Ինչու՞ ոչ ոք չի ուզում իշխանության հետ համագործակցել. Քաղաքական ցնցումների սպասելիս

Ինչու՞ ոչ ոք չի ուզում իշխանության հետ համագործակցել. Քաղաքական ցնցումների սպասելիս
Ինչու՞ ոչ ոք չի ուզում իշխանության հետ համագործակցել. Քաղաքական ցնցումների սպասելիս

Քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը բնական է համարում այն, որ այսօր ոչ մի կուսակցություն չի ցանկանում իշխող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել և պատասխանատվություն կիսել:

«Երբ իշխանությունը փլվում է և փաստացի սխալ քաղաքականություն է վարում, և դա իր արձագանքն է ստանում հասարակության մեջ, ապա շատ հասկանալի պատճառներով ոչ ոք չի ուզում այդ իշխանության հետ համագործակցել»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով՝ բոլորի համար ակնհայտ է, թե ինչ է կատարվում այսօր երկրում, և դրանից բխող իշխանությունն իսկապես բավական տխուր վիճակում է հայտնվել:

«Դաշնակցության այսօր հայտնած դիքորորշումը հասկանալի է, ինչպես նաև հասկանալի է ՕԵԿ-ի ցանկությունը, որը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից: Մարդիկ տեսնում են, որ այս իշխանություններն իրենց քաղաքականությամբ փաստորեն կտրված են հասարակությունից ու կյանքից, ոչ ոք չի ուզում պատասխանատվություն կրել հետևանքների համար»,- ասում է վերլուծաբանը:

Ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ կոալիցիայում մաս չկազմելու հարցում քաղաքական ուժերն այսօր սկզբունքայնություն են ցուցաբերում, և այստեղ խաղ չկա:

«Մասնավորապես, այդ ուժերից մեկը՝ Հայ ազգային կոնգրեսը պաշտոնապես հայտարարել է, որ չի ճանաչում գործող նախագահի և Ազգային ժողովի լեգիտիմությունը, բնականաբար դեմ է նրանց կողմից ձևավորված կառավարությանը: Դա, բնականաբար, խաղ չէ: ԲՀԿ-ն նույնպես պաշտոնապես հայտարարել է, որ կառավարությունում աշխատելու հարց իր օրակարգում չկա: Նույն ասում է նաև «Ժառանգությունը», որ չի ցանկանում կառավարության մաս կազմել: Մի քիչ ՀՅԴ-ն էր բանակցային գործընթացի մեջ մտել՝ իր հայտնի 7 կետերից բաղկացած առաջարկություններն առաջարկելով իշխանություններին, որոնց մի մասը իշխանությունների կողմից ընդունվել են: Մենք գիտենք, որ ՀՅԴ-ն ամբողջական էր ուզում այդ կետերի ընդունումը, և բնականաբար այստեղ նույնպես չկայացավ գործարքը»,- «Մեդիլաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ ոչ իշխանական չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն»  այս փուլում իրենց քաղաքականության մեջ առաջնորդվեցին այն կետերով, որոնք նախօրոք նշել էին,  այսինքն՝ իրենց նախօրոք նշած ծրագրից շեղում չունեցան:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Արմեն Բադալյանի խոսքով, ՕԵԿ-ը՝ որպես քաղաքական ուժ, դե ֆակտո գոյություն չունի 2008 թվականի նախագահական ընտրություններից և մարտի 1-ի դեպքերից հետո, երբ իր ընտրազանգվածի ձայները փոխանակեց ընդամենը մեկ պաշտոնի հետ:

«Միայն ամերիկյան ֆիլմերում է, որ մահացածները վերակենդանանում են: Հասարակական կյանքում այդպիսի բաներ տեղի չեն ունենում»,- ասում է նա:

Քաղաքական վերլուծաբան, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նույնպես արձանագրում է, որ քաղաքական ուժերը շատ լավ գիտեն, թե ինչ մարտահրավերներ կան այսօր և ինչ խնդիրներ պետք է լուծի ձևավորվելիք կառավարությունը:

Խնդիրներից առաջինը, որի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը, տնտեսական աճի ապահովումն է: Դա ապահովելու համար, Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ներքին բարեփոխումների կարիք կա, ինչպես նաև լուրջ արտաքին ներդրումներ բերելու խնդիր կա այն դեպքում, երբ դա ապահովելու խողովակներից շատերը փակվել են:

Երկրորդ խնդիրն, ըստ նրա, բարեփոխումների շարունակականության ապահովումն է, որը նույնպես կապված է արտաքին ֆինանսավորման ու ներքին գործընթացների հետ: Դրանից բխող նաև Մաքսային միությանը միանալու դեպքում մոտ 900 ապրանքատեսակների թանկացման խնդիրն է: Երրորդ խնդիրը, ինչի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը, հասարակության վստահության վերականգնում է:

«Այս կառավարության մեջ լինել, նշանակում է պատասխանատվություն ստանձնել այդ բոլոր ցնցումների համար: Բացի այն, որ չափազանց օդիոզ կերպար է նշանակվել վարչապետ, որի պարագայում շատ դժվար է խոսել հասարակության վստահության մասին, նաև լուրջ մարտահրավերներ են ստեղծվել, և որևէ քաղաքական ուժ չի ցանկանա պատասխանատվություն ստանձնել»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ վերլուծաբանի, հաշվի առնելով, որ չափազանց բարդ պատկեր է ստեղծվել Հայաստանում, որը չի կարողանալու օգնել լուծելու արտաքին քաղաքական խնդիրները, չի բացառվում, որ, օրինակ, կառավարության հրաժարականին հաջորդի մեկ այլ ֆորս մաժորային երևույթ, ինպիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Սակայն վերլուծաբանը գրեթե բացառում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են պարտադրել ոչ իշխանական ուժերը:

«Չեմ կարծում, որ կոալիցիայից դուրս գտնվող ուժերը բոլորն այդ խնդիրը միասնական կդնեն, որովհետև դա նաև այս չափազանց խոցելի իրավիճակում լուրջ մարտահրավեր է»,- ասում է նա:

Ըստ Սաֆարյանի՝ կյանքը ցույց տվեց, որ առավելագունը, որի շուրջ ոչ իշխանական ուժերը կարող են գալ համաձայնության, դա կառավարության հրաժարականի խնդիրն է, իսկ նախագահի հրաժարականի կամ խորհրդարանի արձակման պահանջ այդպես էլ հնարավոր չեղավ ձևավորել:

Հետևաբար վերլուծաբանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ կնդնեն ոչ թե այդ ուժերը, այլ ավելի շուտ երկրի արտաքին խնդիրների անլուծելիությունը և բարդությունը կարող են հանգեցնել այդ իրավիճակին:

Ստյոպա Սաֆարյանը նոր ձևավորվող կառավարությունը մատաղի ուլի հետ է համեմատում՝ նշելով, որ եթե մի կառավարություն իր ձևավորման օրվանից ավելի շատ հակառակորդներ է ունենում, քան կողմնակիցներ, նրան կարճ կյանք է սպասվում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը», հայտարարել են, որ հրաժարվում են կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ և պաշտոններ զբաղեցնել կառավարությունում, իսկ ՕԵԿ-ը երեկ հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից:

Հարցին, թե արդյո՞ք վատ վիճակում չի հայտնվում ՀՀԿ-ն այս պայմաններում, ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը պատասխանում է, որ քաղաքականության մեջ հատկապես իշխող ուժի համար վատ վիճակում հայտնվելը համընդհանուր կատեգորիա չէ:

«Միայն դրանով չէ, որ վատ վիճակում են հայտնվում, երբ որ պաշտոնական տվյալներով 300 հազար մարդ է երկրից արտագաղթում, նրանք դրանից վատ չեն զգում, եթե Հայաստանում առկա մենաշնորհների պարագայում նրանք վատ չեն զգում, հավատացեք կոալիցիա ձևովորելու հարցում նրանք վատ չեն զգում: Ինչո՞ւ, որովհետև զուտ կառավարչական տեսակետից ՀՀԿ-ն խնդիրներ չի ունենում, նրանք Ազգային ժողովում ունեն 72 ձայն: Այդ ձայներն ամբողջովին հերիք են ինչպես կառավարության, այնպես էլ իրենց անհրաժեշտ օրենքներն անցկացնելու համար»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

© Medialab.am