«Արի ամուսնանանք» հաղորդաշարն` Աղբ եթերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արի ամուսնանանք» հաղորդաշարն` Աղբ եթերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Արի ամուսնանանք» հաղորդաշարն` Աղբ եթերից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից» մրցանակաբաշխության չորրորդ հաղթող է ճանաչվել ATV հեռուստատեսությամբ ցուցադրվող «Արի ամուսնանանք» հաղորդաշարը` հայ մարդուն անգիտակցորեն ծաղրի առարկա դարձնելու և ռուսական համանուն հաղորդաշարը խայտառակ անճաշակ կրկնօրինակելու համար:

Փոստի միջոցով «Արի ամուսնանանք» հեռուստահաղորդման ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ ATV հեռուստաընկերությանը փակ ծրարով առաքվել է 100 դրամ` աղբահանության գումար: «Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

Հիշեցնենք, որ «Աղբ եթերից»-ի առաջին մրցանակակիրը Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Աննա» սերիալն էր` սյուժեն տարիներով արհեստականորեն ձգձգելու և հեռուստադիտողի ճաշակի վրա ակնհայտ բացասական ազդեցություն ունենալու համար:

Երկրորդ հաղթողը «Շանթ»-ի «Բանակում» սերիալն էր` զինված ուժերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունները փայլուն եւ հումորային փաթեթավորումով որպես նորմա ներկայացնելու համար, ինչը մեծ խոչընդոտ է առողջ եւ կանոնադրական հարաբերությունների վրա հիմնված բանակ ստեղծելու ընդհանուր նպատակի իրականացման հարցում:

Երրորդ մրցանակակիրը «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն էր` ամենօրյա եթերային լացուկոցի և կանանց հանդեպ որպես սովորական երևույթ ներկայացվող բռնության տեսարանների համար:

Այսօրվա ֆավորիտ դարձած «Արի ամուսնանանք» հաղորդաշարի մասին պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել պատահականության սկզբունքով ընտրված մի հատված: «Չենք լռելու»-ն երաշխավորում է, որ այն, ինչ դուք կտեսնեք, հատված է իրական հաղորդումից, ոչ թե հումորային նմանակում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=8xesFFiRfws

© Medialab.am