«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է հոգեբան Սամվել Խուդոյանը
– Պարոն Խուդոյան, ինչո՞ւ Հայաստանում մարդիկ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացմանը: Անգամ բժիշկներն են սկսել մարդկանց կոչ անել մնալ տանը:
– Մարդիկ փիլիսոփայություն ունեն, որ վարակն իրենց չի կպնի, ամեն ինչ իրենց կողքով կանցնի: Իհարկե, ես չէի ասի, որ անտարբերություն է, շատերը լավ էլ լուրջ են վերաբերվում այս հարցին: Հիմա տեսնում ենք, որ փողոցները կիսադատարկ են, մեքենաները՝ քիչ:
Բայց ամեն դեպքում ցանկալի կլիներ, որ ավելի շատ մնային տանը: Այդ 194 վարակված անձանց թիվը Հայաստանի նման փոքր երկրի համար շատ մեծ թիվ է: Այդքան դեպք Հնդկաստանում է գրանցվել՝ 700 միլիոնանոց երկրում: Մի քիչ անտարբերություն կա, բայց ես կասեի՝ արխայինություն:
– Դա մեր ազգին բնորոշ գի՞ծ է:
– Պարույր Սևակը մի անգամ այդպես է ասել՝ հայերը մի քիչ դինջ ու արխային են: Բայց արձանագրում ենք, որ մեծ մասը շատ պատասխանատվությամբ է այս ամենին վերաբերվում: Իսկ ամենալավ լուրն այն է, որ երեկ վարակի չորս դեպք է գրանցվել: Եթե այդպես գնա, ավելի լավ: Բոլոր դեպքերում, վտանգն իսկապես շատ մեծ է, Իտալիան մեզ օրինակ: Շատ կարևոր է այն, որ երկրում խուճապ չկա:
– Ինչի՞ց է դա գալիս, որ խուճապ չկա:
– Ինձ թվում է՝ դա այն բանի շնորհիվ է, որ ինֆորմացիան հստակ ու նորմալ հաղորդում են մարդկանց, ցուցումները հստակ տալիս են: Լավ են աշխատում, նորմալ է:
Մարդիկ հասկանում են, որ ապրանք շատ կա երկրում, հատկապես որ բեռնափոխադրումների համար սահմանը փակ չէ: Դիմակներն էլ դեղատներում լիքն են:
– Այս օրերին նման արտահայտություններ են հնչում՝ մենք պատերազմ ու երկրաշարժ տեսած ազգ ենք, կորոնավիրուսը մեզ չի վախեցնի:
– Դրանք ոգևորիչ արտահայտություններ են, որոնք չեն խանգարում: Բայց զգուշությունը լավ բան է: Շատերի մեջ նստած է այն փիլիսոփայությունը, որ այս անգամ բախտս կբերի, ինձ չի կպնի վարակը: Բայց պետք է մտածել, որ հենց այս անգամ կարող է ձեզ կպնել: Ես ամեն առիթ օգտագործում եմ, որ շփում չլինի մարդկանց հետ: Չեմ ուզում մեկ շանս անգամ թողնել: Եթե հնարավորություն կա շանս չտալ, պետք է շանս չտրվի:
– Ազգային ժողովն արտահերթ նիստում օրենքներ ընդունեց, ըստ որոնց՝ խստացվում են ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնների խախտման համար տուգանքները: Ընդհուպ մինչև ազատազրկմամբ պայմանավորված պատիժներ են սահմանվում այն անձանց համար, որոնք իմանալով, որ վարակակիր են, կվարակեն այլ անձանց: Սա որքանո՞վ կգործի Հայաստանում:
– Խոսքը վարակվածների մասին է, և դա արդեն հավասարեցվում է հանցագործության: Ես լրիվ համաձայն եմ, որ դա իսկապես կարելի է դիտարկել որպես հանցագործություն, որովհետև, իհարկե, շատ քիչ, բայց կան մարդիկ, որոնք ասում են՝ «դե որ ինձ եղել է, թող ուրիշին էլ լինի»: Այդպիսի հոգեբանություն ունեցող անձինք կան, և ինձ թվում է՝ հենց նրանց էլ վերաբերում են օրենսդրական այդ խստացումները, որ գիտակցելով հանդերձ գնում են այդպիսի քայլերի:
– Մեր ժողովուրդն ընդհանրապես հոգեբանորեն պատրա՞ստ է նման արտակարգ իրավիճակներ դիմագրավելուն:
– Մեր ազգը շատ սթրեսադիմացկուն ու չափազանց հարմարվող ազգ է: Ցանկացած իրավիճակում հարմարվում են: Մեր էլ, հրեաներին էլ հարմարվողականությունը շատ բարձր է: Երբ շփվում ենք հրեաների հետ, նրանք էլ մեզ են ասում՝ շատ նմանություններ կան: Ասում են՝ հայերը խելացի են: Բա կյանքն է ստիպել, որ եթե խելք չաշխատացնես, չես կարող: Այո, այդ երեք կարևոր հատկությունը կա՝ ճկունություն, խելացիություն ու հարմարվողականություն, սթրեսներին դիմակայելու ունակություն:
Տեսեք՝ ամբողջ աշխարհում հեղափոխություն է լինում, միլիոնից մեկ դեպքում է եղել, որ ժողովուրդն այդքան կազմակերպված է գործել, ոչ մի արյուն չի հեղվել: Նույնն էլ վերաբերում է նախորդ իշխանություններին, տեսնելով, որ չեն կարողանում դիմակայել այս պրոբլեմներին՝ իրենք էլ հրաժարվեցին: Դա էլ ի պատիվ իրենց էր: Ես վստահորեն ասում եմ՝ լավ կազմակերպված ազգ ունենք մենք:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am