Իտալիայում չորեքշաբթի առնվազն 300 դպրոց է տարհանվել պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ միանման սպառնալիքներ ստանալուց հետո։Այս մասին հայտնում է Euronews-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Եվրոպայում հիբրիդային սպառնալիքների աճի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Վերջին շրջանում նման սպառնալիքներ են ուղղվել նաև սուպերմարկետներին, արյան բանկերին, օդային երթևեկության կառավարման համակարգերին և հեռուստակայաններին։
Իտալիայի կրթության նախարար Ջուզեպպե Վալդիտարան La7 հեռուստաալիքին հայտնել է, որ սպառնալիքները, ամենայն հավանականությամբ, կեղծ են, իսկ նման հաղորդագրություններ ստացած դպրոցների թիվը կարող է աճել։
Նրա խոսքով՝ սպառնալիքների զանգվածային տարածումն ինքնին վկայում է դրանց ոչ հավաստի լինելու մասին։
Հռոմի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Նշվում է, որ Եվրոպայում ռումբի տեղադրման վերաբերյալ սպառնալիքների ալիք է սկսվել դեռ անցած շաբաթ։ Երկուշաբթի օրվանից նման ահազանգեր են ստացվել նաև տասնյակ ավիաչվերթների վերաբերյալ։
Որոշ ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել երթուղին և վայրէջք կատարել այլ օդանավակայաններում, իսկ մի շարք երկրներ կործանիչներ են օդ բարձրացրել՝ օդանավերն ուղեկցելու համար։



















