Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվում է տրանսպորտի ախտահանում․ Տրանսպորտի վարչության պետ

Երևանում ամենօրյա ռեժիմով պարտադիր իրականացվում է հանրային տրանսպորտի, մետրոյի վագոնների և կայարանների խորքային ախտահանում` պարետի ցուցումներին համապատասխան։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց.

«Երևան համայնքում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները մասնագիտացված կառույցի կողմից խորքային ախտահանվում են։ Մասնավոր հատվածը սեփական տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն իրականացնում է իր միջոցների հաշվին։ Պարետի ցուցումի համապատասխան՝ բոլոր տրանսպորտային միջոցների շարժակազմերում մուտքի մոտ տեղադրված են ալկոգելեր։ Ուշադրություն է դարձվում նաև վարորդներին ու ուղևորներներին, որպեսզի նրանք լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Այդ հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը և տեսչական մարմինը՝ համագործակցելուվ նաև Երևանի քաղաքապետարանի հետ»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ իրականացված ստուգումների արդյունքում լինում են խախտումներ, սակայն դրանք շատ չեն։ Գալստյանը տեղեկացրեց, որ մայիսի 24-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել է խախտում կատարած 2 տրանսպորտային միջոց, իսկ մայիսի 25-ին՝ 3 ավտոբուս, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Ընդհանուր առմամբ՝ միջերթային ախտահանումներն իրականացնում են տրանսպորտային կազմակերպությունները իրենց միջոցներով։