովակ ասելով։ Փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն էլ համարել: ԱԽ քարտուղարը ճնշումների մասին խոսելիս նաև սրանք է նկատի ունեցել»:

Փաշինյանը նաև ընդգծել էր, որ միութենական պետությանն անդամակցելու մասին Հայաստանին պաշտոնական առաջարկ չի եղել: «Եթե նկատի ունեք որևէ պաշտոնական առաջարկ, ապա որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել, բայց իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է։ Երբեմն մենք պետք է խորը դիտարկենք ոչ այնքան հարցի տեքստը, որքան ենթատեքստը, և մենք պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները։ Ես այլ բան կարող եմ ասել՝ մեզ համար ընդհանուր առմամբ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են»,- շեշտել էր Փաշինյանը:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը համոզված է՝ կուլիսներում Ռուսաստան-Բելառուս միութենական դաշինքին միանալու առաջարկ Հայաստանին եղել է նախկինում, ու հիմա էլ նման բան շարունակվում է: «Ռուսաստանը դա պաշտոնապես չի հայտարարի, որովհետև այս պահին Հայաստանի անդամակցումը միութենական պետությանը Ռուսաստանին ոչ միայն լրացուցիչ լծակներ կտա, այլ նաև լրացուցիչ պարտավորություններ: Իսկ Ռուսաստանը Հայաստանի դեպքում ցանկանում է ունենալ միայն ավելի շատ իրավունքներ՝ առանց որևէ պարտավորության: Դրա համար այդպիսի ճնշումներ կլինեին»,- ընդգծում է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կեցվածքը անընդունելի է, քանզի նման բարձրաստիճան պաշտոնյան «իրավունք չուներ ոչ պաշտոնական խողովակներից ճնշումների մասին բարձրաձայնել»:

Ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներից եկող հնարավոր ճնշումներին, որի վերաբերյալ այսօր ակնարկել էր վարչապետը, Բաղդասարյանն ասում է. «Փորձագիտական ճնշումներին պետք է պատասխանել փորձագիտական մակարդակով: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանում անկախ փորձագետներ չկան, և այնտեղ խոսող բոլոր փորձագետները ներկայացնում են պաշտոնական Կրեմլի տեսակետները, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է պետական մակարդակով պատասխաներ: Հետևաբար Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունները կոպիտ ու անթույլատրելի սխալ էին, որից Հայաստանը չի շահելու և միայն կորցնելու է»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը հստակեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից է առաջարկ ստացել անդամակցել միութենական պետությանը: «Դա եղել է Վլադիվոստոկում, երբ նրանք հանդիպել են վերջին անգամ: Այդ առաջարկը չի եղել թղթի վրա, չի եղել պաշտոնական, բայց, այնուամենայնիվ, այդ առաջարկը եղել է: Հիմա դրա մասին շատ է խոսվում փորձագիտական շրջանակներում: Այնպես որ, այն, ինչի մասին նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր խոսում, դա էլ է իրականություն. ոչ պաշտոնական նման ակնարկներ եղել են Մոսկվայից և ոչ միայն Մոսկվայից, նաև՝ Բելառուսից: Բայց պաշտոնական առաջարկ Հայաստանը չի ստացել»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ նորմալ է, երբ վարչապետն ասում է՝ նման առաջարկ չի եղել, քանզի ոչ պաշտոնական մակարդակում եղած նման խոսակցությունները չի կարելի դիտարկել պաշտոնական և դիրքորոշում հայտնել դրա մասին:

«Արտաքին քաղաքականության մեջ շատ բան բացեիբաց չի արվում և շատ բան արվում է տակից, և մենք տեսնում ենք միայն այսբերգի վերևի մասը, իսկ հիմնականը գտնվում է ջրի տակ»,- ասում է փորձագետ Դավիթ Ստեփանյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու աննպատակահարմարությանը, որի մասին հայտարարել էր վարչապետ Փաշինյանը, Ստեփանյանը դա «բավականին լուրջ քայլ» է համարում:

«Դա դիվանագիտական մեսիջ էր՝ ուղղված Մոսկվային, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության հարցում: Ես հասկանում եմ, որ Փաշինյանը բացահայտ չի կարող պատասխանել լրագրողի հարցին՝ Հայաստանը դո՞ւրս է գալու ՀԱՊԿ-ից, թե՞ ոչ: Դա ոչ կոռեկտ հարց է: Բայց այն, որ տրամադրություններ կան, և զորավարժություններից հրաժարումն էլ այդ տրամադրության մաս է, փաստ է: Սա ավելի էֆեկտիվ քայլ է Հայաստանի կողմից, քան այն, որ Փաշինյանը վեր կենար ու հայտարարեր՝ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից»,- ասում է Ստեփանյանը:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը ՀԱՊԿ-ի առնչությամբ Փաշինյանի հայտարարությունների ենթատեքստում վերջնագիր է նկատել.

«Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ թեև Նիկոլ Փաշինյանն ասում է, թե գործընկերների հետ չի կարելի վերջնագրի տեսքով խոսել, բայց նրա արտահայտած մտքերի ենթատեքստը մեծ հաշվով հենց վերջնագիր էր: Եթե ՀԱՊԿ-ը, այսինքն՝ Ռուսաստանը, Հայաստանի անվտանգության մակարդակը չի բարձրացնում, ապա այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել, որովհետև այդ դեպքում, հակառակը՝ մեզ համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում»:

Նկատենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. Պեսկովը, արձագանքելով ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու աննպատակահարմարության մասին Փաշինյանի հայտարարությանը, նշել էր, որ ՀԱՊԿ-ը պաշտոնական տեղեկատվություն այդ մասին ստացել է և հիմա մշակում է դրանք այլ վայրում անցկացնելու հնարավորությունը: «Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է: Մենք կշարունակենք երկխոսությունը, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնք այժմ շատ բարդ են»,-ասել է Պեսկովը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am