Խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր է ձևավորել նոր կառավարություն․ Վիգեն Սարգսյան

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսօր այլ իրողություն է` կամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կամ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք: Խորհրդարանական մեծամասնությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ձևավորել նոր կառավարություն:

Հոկտեմբերին, մինչև վիճակն այսօրվա փակուղի հասցնելը, Վազգեն Մանուկյանը փրկօղակ նետեց Փաշինյանին: Նա առաջարկեց ներգրավել բոլորին, ովքեր կարող են որևէ օգտակարություն ունենալ և կիսել բարդագույն խնդիրների լուծման քաղաքական պատասխանատվությունը:

Այդ առաջարկի մերժման արդյունքում այս վիճակի ողջ պատասխանատվությունը գործող կառավարության վրա է: Այս փուլում չի կարելի մեղավորներ փնտրել և նախկին ու ներկա անել, պատիժներ նշանակել: Նիկոլի հեռանալն էլ իր պատիժը չէ, այլ նվազագույն կենսական անհրաժեշտություն: Խորհրդարանը կարող է, ի վիճակի է գործունակ և իրավազոր կառավարություն ձևավորել:

Այսօր որևէ ուղղությամբ` պաշտպանականից և դիվանագիտականից մինչև առողջապահական պատասխանատվություն ստանձնելը ինքնազոհության առավելագույն մակարդակ է ենթադրում, քանի որ որևէ ուղղությամբ այս փուլում չկան «լավ» կամ «հաճելի» լուծումներ` միևունույնն է բոլորիս սպասում է զրկանքների, ցավի, արյան և տքնաջան աշխատանքի երկարաշունչ փուլ:

Եվ այդ փուլն անգամ լավագույնս անցնելու համար երախտագիտություն ակնկալողն այս գործընթացում անելիք չունի: